image

Նախարարության փակումով Սփյուռքն անտեր ու որբ կմնա. Սփյուռքահայ գործիչ

Նախարարության փակումով Սփյուռքն անտեր ու որբ կմնա. Սփյուռքահայ գործիչ

Սփյուռքի նախարարության փակման խոսակցությունների առթիվ ընդվզման ալիք է բարձրացել Սփյուռքում: Քուվեյթաբնակ գործարար, արաբական մի շարք թերթերում հայության խնդիրների շուրջ հոդվածներով հանդես եկող Կիրակոս Գույումջյանն ասում է, որ սփյուռքի որոշ շրջանակներում լուրը ցնցիչ ազդեցություն է ունեցել. «Այնպիսի տպավորություն է, որ նախարարության փակումով Սփյուռքը որբ ու անտեր կմնա: Այս կարևոր հարցում  Սփյուռքի կարծիքը ոչ մեկը հաշվի չառավ, ահա ինչու՝ շատերը վիրավորված են այս օրինագիծը մշակողներից»,-«Արևելքի» հետ զրույցում ասաց Կիրակոս Գույումջյանը: Դիտարկանը, որ նախարարությունների կրճատումը կամ այլ նախարարությունների հետ միավորումը միջոցների և աշխատանքների արդյունավետ ու առավելագույն կառավարման նպատակ ունի, Քուվեյթում աշխատող հայ գործարարը պատասխանեց. «Մենք էլ ենք ուզում, որ խնայողություն և միջոցների նպատակային օգտագործում լինի, սակայն կարծում եմ, որ սա՛ չէ դրա լուծումը: Կարելի էր անձնակազմի թիվը կրճատել, տարածքը փոքրացնել, ծախսերը քչացնել, բայց արդեն կայացած նախարարությունը, որ տասը տարի է գործում էր և մեծ աշխատանքներ էր անում, միանգամից փակելով արդյունավետ կառավարում չեն անում: Շատ սփյուռքահայեր կան, որ գործով գալիս էին և միայն նախարարություն այցելելով իրենց գործերը դասավորում էին: Տարբեր հարցեր ունեին, և մեկ նախարարությունն այդ տարբեր հարցերը միանգամից լուծում էր,  սփյուռքահայը կարիք չուներ զանազան տեղեր գնալու: Սփյուռքի նախարարությունը մեզ համար  այսպես ասած «մեկ պատուհանի» նախարարություն էր: Մեկ վայրի միջոցով մենք մեր բոլոր հարցերը լուծում էինք: Ամենատարբեր հարցերով էին դիմում սփյուռքահայերը՝ համաժողովներից մինչև բիզնես ծրագրեր, գրքերի տպագրություն, առաջարկների քննարկում և այլն…  Այս որոշումն ընդունողներն իրենք իրենց սփյուռքի տեղը թող դնեն. ասենք սփյուռքահայը գալիս է, մի քանի գործ ունի, մի քանի տարբեր հարցեր ունի և տեղյակ չէ՝ ո՞ւր պիտի գնա, ո՞ր մեկ գերատեսչության դուռը պիտի բախի, ի՞նչ քաշքշուկների  պիտի հանդիպի: Առաջ գիտեինք, որ Սփյուռքի նախարարություն գնալով, մեր բոլոր հարցերը ներկայացնելով՝ լուծում կստանանք, հիմա դռնեդուռ պիտի ընկնե՞նք, պատեպատ պիտի զարնվե՞նք»,-վրդովվում է մեր զրուցակիցը, ավելացնելով,  որ արդյունավետության համար կարելի էր ծախսերը վերահսկել, թերացումները գտնել և դրա դեմ պայքարել:   

Ըստ Կիրակոս Գույումջյանի, եթե օրինագիծը ընդունվի, Սփյուռքից մեծ ընդվզում է լինելու.  «Առաջին ընդվզողներից մեկն էլ ես եմ: Բավական ծրագրեր կային սկսած, ես չեմ պատկերացնում, թե ինչ պիտի լինեն այդ ծրագրերի ապագան:

Իբրև գործարար կարող եմ ասել, որ սփյուռքահայ գործարարների մոտ Հայաստանի հանդեպ անվստահություն է առաջանալու:  Շատերն իրենց բիզնես ծրագրերը հենց նախարարության միջոցով էին իրականացնում: Ճիշտ է՝ նախարարությունն այդ գործառույթը չունի, բայց կարողանում էր վերահսկել սփյուռքահայի քայլերը, աջակցել, ուղղություն ցույց տալ, օրենքներին ծանոթացնել: Եվ եթե ներդրողը որևէ խնդրի էր հանդիպում, ապա գիտեր, որ նորից նախարարությանը պիտի դիմի, իր հարցեր լուծողը նախարարությունն էր:  Հիմա այն, ով ներդրում պիտի անի, չգիտի՝ ո՞ւր պիտի դիմի, որտեղի՞ց պիտի սկսի»,-ասում է նա, վստահեցնելով, որ նախարարությունն արդեն գտել էր սփյուռքահայի հետ աշխատելու ճանապարհը, կարողացել էր հասկանալ սփյուռքի հոգեբանությունը:  

Մեր զրուցակիցը չի պատկերացնում նաև, թե ի՞նչ ճակատագրի պիտի արժանանան «Արի տուն» և սփյուռքահայ երեխաների ու երիտասարդների համար իրականացնով այլ ծրագրերը, բժիշկների, գործարարների, ճարտարապետների, լրագրողների և նախարարության կազմակերպած այլ  համաժողովները. «Շատ մարդիկ ծրագրեր էին իրականացնում հենց այդ համաժողովների շրջանակներում: Մյուս կողմից էլ նախարարի այցերը՝ սփյուռքահայ համայնքներ, նույնպես ոգևորում էին տեղում: Սփյուռքի համար սփյուռքի նախարարությունը մեր կառավարությունն էր,  կառավարության կշիռ ուներ մեզ համար: Այս նախարարությունը հոգևոր իմաստով սփյուռքի  հովանավորն էր, իսկ Սիրիայի պատերազմից հետո նաև ֆիզիկապես հովանավոր եղավ հազարավոր սիրիահայերի համար: Պետք չէ ուրանալ այն մեծ օգնությունը, որ նախարարությունը ցուցաբերեց սիրիահայերին»,-ասաց մեր զրուցակիցը, իր տարակուսանքն հայտնելով նաև Մշակույթի նախարարության՝ մեկ այլ նախարարության հետ միավորման առթիվ.

«Աշխարհին մենք մեր մշակույթից բացի ուրիշ ոչնչով չենք կարող ներկայանալ: Փոխանակ ավելի մեծացնեն մշակութային դաշտի զարգացումը, բյուջեն ավելացնեն,  կրճատում են»,-ասաց Կիրակոս Գույումջյանը, հույս հայտնելով, որ կառավարությունը կվերանայի օրինագիծը և համահայկական շահը ներառող որոշում կընդունի: