image
Հրատապ լուրեր:

«Մենք ջանք չենք խնայելու, որ Արսենի կյանքը փրկվի». Սեւակ Արծրունի

«Մենք ջանք չենք խնայելու, որ Արսենի կյանքը փրկվի». Սեւակ Արծրունի

Հարցազրույց Արսեն Արծրունու եղբոր՝ գործարար, հասարակական գործիչ Սեւակ Արծրունու հետ


-Անցյալ տարեվերջին Արսեն Արծրունու հարազատները ահազանգ հնչեցրին, որ բանտարկության մեջ գտնվող Արսենի առողջական վիճակը վատ է, եւ նրան բանտային պայմաններից դուրս բուժում է անհրաժեշտ: Բավական ժամանակ է անցել այդ ահազանգից, սակայն Արսենը դեռ անազատության մեջ է: Ինչպե՞ս է նրա առողջական վիճակն այսօր:


-Արսենը տառապում է վահանաձեւ գեղձի բարդ հիվանդությամբ, որը, դժբախտաբար, բանտային պայմաններում եւ առանց երկարաժամկետ, հետեւողական խնամքի եւ բժշկական լուրջ միջմտության, չի կարող բուժվել: Արսենի առողջական վիճակը դանդաղ, բայց շարունակական կերպով վատանում է, իր հիվանդության ախտանիշները գնալով սրվում ու բազմանում են: Սակայն մեզ ավելի շատ  անհանգստացնում է այն փաստը, որ Արսենի հիվանդության իսկական ախտորոշում մենք մինչեւ հիմա չունենք:  Ժամանակը ցույց տվեց, դժբախտաբար, որ  «Նաիրի» հիվանդանոցում անցկացված հապճեպ հետազոտությունները բոլորովին էլ սպառիչ չէին՝ քննությունների եւ այդ քննությունների արդյունքների բավարար ուսումնասիրման իմաստով: Մենք այսօր գիտենք, որ դժբախտաբար Արսենը վահանաձեւ գեղձի հատվածում ունի առնվազն մեկ ուռուցք, որի չարորակ լինելու հավանականությունը բարձր են գնահատում բժիշկները: Այսինքն Արսենին հետազոտել է պետք, նրան բժշկել է պետք, նրան կենցաղային համապատասխան պայմանների ապահովում է պետք: Իսկ այդ ամենը Հայաստանում քրեակատարողական հիմնարկները եւ արդարադատության ամբողջ համակարգը դժվար թե կարողանան ապահովել: Մինչդեռ Արսենը Լիբանանի քաղաքացի է եւ կարող է իր ծննդավայրում ստանալ համապատասխան բուժում:

 

- Դատական նիստերը ի՞նչ արդյունք ունեցան:


-Հարազատների բարձրացրած աղմուկի եւ այդ աղմուկի ստեղծած հասարակական անհանգստության պայմաններում Քրեական վերաքննիչ դատարանը լուրջ նայում է գործի բոլոր հանգամանքները: Մինչդեռ Առաջին ատյանի դատարանն ու նրանից առաջ վաղաժամկետ ազատման գործերով զբաղվող հատուկ անկախ հանձնաժողովը, կարճ ասած, արհամարհել են գործը ոչ միայն արդարության, բարոյականության տեսակետից, այլ  նաեւ՝ դատավարական նորմերի իմաստով: Մենք հանդիպում ենք դատական իրավունքի կոպիտ խախտումների, որոնց նկատմամբ, համոզված ենք, Վերաքննիչ դատարանը մարտի 20-ի դատավարության եւ վճիռի ընդունման ժամանակ լուրջ վերաբերմունք է ցուցաբերելու: Արսենի իրավաբանները հանձնաժողովին եւ Առաջին ատյանի դատարանին ներկայացրել են մոտ երեք հարյուր էջ նյութ. այդ նյութերը ապացուցում են, որ Արսենը ոչ միայն ուղղվել է, այլ նույնիսկ այսօր կարող է օգտակար լինել այլ դատապարտյալների՝ հոգեբանական ուղղվածության հասնելու հարցում: Սակայն այդ թղթածրարը դատարանում կորել է: Մի պարզ տրամաբանություն գոյություն ունի, մի դատական գործում, երբ ապացույցների փաթեթը կորում է եւ արդյունքում դատական վճիռը հրապարակվում է այդ ապացույցների բացակայության պայմաններում, այդ դատն ու վճիռը չեն կարող արդար համարվել:

