image
Հրատապ լուրեր:

«Գարուն» ամսագիրը 50 տարեկան է

«Գարուն» ամսագիրը 50 տարեկան է

Աշոտ Գաբրիելյան. «Գարունի» գլխավոր խմբագիր-«Գարունն» այսօր 50 տարեկան է: Շնորհավոր բոլոր գարունականներին, որոնք, անկախ ամեն ինչից, շարունակում եմ կյանքը լիաշունչ դարձնել և որտեղ էլ լինեն, իրենց մեջ կրում են «Գարունի» երիտասարդությունն ու համարձակությունը:

 

(Անդրանիկ համարի խմբագրականից)

 
Մենք չուզեցինք տոնական համար հրատարակել՝ լցված փաղաքուշ ողջույններով, քաղցր-մեղցր ակնարկներով, վարդագույն հերոսներով, եթերային ոտանավորներով և շինծու ռեպորտաժներով: Մենք շարքային, առօրյա համարով ենք ուզում սկսել մեր կենսագրությունը, առաջին իսկ ամսից ուզում ենք խորանալ երիտասարդության ոչ թե հնարովի, այլ իրական պրոբլեմների մեջ, որոնել կյանքի չերևացող երակներ, մոտենալ այրող հարցերի, չշտապել բոլոր հարցերի համար ձևակերպելու մաշված պատասխաններ:
Մեր ակնարկների, պատմվածքների, հոդվածների, ռեպորտաժների համար հերոսներ կորոնենք նրանց մեջ, ովքեր կյանքին չեն նայում ձանձրացած տուրիստի գունավոր ակնոցի միջից, այլ ապրում են կյանքով, գործով, ժամանակով: Նրանց, ում հայացքը եթե անհասկանալի, անորոշ է թվում, ապա ոչ թե մտքերի, հոգսերի ամայությունից, այլ դրանց խտությունից: Մենք չենք հավատում անսխալականների գոյությանը, որոնք ամեն ինչ անում են մարդ-մեքենայի նման, որոնք նախապես գիտեն աշխարհի բոլոր հարցերի պատասխանները. որոնք տխրում են, ուրախանում, հոգնում են կամ կասկածում՝ համապատասխան չափով: Մենք ամենից առաջ հավատում ենք նրանց, որոնք եթե սայթաքում են, ապա միայն դժվար վերելքների, անհայտի որոնման ճանապարհներին: 
Մեր ամսագրի բանալին մենք այսօրվանից հանձնում ենք տաղանդավոր ստեղծագործություններին, որոնց մեջ մեր դարի, մեր օրերի վեհությունն են, տագնապները, հաստատականներն ու հարցականները: Մենք կուզենանք ու կպայքարենք, որ այդ բաց դռներով անգամ չկարողանան ամսագիր թափանցել ժամանակավրեպ, անհույզ և անմիտ գործեր, որոնց հեղինակները հաճախ այն միամիտ «գյուտարարներին» են նման, որոնք 20-րդ դարի երկրորդ կեսին հեծանիվ են հայտնագործում:
Ի՜նչ ենք երազում:
Ամենից առաջ, որ դուք ծայրից ծայր կարդաք մեր ամսագիրը: Կարդաք և ձեզ չլքի այն զգացումը, որ աշխարհում 20-րդ դարի երկրորդ կեսն է, որ փոխվել, բարդացել, բազմածալ է դարձել Հայաստան կոչվող երկրի և հայ կոչվող ժողովրդի ու նրա երիտասարդության կյանքը, բնավորությունը: 
Մեր ամսագրին վիճակված է ընթերցողներից լավագույնը: 16-17 տարեկանը նոր-նոր փորձում է հասկանալ աշխարհի ու ժամանակի բարդությունը, հասկանալ ինքն իրեն, սիրում ու հուսահատվում է՝ իր մեջ ունենալով Համլետի հոգու մի մասնիկը, ներքին բոլոր իմպուլսներով պատրաստ է ամենախելագար սխրանքների: 16-17 տարիքը մեր ելման կետն է, որ հասնում է մինչև 30-33, գուցե նաև 40 տարի, որովհետև այդ տարիքից հետո ոչ ոք չի ուզում մեծանալ: Այս տարիքում գտնված են շատ հարցերի պատասխանները, գտնված է տեղը կյանքում, հոգին ավելի քիչ է պատրաստ խելահեղ քայլերի: Մեր ընթերցողների հետ մենք պիտի անցնենք այս ճանապարհը՝ 16-40. և պիտի անցնենք ոչ թե տարիների ընթացքում, այլ յուրաքանչյուր համարի մեջ: Դա բարդ է, երբեմն անհնար, բայց մենք կփորձենք, կորոնենք:
Այս զգացումով՝ խստապահանջ սիրո զգացումով է, որ կուզենանք կարդաք մեր առաջին համարը և բոլոր եկող համարները: