86 տարեկան հասակում կյանքից հեռացաւ Արսեն Արծրունու հայրը` Արա Արսենի Արծրունին: Մահը վրա հասաւ ս.թ. հոկտեմբերի 29-ի առաւոտյան, հետ կարճատեւ հիվանդության, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, որտեղ եւ նա ծնվել էր 1932 թվականին: Անվանի գրողի, հրապարակախոսի ու ազգային-համայնքային գործչի մարմինը կտեղափոխվի Հայաստան ու
հողին կհանձնվի այնտեղ` իր պաշտած հայրենիքում:
Ցավակցում ենք Արսենին` հոր կորստի առիթով, իրեն ու հարազատներին ցանկանում կորով եւ համբերություն:
Արա Արծրունին վերջին ավելի քան կես դարում Լիբանանի հայ գրական-հասարակական կյանքի ամենաակնառու եւ ինքնատիպ դեմքերից էր: Նա երկար տարիներ վարել է պատասխանատու պաշտոններ Լիբանանի հայ առաքելական թեմի տարբեր վարչություններում` հասարակական հիմունքներով: Անցած դարի 80-ական թվականների սկզբին, Ա. Արծրունին ղեկավարել է Լիբանանի քաղաքացիական պատերազմի հետեւանքով քանդված հայկական ընտանիքների բնակարանների վերաշինության գործը՝ դրա շուրջ համախմբելով տեղի հայկական համայնքի բոլոր կազմակերպություններին: Սեփական առեւտրային գործը կառավարելուն զուգահեռ, զբաղվել է գրականությամբ եւ հրապարակախոսությամբ՝ աշխատակցելով սփյուռքահայ գրական եւ հասարակական հանդեսներին: Առավել ազդեցիկ է նրա վաստակը որպես թատերագիր. Արա Արծրունու հեղինակած եւ հատորներով հրատարակված մոտ 20 թատերախաղերը նրան ապահովել են անզուգական տեղ հայ ժամանակակից գրականության մեջ: Այդ թատերախաղերը բեմադրվել են Լիբանանում, Հայաստանում եւ մի շարք այլ երկրներում: Հեղինակ է վեպերի, պատմվածքների եւ հրապարակախոսական հոդվածների, որոնց մի մասը հրատարակվել են առանձին 4 հատորներով: Անդամ էր Հայաստանի գրողների միության:
Արա Արծրունին արժանացել է գրական մի շարք պարգեւների եւ շքանշանների, որոնց շարքում` Կիլիկիայի կաթողիկոսության բարձրագույն` «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանին:
Արա Արծրունու սկզբունքայնությունը, անխառն ազգասիրությունը, հայրենասիրությունն ու մտավորականի հանձնառու ոգին ձեւավորվեցին անցած դարի կեսերին Բեյրութ հաստատված հայ մեծագույն գործիչների` Լեւոն Շանթի, Նիկոլ Աղբալյանի, Կոմս-Վահան Փափազյանի, Ռուբեն Տեր- Մինասյանի, Կարո Սասունու, Վարդան Շահբազի եւ այլոց հետ անմիջական շփումների միջավայրում, վանեցի ամուսինը վաղ կորցրած կարնեցի մոր դաստիարակությամբ, ազգային գործունեության մեջ ներգրավված ընտանիքի ավագ անդամների օրինակով: Տիկնոջ հետ միասին` այդ նույն ոգով նա դաստիարակեց իր որդիներին ու թոռներին՝ բոլորին թողնելով ընտանիքի հոգածու հոր, անկեղծ բարեկամի, անշահախնդիր գործչի, տաղանդավոր գրողի եւ սկզբունքային մտավորականի բարի ու պայծառ հիշատակը:
Ազատություն Արսեն Արծրունուն - Free Arsen Arzrouni