  

-Դուք դիմել էիք նաեւ իրավապահ մարմիններին, ի՞նչ արձագանք ունեցան այդ դիմում-նամակները:


-Հարազատները դիմել են նախեւառաջ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, հայտարարելով, որ Արսենի ճակատագրի ամբողջ պատասխանատվությունը ծանրանում է անձամբ նախարարի ուսերին: Այսօր իրավիճակը նույնն է: ՀՀ Արդարադատությունը եւ նրա ղեկավար Դավիթ Հարությունյանը անհասկանալիորեն շարունակում են անտեսել Արսեն Արծրունու կյանքին սպառնացող բոլոր հանգամանքները:

Մեր դիմումի հաջորդ օրը պարոն նախարարը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե ինքը կապ չունի Արսենի ազատման հետ, որ  չի կարող միջամտել դատարանների աշխատանքին եւ առավել եւս կապ չունի անկախ հանձնաժողովի աշխատանքի հետ: Մեր կողմից բարձրացված հարցը, սակայն, չէր վերաբերվում միայն դատական գործընթացներին: Արդարադատության նախարարությունը վերահսկում է բոլոր քրեակատարողական հիմնարկները, եւ այնտեղ հայտնված բոլոր մարդկանց իրավունքների երաշխավորը առաջին հերթին հենց արդարադատության նախարարն է: Եթե Արսենը ուղղվել է, եթե նա բանտում ուսանել է եւ հիմա էլ թեկնածություն է պաշտպանում, եթե Արսենը բանտում հիվանդացել է, եւ այդ հիվանդությունն այսօր արդեն սպառնում է նրա կյանքին, ապա Արսենի հարազատներից առաջ հենց նախարարն է պարտավոր  պաշտպանել իրավազրկված եւ վտանգված դատապարտյալի իրավունքները:

Ի տարբերություն նախարարի, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն անմիջապես պատասխանեց մեր նամակին եւ պատվիրակություն ուղարկեց Արթիկ՝ ուսումնասիրելու Արսենի առողջական վիճակը:

Կա մի հանգամանք, որը բարոյական իմաստով ավելի է ծանրաբեռնում ՀՀ արդարադատության վիճակն այս գործում: Նկատի ունենալով Արսենի առողջական վիճակը, իրավապահ մարմինները եւ արդարադատության ոլորտը համակարգող գերատեսչությունները, նախարարի գլխավորությամբ, պարտավոր են արագացնել Արսենի դատական, կենցաղային եւ առողջապահական միջոցառումները: Սակայն տեսնում ենք, որ յուրաքանչյուր խնդրի համար, թեկուզ եւ ամենատարրական, ամեն ինչ ձգվում է: Արսենի դիմումը՝ իրեն Արմավիրի բանտ տեղափոխելու մասին, արդեն երկու ամիս է՝ չի իրականացվում, մինչդեռ Արսենի՝ այնտեղ տեղափոխումը կարող է զգալի հեշտացնել իր խնդիրների կարգավորման համար տարվող ջանքերը թե՛ իրավաբանների, թե՛ բժիշկների եւ թե՛ հենց իրենց՝ արդարադատության գերատեսչության մարմինների համար: Ձգձգվում են դատական նիստերը, բժշկական միջամտությունների մասին մեր խնդրանքներին ընթացք տալը եւ այլն:

Արդարադատության նախարարության եւ նրա ենթակա մարմինների արհամարհական լռությունը, նրանց բացահայտ անտարբերությունը, նույնիսկ դատարանում, պարզապես առավել հիմնավորում են այն փաստը, որ Արսենի ճակատագրի համար անձամբ պատասխանատու է նախարար Հարությունյանը: Նա համապատասխան օժանդակություն չի տրամադրում իր պատասխանատվության տակ գտնվող եւ վտանգված օտարերկրացի քաղաքացուն, ով իր վարքով, պահվածքով եւ բանտային կյանքի կենսագրությամբ ապացուցել է, որ ուղղված է, եւ ավելի արդար ու պարկեշտ կյանքով է ապրում, քան՝ միլիոնավոր անպարտ եւ պարկեշտ քաղաքացիներ ազատության մեջ:

