image

«Ինձ տխրեցնում է այն փաստը, որ Լիբանանում հայերի թիւը նուազում է». Արմինէ Կարապետեան

«Ինձ տխրեցնում է այն փաստը, որ Լիբանանում հայերի թիւը նուազում է». Արմինէ Կարապետեան

«Արեւելք»ի հարցերուն կը պատասխանէ  վերջերս  Պէյրութ այցելած  Արմինէ Կարապետեան:


-Ի՞նչ ծրագրով մեկնեցաք Պէյրութ եւ ի՞նչ էր  այցելութեան ծրագրին գլխաւոր նպատակը:


Լիբանան այցելութիւնս անձնական ցանկութեան արդիւնք էր, այսինքն ոչ մի ծրագրի միջոցով չեմ  գնացել: Ուղղակի երկար ժամանակ կ'երազէի Լիբանան գնալ եւ այս տարի հնարաւորութիւնը ունեցայ ու բաց չթողեցի:


 


- Ձեր  առաջին տպաւորութիւնը  ի՞նչ էր, երբ Պէյրութ հասաք,  ի՞նչն էր, որ ձեր  ուշադրութիւնը  գրաւեց ամէնէն աւելի:

 

Առաջին տպաւորութիւնը, որ ստացայ, օդանաւակայանից դէպի հիւրանոց տանող ճանապարհն էր, որը շատ լաւն էր, Համրա էի գնում. աւելի վատ էի սպասում. շատ լաւն էին ճանապարհները, ինչքան էլ տարօրինակ թուայ:

Երկրորդ բանը, որ շատ զարմացրեց եւ ուրախացրեց, դա գովազդային վահանակներն էին, որոնք համալսարանական կրթութեանն էին վերաբերւոոմ:

Երրորդը՝ երթեւեկութիւնն էր, որը այդքան ահաւոր էր, Պէյրութում    երթեւեկութեան   օրէնքներ համարեայ չկային, նոյնիսկ ճանապարհային ոստիկանութեան չեմ հանդիպել, շատ տարօրինակ էր ինձ թուում:

Չորրորդը, որ ես շիա ընկերներ շատ ունեմ ու միշտ ինձ թուում էր, որ Պէյրութում շիա ազդեցութիւնը այդքան չկայ, այլ  Լիբանանի հարաւում է նրանց ազդեցութիւնը, բայց անմիջապէս որ օդանաւակայանից դուրս ես գալիս  արդէն նկատում ես Սայէտ Մուսա Ալ Սատրի նկարները:


 


 

-Ինչպէ՞ս գտաք լիբանանահայութիւնը, ինչպէ՞ս էր անոնց կեանքը, կենցաղը, ինչպիսի՞ն էր լիբանանահայութեան ընդհանուր իրավիճակը:


Ցաւօք լիբանանահայութեան հետ այդքան շատ շփում չունեցայ, միակ շփումը որ ունեցայ  հայ վարորդի հետ էր, որ մեզ ուղեկցում էր, եւ երկրորդը՝ Պուրճ Համուտի Ժագ Ղազարեանը՝ «Փուռ Ղազար»ի սեփականատէրը: Երեւի ամենաակնյայտ երեւոյթը, որ զգացի այս երկու մարդկանց հետ շփուելուց, յուսահատութիւնն էր եւ անորոշութիւնը ապագայի նկատմամբ: Իրականում ինձ համար շատ ցաւոտ էր որ այդտեղի հայութիւնը արտագաղթում է,  ճիշդ է վերջնական հանգրուանը հայրենիք Հայաստանն է, բայց հայութեան դերը Լիբանանում շատ  մեծ  է եղել ու հիմա էլ մնում է. Ուղղակի  հայութեան թվաքանակի նուազեցումը Լիբանանում ինձ համար մի փոքր տխրութիւն է յառաջացնում:

 



