image

«Դիշ Քիրասի». Ուրախ քեֆ Արարատի փեշերին

«Դիշ Քիրասի». Ուրախ քեֆ Արարատի փեշերին

Վանուհի Թովմասյան

 


Չեմ հիշում` ասե՞լ էի ձեզ, որ մեզ հետ Արևմտյան Հայաստան մեկնողների մեջ երկու սփյուռքահայ կար՝ Յովհաննէս Խօշեանը (Տես՝ Պավլե «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմից) և Վարուժ Չիլինկիրեանը։

 

 

Յովհաննէս Խօշեան եւ Վարուժ Չիլինկիրեան


Չնայած, Վարուժի համար թերևս սխալ է ասել՝ մեզ հետ էր, մենք էինք նրա հետ, քանզի ճամփորդության մեկնարկը նա էր տվել։
Ամեն դեպքում դա կարևոր չէ․ ինչի մեկնարկ էլ տա Սփյուռքը մեկ է՝ կարևորը և աշխարհի միակ կենտրոնը մե՛նք հայաստանցիներս ենք։
Արդյոք մեր կարևորության անվիճելի փաստից ելնելո՞վ, թե՞ Վարուժը վստահաբար գիտեր, որ վերջ առաջ հայաստանցու որկորի «ջառմեն» Սփյուռքն է քաշելու, ուստի հենց առաջին պահից գիդից անընդհատ հարցնում էր, թե որտեղից է կարելի մատաղացու ոչխար գնել։
Լրիվ ավելորդ հարցադրում, քանի որ մեր Էրգրում այժմ վխտում են ամեն «ջուռայի» ոչխարներ։
Անհամբեր սպասումով հույս էի փայփայում, որ կառաջնորդվենք մալյանական սցենարով՝ առևանգելով որևէ Մեհմետ-Ռևազի ոչխար, և մեր Օթելլո Խօշեանը հանելով իր դաշնակցական դաշույնը գեղարվեստորեն կարտասաներ․ «Մի անգամ Հալեպո՜ւմ, Հալեպո՜ւմ, 50 տաջիկ ծեծում էին մի վենետիկցու և հայհոյում իմ ազգը, ես բռնեցի այդ թլպատված շան կոկորդը և կտրեցի՝ ահա այսպե՜ս» ու սրախողխող կաներ մատաղացուն և Աստված կընդուներ զոհողությունը:
Բայց արի ու տես, որ սցենարը զարգացավ զուտ կամսարյան սարկազմով։
Այն է․ «Մինչև այսօր պատմության մեջ իբրև ամենաաղաղակող անարդարություն հայտնի է «դիշ քիրասի» կոչված տուրքը, որ «ատամնավարձ» ըսել է։
Ի՞նչ է «դիշ քիրասի»։
Տաճկաստանին մեջ, քյուրդերը, երբ հայի մը տուն կերուխումի կերթային, ճաշեն վերջ կպահանջեին, որ հյուրըկալը վճարի նաև իր ատամներու և այն էներգիայի վարձը, որ կորսնցուցած էր ծամելու ատեն քյուրդը։
Կտեսնե՞ք, ինչքան զիջողություն։ Քյուրդը չի պահանջեր կերածը մարսելու վարձք, այլ միայն ու միայն ծամելու»։
Այսպես ուրեմն, քանի որ, «անարդարությունը քարացած երևույթ չէ և էվոլյուցիայի ենթակա, մնացյալ բոլոր երևույթներու օրինակով», մենք ուխտագնացության ավարտին, չմոռանալով Էրզրումում գնել մանղալ, հասանք ալեհեր Արարատի փեշերը, ուր մեզ էր սպասում մեր գումարով գնած տարաբախտ նոխազը։
Մեր Բիբլիական սարի ստորոտին, մեր տան մեջ՝ որն այլևս քրդերինն էր, մեր մանղալով, մեր Օթելլոյով, մեր եփել-թափելով, մեր Վարուժը մատուցանեց իր զոհը առ մեր Աստված և քրիստոնեական հավատամք։ Իհարկե չմոռացանք վճարել նաև «դիշ քիրասին» մեզ հյուրընկալած քուրդ ընտանիքին...



Մեզ հյուրընկալած քուրդ ընտանիքը

 
Ընդունելի լինի մատաղդ և Քրիստոսի օրհնանքը հավերժ պահպանի քեզ, սիրելի Վարուժ Չիլինկիրեան․․․


(շարունակելի)

Հ․Գ․ Մոռացա ասել.  քանի որ Յովհաննէսն ու Վարուժը մուսալեռցիներ են՝ ըստ իրենց ավանդույթի մեզ կերցրեցին թարթարի պրտուճներ՝ մատաղացու գառի հում փորոտիքը սոխով, սև պղպեղով։ Համեղ էր։

 


Հ․Գ․ Մեկնելու պահին մեր տղաները փորձեցին հարբեցնել քուրդ տանտիրոջ կրտսեր որդուն։
Կտրուկ հրաժարվելով նա ասաց․
- Ուզում եք խմեմ ջհաննամի բաժի՞ն դառնամ հանդերձյալում՝ երբե՛ք։
- Ա՛յ լամուկ, Ալլահ ագբարդ մեր հաշվին արդեն արժանացրել է քեզ չնաշխարհիկ Ջեննեթին, հիմա այլևս արխային խմիր::