 

-Հարցը ստացել է նաեւ հասարակական հնչեղություն, ի՞նչ կարող եք հաղորդել հարցին տեղյակ եւ Արսենի ազատությունը պահանջող հասարակության այն խավին, որը ուշի-ուշով հետեւում է զարգացումներին: Արսենին ազատ արձակելու եւ նրա առողջական հարցերով մտահոգ է նաեւ սփյուռքահայությունը: Կարո՞ղ ենք ասել, որ հայրենի եւ սփյուռքահայ հասարակությունների սպասումները՝ հայրենի իրավապահներից, ի չիք եղան:


-Մենք հայրենադարձներ ենք: Արդեն 23 տարի, Արցախի պատերազմի տարիներից հիմնավորվել ենք այստեղ, մեր երեխաներն այստեղ են ծնվել, եւ եթե, հակառակ ամեն ինչին, չենք լքել մեր երկիրը, նույնիսկ ոչ մի անգամ, ո՛չ Արսենը եւ ո՛չ մենք, չենք շահարկել Արսենի հարցի քաղաքական խորքը, պատճառը միայն մեր հայրենասիրությունն է, մեր՝ ՀՀ պետականությանը նվիրվածությունը, սկզբունք, որը մեզ փոխանցել է մեր հայրը՝ հրապարակագիր, թատերագիր, մտավորական Արա Արծրունին: Մինչեւ հիմա մենք Արսենի հարցով նույնիսկ չենք դիմել Եվրոպական կամ միջազգային այլ ատյանների միջամտությանը՝ բարձր դասելով մեր հայրենիքի շահը մեր պահանջներից: Այժմ էլ նույնպես մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հասարակությունը չհիասթափվի հայրենի իրավապահներից եւ ընդհանրապես իշխանությունից, սակայն Արսենի կյանքի նկատմամբ նրանց արհամարհական վերաբերմունքը եւ նրան կորցնելու սարսափն ու պատասխանատվության զգացումը մեզ հիմա մղում են ոչնչի առաջ չկանգնել՝  հասնելու համար Արսենի ազատմանն ու բուժմանը,  ընդհուպ դիմելու միջազգային կառույցներին:

Մենք Արսենի անձի նկատմամբ հատուկ վերաբերմունք չենք պահանջում, բացառության խնդիր չկա: Պարզապես հորդորում ենք ՀՀ իշխանություններին եւ իրավապահներին՝ մեր հարազատի նկատմամբ վերաբերվել պատասխանատվությամբ, մարդասիրությամբ, արդարությամբ, բայց մանավանդ հորդորում ենք առաջնորդվել վաղաժամկետ ազատման նոր օրենքի  պահանջների ճշգրիտ կատարմամբ: Յուրաքանչյուր քաղաքացի, ներառյալ բանտարկյալները, իրավունք ունեն օգտվել երկրի օրենքներից, հատկապես՝ այն բանտարկյալները, որոնք ուղղված են եւ այլեւս վտանգավոր չեն հասարակության համար:

Բացի դրանից, այս գործի շրջանակներում մի հարց էլ է ծագում: Հանուն հասարակության բանտում է պահվում մի մարդ, ում ազատման համար ՀՀ իշխանություններին դիմել են կաթողիկոսներ, Լիբանանի վարչապետը, հարյուրավոր հայրենի եւ սփյուռքահայ անվանի մտավորականներ, ազգային հերոսներ եւ գործիչներ, եւ այսօր նաեւ այդ կոչերին միացել են հասարակության լայն շրջանակներ: Այսինքն նույնինքը՝ հասարակությունը իր բոլոր խորհրդանիշերով:

Վերջում, թույլ տվեք արտահայտվել միայն հարազատների անունից. մենք ջանք չենք խնայելու, որ Արսենի կյանքը փրկվի: Առկա է կյանքի ու մահվան իրավիճակ, որի պայմաններում դատարանների եւ քրեակատարողական մարմինների կողմից որեւէ բացթողում կարող է անդառնալի լինել Արսենի համար: Մենք պարզապես իրավունք չունենք հապաղելու, տատամսելու կամ թերանալու: