image
Հրատապ լուրեր:

Ավանդական արժեքների քայքայումը երկիրը կտանի կործանման. Սևակ Արծրունի

Ավանդական արժեքների քայքայումը երկիրը կտանի կործանման. Սևակ Արծրունի

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» խմբի նախաձեռնած շարժումը, որի պահանջը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականն է և ուղեկցվում է անհնազանդության ցույցերով, եկեղեցի ու Վեհարան մուտք գործելով, հանրության կողմից ոչ միանշանակ է ընդունվում:  Հայկական Եկեղեցին հայության սիրտն է եւ նրա նկատմամբ այդպիսի ընդվզումներն ընդունելի չեն կարող համարվել, դա դեմ է հայկական ավանդական արժեքներին:

Այս համոզմունքն է հայտնում գործարար, հասարակական գործիչ Սևակ Արծրունին, որ տարիներ շարունակ Հայաստանում իրականացնում է տարբեր ներդրումային ծրագրեր՝ բիզնեսին զուգահեռ խրախուսելով հայրենադարձությունը:

Նա կարծում է, որ այս հարցը պետք է լուծել ոչ թե Վեհարանի ներսում, այլ Հայաստանի Հանրապետության օրենքների եւ հայ եկեղեցու կանոնադրության սահմաններում:

Ընդհանրապես, Սեւակ Արծրունու կարծիքով, «Ժողովրդավարության համար տարվող այս շարժումների լույսի ներքո չպետք է ոտնահարվեն մեր ավանդական արժեքները, չպետք է ներմուծենք այնպիսի արժեքներ, ինչպիսիք են հակաեկեղեցականություն, հակաքրիստոնեականություն կամ հայ ընտանիքն ու հասարակությունը քայքայող այլ երեւույթներ»:

Մեզ հետ զրույցում նա ասում է, որ արժեքների պահպանում չի նշանակում սահմանափակել   հայ ժողովրդի ազատականությանը: Մեր պատմությունն օրինակներ շատ ունի, երբ առաջընթաց են ապրել ազատական շարժումները՝ առանց հակասելու ազգային արժենքներին: Արծրունին նշում է դրանք. «Մենք առաջիններից ենք եղել, որ պաշտպանել ենք կանանց ու տղամարդկանց միջև իրավունքների հավասարությունը, կանանց ընտրության իրավունք ենք տվել, կանանց, մանավանդ մայրերին լայն իրավունքներ են տրվել նաեւ տան մեջ:  Մեզ մոտ ազատական շատ-շատ այլ  արժեքներ կան, մեր երկրում բոլոր օտարներին ընդունում ենք, մեր երկրում չեք տեսնի ֆաշիստական բնույթի ագրեսիաներ, նույնիսկ մեր լեզվի մեջ իգական, արական չկա, այդ իմաստով կարծում եմ, որ մեր ազգային, սոցիալական արժեքները պետք է պահպանենք, իսկ եկեղեցու շուրջ տեղի ունեցածը՝ ժողովրդական նման անսանձ ընդվզումը, խաթարում է այդ արժեքները: Չպետք է ճիշտը սխալի եւ ժամանակավորը անժամանակ երեւոյթների հետ խառնելով, քայքայենք մեր հասարակության ավանդական արժեքները: Ավելին, մեր երկրում, որը մշտապես գտնվում է շրջափակման ու պատերազմական սպառնալիքների ներքո, չպետք է խարխլվեն այն հիմքերը, որոնք ամուր են պահում ազգը»:

Ըստ նրա,  ոչ միայն հոգևոր ու ազգային, այլև երկրի սոցիալական ու տնտեսական առաջընթացի ամենակարևոր գրավականը, հենց այդ ավանդականի պահպանումն է:

«Երբ որ մեզ պարտադրվում է մեկուսացման և պատերազմական վիճակի մեջ ապրել, մենք պետք է կարողանանք այս հողի վրա ապրել միմիայն մեր սեփական արժեքներով: Մենք ունենք հազարամյա սրբություններ, այդ սրբությունների վրա է կառուցված մեր ազատական մտածողությունը: Ընտանիքը ազատական է, եկեղեցին ազատական է, բայց ազատական չեն կարող համարվել այն արժեքները, որոնք ասում են՝ քանդե՛նք մեր ընտանիքը, քանդե՛նք մեր եկեղեցին, աղճատենք մեր լեզուն»,-եկեղեցու դեմ ծառացած շարժումն այսպես է մեկնաբանում գործարարը:  

 

Հարցազրոյւցը՝ Վարդուհի Արզումանյանի