image

«Հուզիչ էր տեսնել Չորաթանում ապրող տատիկի ուրախությունը». Հարութ Ներսեսյան (Տեսանյութ)

«Հուզիչ էր տեսնել Չորաթանում ապրող տատիկի ուրախությունը». Հարութ Ներսեսյան (Տեսանյութ)

«Անցնող օգոստոսին աշխարհի 4 ծայրերից 100-ից ավելի Հայ Ավետարանական եկեղեցու շուրջ համախմբված երիտասարդների հայաստանյան այցը երկար կմնա ոչ միայն նրանց, այլև այն տատիկների, միայնակ ծերերի և երեխաների հիշողության մեջ, որոնց այցելել են Հայաստան ժամանած սփյուռքահայերը՝ Արցախի և Հայաստանի երիտասարդների հետ միասին»,- «Արեւելք»-ին ասաց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Հարութ Ներսեսյանը:

Ինչպես տեղեկացանք՝ երիտասարդները Հայաստանում  իրականացրել են զանազան կամավորական ծրագրեր՝  վերանորոգել և  բարեկարգել են անապահով ընտանիքների բնակարաններ, Հայաստանի Ավետարանչական ընկերակցության կառույցները, ուսումնական հաստատություններ, ծառատունկ ու հանրային այլ օգտակար գործունեություն են ծավալել, իսկ ամենահիշարժանը, որ նշում է մեր զրուցակիցը, մարզերում այցելել են միայնակ ծերերի, մաքրել են նրանց բնակարանները, այգիները, օգնել են բերքահավաք կատարել, մուրաբա, չիր, պահածոներ են պատրաստել, խոսել են նրանց հետ Աստծո մասին…   «Հուզիչ էր տեսնել Չորաթանում ապրող տատիկի ուրախությունը,  երբ նրան այցելեցին սփյուռքահայ երիտասարդներ: Տատիկը, որ երեք որբ թոռ է մեծացնում՝ սարսափելի բնակպայմաններում:  Քանի որ անհնար էր ամբողջ տունը նորոգել, նրանց համար նոր սենյակ կառուցեցին, սառնարան գնեցին, շարունակությունն էլ գյուղապետը խոստացավ, որ կանի՝ մեր տրամադրած միջոցներով: Արդեն տեղեկացանք, որ վերջացրել են աշխատանքները, մեզ լուսանկարներն ուղարկեցին: Գյումրիում էլ միայնակ տատիկի այցելեցին, նրա տանն էլ աշխատանքներ կատարեցին: Այցեր եղան նաև Վանաձոր և այլ վայրեր, որտեղ մեր երիտասարդները ոչ միայն օգնեցին միայնակ ծերերի, այլև նվերներ տարան նրանց համար, սփոփիչ և հուսադրող զրույցներ ունեցան, և պետք է նշել, որ այս այցերից երիտասարդներն իրենք էլ մեծապես օգտվեցին, ավելի  դրական լիցքեր իրե՛նք ստացան, քաջալերվեցին, Աստծո սերը գործնականում դրսևորելու, իրենց հայրենակիցների հետ լինելու ու զգալու, ինչպես նաև նրանց ծառայելու հնարավորություն ստացան»,-նշում է Հարութ Ներսեսյանը, ավելացնելով, որ կամավորները Վանաձորում նաև հաշմանդամ երեխաների համար բակային ճամբար են կազմակերպել, «Ծառատունկ Հայաստան»  կազմակերպության հետ Մարգահովտում տարբեր աշխատանքներ են կատարել, իրենց միջոցներով  դպրոցական պայուսակներ են գնել բոլոր առաջին դասարանցիների համար և  Հայաստանի զանազան շրջաններում բազում նմանատիպ ծրագրեր են իրականացրել՝ եկող տարիներին նորից հանդիպելու ակնկալիքով: Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հայաստանյան կառույցի պատասխանատուի խոսքերով՝ նմանատիպ ծրագրերը  մեծ դպրոց են երիտասարդների համար. «Նրանք շատ բան են սովորում՝ միջանձնյա հարաբերություններից, քչով բավարարվելուց մինչև ուրիշին ծառայելու օրհնություններն ու ամեն բանի համար Աստծուն փառք տալու կարևորությունը»,-ասում է նա:  

Նշենք, որ բոլոր այս աշխատանքներն իրականացվել են   Հայաստանում տեղի ունեցած համաավետարանական երիտասարդական համագումարի շրջանակներում:

Սփյուռքահայ, հայաստանցի և արցախցի երիտասարդներին համագումարի վերջին օրը Հանքավանի «Շիին Շողիկ» ճամբարում այցելել է նաև ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, որ նույնպես կարևորել է համագումարն ու սփյուռքահայ երիտասարդների՝ Հայաստանի կարիքավորներին ծառայելու պատրաստակամությունը: