Իր հավաքածուով աշխարհի եզակի թանգարաններից մեկը համարվող Լիսաբոնի «Գալուստ Գյուլբենկյան» թանգարանը հունիսի 29-ին իր գորգերի հավաքածուից ցուցադրության է ներկայացնելու «Գում Գափու» հռչակավոր գորգերը (Kum Kapi rugs), որոնցից երեքը «Գում Գափու» գորգի ամենահայտնի մասնագետ Հակոբ Գափուջյանի (1870-1946) գործերն են:
Հնագույն արևելյան նախշազարդերով հյուսված Օսմանյան կայսրության շրջանի «Գում Գափու» մետաքսյա գորգերը կայսերական գանձարանների և պալատական հարստությունների մաս են կազմել, իսկ նրանց հյուսողներն ավանդաբար հայեր են եղել: Գալուստ Գյուլբենկյանի հավաքածուում ցուցադրվելու են նաև հայ աղջիկների գործած նույնանուն գորգեր: Այսօր էլ, աշխարհում «Գում Գափու» անունը կրող գորգի տարածման առթիվ նշվում է հայ վարպետ Հակոբ Գափուջյանի բերած ավանդույթը:
Հակոբ Գափուջյան, 1918, Կոստանդնուպոլիս
Լիսաբանի «Գալուստ Գյուլբենկյան» թանգարանում պահվող գորգերը մյուս գանձերի հետ իր ամբողջ կյանքի ընթացքում հավաքել է հայտնի գործարար Գալուստ Գյուլբենկյանը: Թանգարանում պահվում է 6,400 գործ, որոնց մեջ առանձնահատուկ տեղ ունեն ձեռագործ գորգերը: Գյուլբենկյանն իր բազում ճանապարհորդությունների ժամանակ արվեստի հանդեպ բացառիկ սիրո շնորհիվ գնել է գեղանկարչական գլուխգործոցներ (Ռուբենս, Ռեմբրանդտ, Դիրկ Բոուտս և այլն), արևմտաեվրոպական կահույքի և 18-րդ դարի դեկորատիվ-կիրառական առարկաներ, միջնադարյան ձեռագրեր, կովկասյան և պարսկական գորգեր, Ռենե Լալիկի կողմից զարդարված հավաքածուներ, հին Եգիպտոսի և Միջագետքի հուշարձաններ, կերամիկա, նաև՝ հայկական մշակութային գործեր։ 6000 ավելի արվեստի նմուշներից թանգարանում մշտապես ցուցադրվում է մոտ 1000-ը: «Գում Գափու» գորգերը նույնպես համարվում են թանգարանի չցուցադրված և այցելուներին ոչ այնքան հայտնի իրերից:
Գալուստ Գյուլբենկյանը՝ ապագա «Պարոն 5%»-ը` 20 տարեկանում
Հունիսի 29-ին նախատեսված ցուցահանդեսն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել գորգարվեստի աշխարհում: Նրան անդրադարձել են մասնագիտացված լրատվամիջոցներ, ինչպես Hali-n և այլ ամսագրեր ու կայքեր: Նշվում է, որ անցնող դարերի նավթային պաշարների հայ տիրակալի անունը կրող թանգարանում նրան պատկանած գորգերի առաջիկա ցուցադրությունը ի հայտ է բերելու Գալուստ Գյուլբենկյանի կյանքի պատմությունն ու նրա սերը ձեռագործ ու հազվագյուտ իրերի հանդեպ: Ցուցահանդեսը միավորելու է երկու տարբեր ժամանակաշրջաններ. հնաոճ գորգերի կողքին ցուցադրվելու են նաև մերօրյա հայ նկարիչ Մխիթար Կարապետյանի (Mekhitar Garabedian) ավանգարդ գործերը, որոնք հանրահռչակում են հայոց այբուբենը:
Ցուցահանդեսի առթիվ դասախոսություն է ունենալու սփյուռքահայ գրող և պատմաբան Տիգրան Գույումջյանը՝ «Հայերը և գորգարվեստը. երեք հազարամյակի ավյուն» վերնագրով: «Գում Գափու» գորգերի ցուցադրությունը Պորտուգալիայի մայրաքաղաքում գործելու է մինչև սեպտեմբեր:
Պատրաստեց՝ «Արևելքը»