image

Հայերը հարկ են վճարում «Իսլամական պետության» զինյալներին. տեղեկություններ անմիջապես Ռաքքայից

Հայերը հարկ են վճարում «Իսլամական պետության» զինյալներին. տեղեկություններ անմիջապես Ռաքքայից

Սիրիայի  Ռաքքա  (Ալ Ռաքքա) քաղաքում, որը համարվում է  «Իսլամական պետության» կենտրոնատեղին,  5-6 հայ ընտանիք է ապրում: Նրանք   բնիկներ  են, եւ տեղացիների լեզվով կոչվում են   «հայ քրդեր»: «Արեւելքը» Ռաքքայում ապրող հայ ընտանիքների մասին տեղեկություններ ստացավ հենց ընտանիքներից մեկի երիտասարդ անդամից, որը զգուշացավ ներկայանալ, բայց  մանրամասներ ներկայացրեց Ռաքքայի ներկայի իրավիճակից:  

Մեր հայրենակիցը, որ ի դեպ, խոսում է մաքուր հայերենով, նշեց, որ  բացի մշտական ապրող այդ 5-6 հայ ընտանիքներից,  նաեւ  Սիրիայի    տարբեր շրջաններից  են բազմաթիվ հայեր գալիս Ռաքքա` աշխատելու նպատակով: Հակառակ երկրում տիրող պատերազմական իրավիճակին, նրանց հաջողվում է դրամ վաստակել «Իսլամական պետության» կենտրոնատեղի համարվող քաղաքում: Հայերը, ինչպես նշեց մեր զրուցակիցը,  այնտեղ զբաղվում են մեքենաների   եւ սարքերի վերանորոգման աշխատանքներով: Այն հարցին, թե վտանգավո՞ր չէ ապրել անմիջապես «Իսլամական Պետության» կենտրոնատեղի-բնակավայրում, այն դեպքում, երբ ամեն օր սարսափելի լուրեր  ենք լսում զինյալների կատարած վայրագությունների մասին, մեր    զրուցակիցը պատասխանեց, որ «Իսլամական Պետությունը»  դրամական հարկ է սահմանել այն ոչ մուսուլման ընտանիքների համար, որոնք ուզում են աշխատել եւ մնալ Ռաքքայում. այդ գումարը, իրենց աշխատածից որոշ բաժին   քաղաքի «տերերին» վճարելուց բացի, ինչ-որ տեղ  նաեւ ապահովական հարկ է: «Հայերը, քաղաքի ոչ մուսուլման  մյուս բնակիչների պես նույնպես   հարկ են վճարում «Իսլամական Պետության» զինյալներին: Դրամահարկի մուծումը  օգնում է, որ համեմատաբար ապահով զգանք: Չնայած, ընդհանուր առմամբ, ապահովություն չկա:  Օրինակ վախենում ենք քաղաքի ավելի հեռու վայրերը գնալ, չգիտենք` ինչ վիճակում է քաղաքի հայկական «Սուրբ Աստվածածին» եկեղեցին, քանի որ այդ կողմերը ընդհանրապես չենք գնում, սովորաբար մեր արհեստանոցների  թաղերում ենք միայն մնում եւ աշխատում»,-նշեց մեր զրուցակիցը:   Մեր այն հարցին, թե որքա՞ն է կազմում իսլամիստներին վճարվող հայերի  հարկը, մեր զրուցակիցը չպատասխանեց, նշելով, որ ամեն մեկի համար տարբեր չափ  է սահմանված, կախված աշխատանքի եւ զբաղվածության բնույթից,  իսկ  ընդհանրապես, չափի մասին չեն բարձրաձայնում քաղաքում:   Նա նաեւ հայտնեց, որ Ռաքքայում  «Իսլամական պետությունն»  արգելել է  սիրիական թղթադրամի շրջանառությունը. առեւտուր եւ այլ գործարքներ կատարվում են թուրքական լիրայով եւ ամերիկյան դոլարով: 

«Ընդհանուր առմամբ պատերազմական իրավիճակ է: Վախի մթնոլորտ է տիրում ամենուր, չգիտենք, թե վաղը, մյուս օրը ինչ կլինի»,-նշեց մեր զրուցակիցը, ավելացնելով, որ Ռաքքայում ժամանակին շատ հայ է ապրել, նրանք հեռացել են պատերազմի պատճառով, իսկ «Իսլամական պետությունը» բոլոր հայերի տների վրա հատուկ նշան է դրել,  այնուհետեւ մտել  եւ գրավել է այդ տները: «Բոլոր հայերի տներն այսօր գտնվում են զինյալների տիրապետության տակ»,- նշեց մեր հայ զրուցակիցը:

Հարցին, թե ինչպե՞ս են ջրի եւ էլեկտրականության հարցերը քաղաքում, մեր զրուցակիցը պատասխանեց.  «Ռաքքայում էլեկտրականություն  եւ ջուր միշտ կա, ինչպես նաեւ Ինտերնետ, որի գիծը գալիս է  Թուրքիայից»:  

Անդրադառնալով    վերջին օրերի   զարգացումներին`  ռաքքահայ մեր զրուցակիցը նշեց, որ   քաղաքն ուղղակի ցնցվել է      ռուսական   օդուժի    ծանր հարվածներից, որոնք ուղղվել են անմիջապես զինյալների   դիրքերին, տասնյակ   զոհեր կան: