image

Դանիել Վարուժանի դուստրը. Լուսանկարներ

Դանիել Վարուժանի դուստրը. Լուսանկարներ

Սեյրան Գրիգորյան-գրականագետ

 

 

 

 

Դրամատիկ սիրավեպից հետո Դանիել Վարուժանը 1910 թ. օգոստոսի 15-ին ամուսնանում է իր երբեմնի աշակերտուհու` Արաքսի Թաշճյանի հետ։
1911 թ. հունիսի 6-ին Բրգնիկում ծնվում է նրանց առաջին զավակը, որին անվանակոչում են Վերոնիկա (Վերոնիք, Վերոն)։ Ճիշտ է, երիտասարդ հայրը սիրում էր դստրիկին Վարուժնակ կոչել և հաջորդ տարի նրան է ձոնել «Վարուժնակիս» չքնաղ բանաստեղծությունը։ Սրա մասին Հակոբ Օշականն ասում է, թե պետք է կարդալ այն` հասկանալու համար, թե ինչ է հայրությունը։
Հոր մահից հետո Վերոնիկան մոր և երկու եղբայրների հետ հեռացել է Պոլսից։ Մի որոշ ժամանակ սովորել է Շվեյցարիայում, իսկ 1930-ական թթ. ընտանիքի հետ հաստատվել Նյու Յորքում։ Ամուսնացել է արվեստագետ Ժոզեֆ Սաֆրասյանի հետ և մնացած ամբողջ կյանքը ապրել Նյու Յորքում։
Մինչև հանգստի կոչվելը (1982) Վերոնիկա Վարուժան-Սաֆրասյանը աշխատել է Մանհեթենի «Rizzoli» և «Doubleday» աշխարհահռչակ գրախանութներում։ Միշտ հիշել է իր հայկական ծագումը և մասնակցել ամեն տարի ապրիլի 24-ին անցկացվող նյույորքյան ցույցերին։ Ունեցել է մեկ դուստր` Ռոննի Սաֆրասյան (ծնվել է 1944 թ., չճշտված տվյալներով բնակվում է Լաս Վեգասում)։

 


...Մխիթարանքի նման երկար տևեց Վարուժանի երեք զավակների կյանքը։ Ավագ որդին` Արմենը, ապրեց 83 տարի (մահացել և թաղվել է Հավայան կղզիների Հոնոլուլու քաղաքում 1995 թ.)։ Փոքր որդին` հոր մահվան օրը Պոլսում ծնված Հայկը, 2002 թ. 87 տարեկանում վախճանվեց և թաղվեց Ֆրեզնոյում։

 

 


 

Եվ դարձյալ հոր չապրած կյանքը Աստված ամենաշատը բաշխեց սիրելի դստերը։ Դանիել Վարուժանի Վարուժնակը` Վերոնիկա Վարուժան-Սաֆրասյանը, ապրեց մոտ 98 տարի։ Նա իր մահկանացուն կնքեց 2009 թվականի փետրվարի 25-ին Նյու Յորքի նահանգի Պարդիս (Purdys) քաղաքում։ Վերոնիկայի աճյունն ամփոփված է մերձակա Մահոպակ քաղաքի գերեզմանատանը։