image

Սարոյանին Ֆրեզնոյում գրեթե չեն ճանաչում.Նորաբաց ու հարուստ տուն-թանգարանի առաքելությունն ու խնդիրներ

Սարոյանին Ֆրեզնոյում գրեթե չեն ճանաչում.Նորաբաց ու հարուստ տուն-թանգարանի առաքելությունն ու խնդիրներ

Եթե չլիներ Սարոյանը, հետագայում Քըրքորյանը և այլք, Ֆրեզնոն ճանաչելի չէր դառնա...

 

 

Վարպետի ծննդյան օրը՝ օգոստոսի 31-ին, 110-ամյակի առիթով Ֆրեզնոյում բացվեց Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը, տուն, որի պատերը դեռ թարմ են սարոյանական շնչով, տուն, որտեղ մեծանուն գրողն ապրել էր կյանքի վերջին 17 տարիները, բայց որը հանվել էր վաճառքի, եւ միայն Ռենեսանս հիմնադրամի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնությամբ այն վերածվեց թանգարանի, իսկ Վարպետի հոբելյանի առիթով թանգարանը բացեց իր դռները այցելուների առջև:

 

Այստեղ նորից սարոյանական շունչն է գերիշխում, փոքր, բայց հարուստ թանգարան, որտեղ ցուցանմուշները կենդանի են, պատերը խոսում են, պատմում Սարոյանի ծնունդից մինչև մահ:

 

«Թանգարանում ունենք Վ. Սարոյանի մասին պատմող ֆոտոպատ, որի միջոցով ամբողջ կյանքն ենք ներկայացնում, պատը 400-ից ավելի լուսանկարներ են զբաղեցնում, կենտրոնական մասում նրա Հայաստան 4 այցելությունների պատմություններն են: Ինչպես գիտեք՝ Պողոս Պողոսյանը՝ հայտնի լուսանկարիչ, այդ այցերի ընթացքում ուղեկցել է Սարոյանին, և նրա հետ բանակցությունների արդյունքում ձեռք ենք բերել նկարները, որոնք պատկերում են 4 այցերը Հայաստանի տարբեր մարզեր ու վայրեր, համայնքներ, ու այս ամենը պատի  մաս է կազմում»,-Արևելք-ին պատմում է Սարոյանի տուն-թանգարանի նախագծի համակարգող Ավագ Սիմոնյանը:

 

Հայկականը չէր կարող անմասն մնալ Սարոյանի կյանքից, բայց Ամերիկայում ապրած գրողի կյանքը բաղկացած է բազմաթիվ դրվագներից: Դրանք միավորվել են այն հարկի տակ, որը, ըստ գրողի կտակի, պետք է իր մահից հետո տրամադրվեր ուսանողներին՝ տեղում աշխատելու կամ ապրելու նպատակով: Այս ցանկությունը մասամբ հնարավոր է եղել իրագործել:

 

«2,5  տարվա ընթացքում մեր հիմնադրամը իր աշխատակազմով մեծ աշխատանք տարավ այն մարդկանց հետ, որոնց մոտ սարոյանական արժեքներ կային: Որոնք հնարավոր էր թվայնացնել, արվել է, ու մենք այսօր ունենք սարոյանական ամենամեծ թվայնացված արխիվը: Ինչպես կտակել էր Սարոյանը, ապրել հնարավոր չէր, որովհետև տունը շատ փոքր է, բայց մենք տրամադրել ենք սենյակ ուսանողների համար, որ կարող են գալ և թվայնացված արխիվից օգտվեն, հասանելի լինի իրենց համար, հուսանք՝ կստացվի ընդլայնել արխիվը և հասանելի դարձնել բոլորին, թվայնացնել, որովհետև մտածում ենք, որ պետք է աշխարհի ցանկացած կետից հասանելի լինի, ու մարդիկ հնարավորություն ունենալ միանալ»,-նման լուծում է տեսնում Ավագ Սիմոնյանը:

 

Կան, սակայն, նմուշներ, որոնք թվայնացման միջոցով հնարավոր չէ զգալ, դրանք հարկավոր է տեսնել, շոշափել, թանգարանը տալիս է այդ հնարավորություն, ըստ հիմնադրամի ներկայացուցչի, մեծ հետաքրքրություն կա մշակութային օջախի հանդեպ: Ասում է.

 

«Քաղաքապետարանի թույլտվության հարց ունենք, մինչ այդ հյուրեր չենք ընդունում, սակայն բացումից հետո հարյուրավոր այցելուների կուտակումներ էին տան մոտ, տարբեր տեղերից էին գալիս, հիմնականում առանց որևէ տոմս ամրագրելու եկել էին թանգարան: Թանգարանի այցը միայն նախապես ամրագրումով էր, Ֆրեզնոյի քաղաքապետարանի պահանջն է, քանի որ բնակելի թաղամասում է թանգարանը, թեև տոմսն անվճար է»:

 

Կա հետաքրքրություն, մեծ մասամբ հայերի կողմից, թեև եղել են Սարոյանով հետաքրքրվող այլազգիներ: Սակայն դա այսօր գոհացնող չէ. Ավագ Սիմոնյանը գրողի ճանաչելիությունը բարձրացնելու խնդիր է տեսնում այսօր, ասում է.

 

«Շատերը չգիտեն, թե ով է Սարոյանը, թեև ժամանակին եղել է անգամ Ֆրեզնոյի բրենդային անուններից մեկը: Նույնիսկ այսպիսի խոսք է հաճախ հնչում. «Արդյո՞ք Ֆրեզնոն Սարոյանին ավելի հայտնի դարձրեց, թե՞ Սարոյանը Ֆրեզնոյին», ու հիմնական պատասխանն այն է, որ եթե չլիներ Սարոյանը, հետագայում Քըրքորյանը և այլք, Ֆրեզնոն ճանաչելի չէր դառնա: Հիմնականում այն, որ 20-րդ դարի ամենամեծ գրողներից մեկը հայտնի չէ, կամ գրեթե հայտնի չէ Ֆրեզնոյում, շատ ցավալի էր, չնայած, որ Սարոյանի անվան թատրոն, դպրոց, մի շարք բաներ կան, բայց հիմնականում միայն տարեցներն ու հայերը գիտեն, իսկ երիտասարդությունը տեղյակ չէ»:

 

Ավագ Սիմոնյանը վստահ է, որ թանգարանի բացումը առավել ճանաչելի կդարձնի ամերիկահայ գրողին: «Արդեն մեծ ոգևորության ալիք է բարձրացրել հայկական համայնքներում, ոչ միայն ԱՄՆ-ի, այլ համայնքներից են կապվել մեզ հետ, ուզում են միջոցառումներ անցկացնել, մեր նպատակն է, որ թանգարանի բացումով մոտիվացնենք Ֆրեզնոյին, հայերին, ու ոչ միայն հայերին, այլև այն մարդկանց, ովքեր Սարոյանին գնահատում են, սիրում են, մտնեն, քարոզեն ու Սարոյանի արժեքները հասցնեն մարդկանց, կարծում եմ, որ կծառայի նպատակին ու արդեն ծառայում է՝ հաշվի առնելով այն արձագանքները, որ կան համայնքներից»,-ներկայացնում է նախագծի համակարգողը:

 

Թանգարանը հարուստ է մի շարք այլ ցուցանմուշներով ևս,ինչպես օրինակ գրքերի անվանաթերթերը, ձայնագրությունները և հեծանիվների շարքը, Սարոյանին ճանաչողներն հենց այդպիսին՝ հեծանիվով են պատկերացնում մեծ գրողին: