image
Հրատապ լուրեր:

«Մելքոնյանի խնդրով մենք սպասում ենք ՀԲԸՄ-ի կանաչ լույսին» Արսինե Շիրվանյան

«Մելքոնյանի խնդրով մենք սպասում ենք ՀԲԸՄ-ի կանաչ լույսին» Արսինե Շիրվանյան

Շուրջ երկու տարի է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործում է «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնությունը», որի հիմնական նպատակը Հայաստանում և Սփյուռքում  կրթական խնդիրներին լուծում տալն է: 

Կազմակերպության համահիմնադիր Արսինե Շիրվանյանի համոզմամբ, միայն լավ կրթություն ստացած, մասնագիտական հզոր պաշար ունեցող անձինք  կարող են նպաստել հայրենիքի զարգացմանը: Ներկայացնելով շարժման նպատակը՝ Արսինե Շիրվանյանն «Արևելք»-ին ասում է.  «2017 թվականին, ես և Կիպրոսի «Մելքոնեան» կրթական հաստատության մի քանի շրջանավարտներ սկսեցինք համահայկական շարժում՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկվածությունը հայկական արժեքավոր պատմական հարստությունների արագընթաց կորստի, ինչպես նաև սփյուռքահայ երիտասարդների շրջանում հայերենի ու հայկական մշակույթի կորստի մասին: Սկսեցինք մեր ծրագիրը` փնտրելով նորարարական լուծումներ առկա մարտահրավերների համար: 

Մելքոնյան համաշխարհային նախաձեռնությունը նաև անմիջականորեն հետևում  է Կիպրոսի Մելքոնյան վարժարանի հետ կապված թնջուկին: Մեր հարցին, թե ի՞նչ փուլում է հիմա վարժարանի հարցը, Արսինե Շիրվանյանն ասաց.  «Ոմանք ասում են, որ Մելքոնյանի հարցը դարձել է անձնական վրեժխնդրության առարկա Պերճ Սեդրակյանի համար։ Բայց ես ցանկանում եմ հավատալ, որ ոչ մի գործիչ ունակ չէ այդպիսի խղճուկ վրեժխնդրության գնալ։

Խնդրում եմ ճիշտ հասկանալ․ սա պարզապես Մելքոնյանի շրջանավարտների խնդիրը չէ։ Այս պայքարն ուղղված է Ցեղասպանության պատմությունը, սփյուռքում գտնվող մշակութային ու կրթական արժեքները պահպանելուն և, վերջապես, հայերին՝ որպես ազգ, հզորացնելուն։

Այն երիտասարդ շրջանավարտները, որոնք դեռ կրում են Մելքոնյանի փակման սպին և ում մտքում դեռ վառ են 2005 թվականի դառը հիշողությունները, 2019 թվականի հուլիսի 5-ին կազմակերպեցին բողոքի ակցիա՝ իրենց մտահոգությունները ՀՀ  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և Կիպրոս ժամանած պատվիրակությանը լսելի դարձնելու համար։ Այս երիտասարդ հայերը մեզ հետ են և կիսում են միևնույն մոտեցումը։ Մեզ մնում է միայն սպասել ՀԲԸՄ-ի կողմից տրվելիք կանաչ լույսին»։

 

Մեր այն հարցին, թե ի՞նչ կանեն Մելքոնյանի աջակիցները տարածքը վաճառվելու դեպքում, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Ի՞նչ են անում հայերը՝ Արցախը պաշտպանելու համար։

Ի՞նչ է անում տասնիննամյա զինվորը Հայաստանը և դրա սահմանները պաշտպանելու համար։

Ի՞նչ էին անում Ցեղասպանության ժամանակ հայ մայրերն ու դուստրերը, ովքեր պայքարում էին իրենց արժանապատվությունն ու ազգային պատկանելությունը պահպանելու համար։

Ի՞նչ էր անում Նելսոն Մանդելան, երբ 22 տարի բանտարկված էր Ռոբեն կղզու վրա՝ մի փոքր խցում։

Ի՞նչ է այժմ անում Մոդին՝ Հնդկաստանի ներկայիս վարչապետը, հզոր Հնդկաստան ստեղծելու նպատակով իրազեկվածությունը բարձրացնելու և համաշխարհային մակարդակով հնդիկների աջակցությունը ստանալու համար։

Ի՞նչ պետք է անի հայրենասերը, մայրը, զինվորը՝ սպիտակ եղեռնը կանխելու համար։

Ի՞նչ է անում երիտասարդ Մալալան՝ աղջիկների համար Պակիստանում կրթությունը տարածելու համար... »:

Արսինե Շիրվանյանի հետ հարցազրույցը  ՎԱՂԸ՝ «Արևելք»-ի հարցազրույց բաժնում: