image

Ովքե՞ր կապ ունեն Գերմանիայի հայկական մաֆիոզ խմբավորումների հետ և ի՞նչ վնաս են հասցնում նրանք երկրին.

Ովքե՞ր կապ ունեն Գերմանիայի հայկական մաֆիոզ խմբավորումների հետ և ի՞նչ վնաս են հասցնում նրանք երկրին.

Գերմանիայում հայկական զինված խմբավորումների կամ այլ կերպ ասած, մաֆիայի մասին լուրերը ժամանակ առ ժամանակ արդիական են դառնում, երբ դարձյալ ակտիվանում են այս երկրում ապրող մաֆիոզ խմբավորումները: Նրանք զբաղբում են ամենատարբեր գործունեությամբ՝ սկսած ավտոմեքենաների վաճառքից մինչև կեղծ դրամական միջոցների շրջանառություն: Իսկ թե իրականում ի՞նչ գործունեություն են ծավալում, այդպես էլ մինչև վերջ չի բացահայտվում գաղտնի գործելակերպի պատճառով:

 

Գերմանիայում բնակվող հայ բժիշկ, Եւրոպայի հայկական համագումարի վարչության անդամ եւ Գերմանիայի մասնաճյուղի ներկայացուցիչ Րաֆֆի Պետիկյանը «Արևելք»-ի հետ զրույցում հաստատում է նման խմբավորումների գոյությունը: Թեև անձնապես չի հանդիպել նրանց, ավելին, իր համար անհանդուրժելի է նման ուժերի գոյությունը, սակայն փոխանցեց որոշ տեղեկություններ:

 

«Բարեբախտաբար իրենց չեմ հանդիպել, այստեղ միայն հայերը չեն, բոլոր օտար ազգերն իրենց մաֆիաներն ունին, Գերմանիայի պետությունն էլ շատ մտահոգ է: Օրինակ, թուրքական մաֆիան էլ, բոլորն էլ ունին, ալբանացիներն ունին, քուրդերը ունին, բոլոր օտար ազգերը, և Գերմանիան ինքը տեսնում է, որ իրեն վնաս է, և որպես ուժեղ պետություն՝ որոշել է այս բոլորի առաջն առնիլ, կարծում եմ, որ կհաջողվի: Օրինակ՝ վրացական մաֆիան, այստեղ բոլոր տների թալաններն իրենց ձեռքն է, և հայկականն էլ, լսել եմ, որ կա, բայց բարեբախտաբար, աչքովս չեմ տեսել, առիթ չեմ ունեցել իրենց հանդիպել»,-ներկայացնում է Պետիկյանը:

 

Նրանց թվի, մասշտաբների մասին տեղեկություններ չունի, բայց որոշ լուրեր են հասել նաև իրեն Հայաստանի նախկին պաշտոնյաների հետ նրանց առնչության մասին:

 

Անկախ նրանից, թե ովքեր կապ ունեն այս խմբավորումների հետ, ինչ ծավալներ են ընդգրկում, նրանց կատարած քայլերը, հասցրած վնասները զգալի են ոչ միայն Գերմանիային, այլև անմիջապես հայ ժողովրդի ու Հայաստանի հեղինակությանը, հետևաբար ողջունելի են Գերմանիայի կողմից նրանց սանձազերծելու քայլերը:

 

«Հայ համայնքին չի կարող վտանգ սպառնալ, որովհետև հայ համայնքը այս մարդկանց հետ կապ չունի, բայց անշուշտ վնաս կհասցնե Հայաստանի հեղինակությանը: Ընդհանրապես աշխարհում հայերի անուններն՝ իբրև սփյուռքահայեր, բարձր է: Մենք բոլորս մեր լավագույնն արել ենք, որ Հայաստանի և հայ ժողովրդի անունը դրական լինի, և ուզում ենք, որ երբ որ խոսում են հայերի մասին, հայ ժողովրդի անունը տալիս են, խոսեն Արամ խաչատրյանի մասին, խոսեն Հասմիկ Պապյանի մասին, Տիգրան Պետրոսյանի և բոլոր այդ ազնիվ հայերի մասին, որոնք աշխարահում ճանաչված են որպես լավ արվեստագետներ, նրանք են, որ հայ ժողովրդի անունը կներկայացնեն, ոչ թե այս գող-ավազակները»,-ասում է Եւրոպայի հայկական համագումարի Գերմանիայի ներկայացուցիչը: