image
Հրատապ լուրեր:

Ինչ բիզնեսներ ունեն եզդիները` Հայաստանում

Ինչ բիզնեսներ ունեն եզդիները` Հայաստանում

«Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին գրում է. «Այսօր Հայաստանում բնակվում է ավելի քան 40 հազար եզդի: Եզդիներն ապրում են երկրի տարբեր մարզերում: Կոմպակտ բնակվում են Արմավիրի, Արագածոտնի, Արարատի մարզերում: Երևանում բնակվում է ավելի քան 7 հազար եզդի: Հայաստանի նման փոքր երկրում եզդիների թիվը այդքան էլ փոքր չէ:

Այսօր լրատվամիջոցներով եզդիների կյանքը նկարագրող ցանկացած հոդված սկսում է այն բանով, որ եզդիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ կամ հողագործությամբ: Թվում է, թե հենց այս է պատճառը, որ եզդիները Հայաստանում չունեն ազգային կրթարաններ և մշակույթի կենտրոններ, ինչպես օրինակ ունի հայկական համայնքը, կամ հրեական համայնքը՝ աշխարհի տարբեր երկրներում: Դժվար է պատկերացնել միայն անասնապահությամբ և հողագործությամբ զբաղվով ժողովրդի, որը նաև ունի ազգային կրթարաններ: Իսկ արդյո՞ք եզդիները Հայաստանում միայն անասնապահությամբ և հողագործությամբ են զբաղվում:

Մի փոքր ուսումնասիրելու դեպքում պարզվում է, որ դա վաղուց իրականությանը չի համապատասխանում և եզդիները Հայաստանի տնեսության մեջ բավական զգալի չափաբաժին ունեն: Միայն այն գործարարներին, որ ինքս գիտեմ, բավական է պատկերացնելու համար, որ եզդի համայնքը լայն ֆինանսական միջոցներ ունի իրականում: Իսկ ի՞նչ բիզնեսներ ունեն Հայաստանում եզդիները: Փորձեմ ներկայացնել, իհարկե առանց սեփականատերերի անունները հրապարակելու:

Միայն Երևան քաղաքում եզդի գործարարները ունեն 20 ռեստորան, որոնցից են «Al Sahadin» և «Արևելյան խոհանոցը»: Եզդի գործարարների է պատկանում «Էվրիկա», «Արև» և «Միր» սուպերմակետները, եզդի համայնքի ներկայացուցիչները Երևանում ունեն 5 տուրիստական գործակալություն, տաքսի ծառայություն «Շամս», միջազգային բեռնափոխադրում իրականացնող 10 ընկերություն, «Սվարովսկի» զարդերի պաշտոնական ներկայացուցչությունը Հայաստանում, «Ալպեն Գոլդ», «Գալինա Բլանկա», «Դիրոլ» ապրանքանիշների պաշտոնական ներկայացուցչությունը, էլիտար հագուստի 7 բուտիկ Երևանում, առևտրի կենտրոն Հրազդան քաղաքում: Միայն այս պատկերը բավական  է հասկանալու համար, թե համայնքը ինչ միջոցներ ունի: Մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ պետությունը չի օգնում մեր համայնքին այս կամ այն խնդիրները լուծել, իսկ ինչ ենք անում ինքներս մեր համայնքի խնդիրները լուծելու համար: Արդյոք այս միջոցների որոշակի հատված գնում է համայնքի զարգացման համար:

Հ.Գ. Եթե այս ամենին գումարենք Հայաստանում ծնված և Հայաստանից դուրս մեծ հաջողությունների հասած եզդի գործարարներին, ովքեր ի դեպ այստեղ նաև հարազատներ ունեն, ապա հասկանալի կլինի, որ եզդի համայնքի տնտեսական կարողությունը բավական պատկառելի է»: