image

Նկարչուհին փնտրում է որդուն. «Ու՞ր ես իմ լույս, իմ քաղցր, իմ արև»

Նկարչուհին փնտրում է որդուն. «Ու՞ր ես իմ լույս, իմ քաղցր, իմ արև»

Նկարչուհի, արվեստագետ Գայանե Ղարդյանն ու նրա ընտանիքը հոկտեմբերի 1-ից լուր չունեն պատերազմի օրերին  Արցախում գտնված իրենց որդուց՝ ժամկետային զինծառայող Սողոմոն Վարդանյանից: Նկարչուհին հուզիչ գրառում է կատարել. 

 


 

Ու՞ր ես իմ լույս, իմ քաղցր, իմ արև, ո՞ր սարում, ո՞ր ձորում, ո՞ր ծերպում, անտառու՞մ ես, ուր թշնամին կրակ էր թափում, անկլավու՞մ ես՝ թուրքով շրջապատված, թե մնացել ես գրավված տարածքում, գերի՞ ես, մենա՞կ ես, թե ընկերներիդ հետ, վիրավո՞ր ես, քնա՞ծ ես, թե արթուն, ծարա՞վ չես, ծունկդ մի կերպ լավանում էր, հո չի՞ ցավում, քիթդ հո չի՞ փակվել էլի, շնչառությունդ ո՞նց ա, ու՞ր ես, իմ քաջ, իմ ազնիվ, իմ ուրախություն։ Չգիտե՞ս որ չեմ ուզի ապրել առանց քեզ։

Աստված իմ, Տեր, ես եմ բերել պատերազմը, ներիր ինձ, բեր իմ որդուն, իմ, Հիսուսի տղային, աղաչում եմ, բեր, հավատում եմ, որ քեզ համար անկարելի ու անհնարին ոչինչ չկա, չէ՞ որ դու ես Արարիչը՝ Հա՛յր աստված, չէ՞ որ դու ես Փրկիչը՝ Տեր իմ պաշտելի, Հիսու՛ս Քրիստոս, Մխիթարիչը՝ Սուրբ Հոգի՛դ Աստված։

Ընկեր-ծանոթ-ֆռենդ-բարեկամ, դուք էլ եք մեղավոր, որ իմ տղան չեկավ մինչև հիմա, տղայիս մա՞հը ուզեցիք, անտարբեր եղաք, չմաղթեցիք, որ գա, դու՛ք, որ զինվորի նկարներ էիք փոստում ձեր էջերում, իմ տղան էլ ա զինվոր, էն էլ ի՜նչ քաջ ու ազնիվ զինվոր, ինչու՞ չեք մաղթում, որ գտնվի տղաս, ինչու՞ չեք աղոթում, հավատացյալ-քրիստոնյաներ, աթեիստ-հեթանոսներ, բոլոր-բոլորդ. Հեշտ ա չէ՞ անծանոթ զինվորի սիրել, մեռնեմ ջանիդ ասել, ինչու՞ սրտանց չեք մաղթում, կամենում, որ իմ տղան գա։

Դեռ սպասում եմ, խոսում, քննարկում, հաց ուտում, ջուր խմում, գրում եմ, որ փոստեմ, մեկ-մեկ նույնիսկ ուտելիք եմ սարքում-եփում, որ Կամոն չկոտորվի, որ Շողան մի բան ուտի, տաք ու փափուկ բան եմ վերցնում ուտում, աղոթում եմ, ծիծաղելիս, մտնում եմ տաք անկողին ու քնում տաք-տաք, իսկ իմ տղան 48 օր քարերին ա քնում, իմ տղան մրսում ա, իմ տղան առո՞ղջ ա, իմ տղան ու՞ր ա։
Իմ տղան հոկտեմբերի մեկին զանգեց, ասաց՝ ո՞նց ես մայրիկ, լա՞վ ես։
Չունենայիր իմ պես մայրիկ, բալես, իմ պես տգետ մայրիկ, որ չգիտեի, որ կարող ա պատերազմ սկսվի շուտով. իսկ դու գիտեիր, իմ առաքինի, գիտեիր ու չէիր ասում, դու տենց հայացքով էիր ինձ նայում բաժանվելիս, երբ վերջին անգամ եկանք քեզ տեսնելու, ու էլի բան չհասկացա։

Դու ուզում էիր հիվանդանոցում պառկել, քանի որ խնդիրներ ունեիր, իսկ բուժկետում քեզ անտեսում էին, իսկ ես քնած էի, մեղադրե՛ք ինձ, ասե՛ք, էլ ինչ ես ուզում, հենա դու ես մեղավոր, ապուշի մեկն ես եղել, մենք ինչ մեղավոր ենք, որ մեղադրում ես մեզ։ Իսկ դուք ասեիք հիմարիս, որ պատերազմն անխուսափլի ա, որ այսօր, վաղը, մյուս օրը, երբ ուզես, կարող ա սկսվել։
Պատերազմ էլ կա, պատերազմ էլ, ո՞վ ա տեսել դժոխքի դռները բացվեն ու դժոխքն արձակվի տղայիդ վրա, գառնուկիդ վրա, լույսիդ վրա։
Ես թշնամու զինվորի մահով չեմ ուրախացել, վարձկանի մահով չեմ ուրախացել...

Չհուզվեք, Աստված սիրեք։


 

Տեսանյութում նվագում է Սողոմոն Վարդանյանը