-Գիտենք որ Պէյրութի մէջ Պուրճ Համուտը հայութեան համար կարեւոր կեդրոն է: Ի՞նչ տպաւորութիւն ստացաք, երբ Պուրճ Համուտ այցելեցիք, ի՞նչ փորձառութիւն ապրեցաք Պուրճ Համուտի մէջ, ի՞նչն էր որ ձեր  ուշադրութիւնը գրաւեց եւ մանաւանդ ի՞նչ էր Պուրճ Համուտի բնակիչներու վերաբերմունքը  ձեր  հանդէպ։


Պուրճ Համուտը շատ հետաքրքիր (հետաքրքրական)  էր մանաւանդ իր բազմազանութեամբ, մինչ այցելելս ինձ թւում էր, որ  Պուրճ Համուտը միայն հայերի ապաստանն է, շատ հետաքրքիր էր տեսնել հայերի կողքին եթովպիացիների առկայութիւնը, քանի որ ինչպէս գիտենք հայերն ու եթովպիացիները ընդհանուր պատմութիւն ունեն, մասնաւորապէս կրօնի առումով:

Պուրճ Համուտից  յետոյ   ես  այցելեցի փախստականների Շաթիլա գաղթակայանը, քանի որ շատ է ինձ հետաքրքրում պաղեստինցիների հարցը եւ հենց պաղեստինցիները. ամբողջ Շաթիլա այցելութեան ընթացքում մտածում էի այն մասին,  թէ ի՞նչ կը լինէր եթէ այդ պահին  մենք անկախ հայրենիք չունենայինք եւ ի՞նչ կը լինէր իրավիճակը այդ պարագայում Պուրճ  Համուտի, երեւի հայրենիքի գիտակցութիւնը էս աստիճանի չեմ ունեցել նոյնիսկ Ապրիլեան պատերազմի ընթացքում, համեմատելով թէ այս պահին Շաթիլա ճամբարում ինչ պայմաններում են ապրում ու  գոյատեւում  պաղեստինցիները։

Որպէս հայաստանցի վերաբերմունքը մի քիչ տարօրինակ էր ու շատ նորմալ եմ դա հասկանում լիբանանահայերի կողմից. ժամանակ էր պահանջուում որպէսզի  բացատրեմ թէ  ինչի համար եմ եկել Լիբանան, դժուար էր իրենց համար ընկալել, որ լինում են դէպքեր երբ հայաստանցին Լիբանան գալիս է ոչ թէ օգնութիւն ստանալու կամ խնդրելու նպատակով, այլ որպէս թուրիսթ:


 



-Խօսինք ընդհանուր Լիբանանի մասին, նմանութեան եզրեր գտա՞ք Հայաստանի եւ Լիբանանի միջեւ։ Ի՞նչ երանգներով կրնաք  ներկայացնել   այսօրուան Լիբանանը։


Հայաստանի հետ նմանութիւն շատ կար, երեւի էդ օգնեց որպէսզի օտար չզգամ Լիբանանում. ամենամեծ նմանութիւնը` հասարակութեան կտրուկ շեշտաւորումն էր, կամ աղքատներ էին կամ հարուստներ, դժուար էր տարբերակել միջին խաւը: Երկրորդը՝ հետաքրքիր էր տեսնել ուշ ժամին ընտանիքների ովքեր երեխաների հետ զբօսնում էին Պէյրութում, նոյնը Երեւանում է, դա երաշխաւորն է ապահովութեան. իսկ ամենակարեւորը  ջերմութիւն զգացի, որ  այդ  ամէնը հենց Հայաստանն էր յիշեցնում:

 



-Արդեօք պիտի բաւարարուի՞ք  Լիբանանի այս միակ այցով, թէ՞ մտադիր  էք  ծանօթանալ միջին արեւելեան այլ գաղութներու  եւս։


Անշուշտ նորից կը ցանկանամ այցելել Լիբանան, մանաւանդ որ առիթ չունեցայ Այնճար այցելելու եւ ինչ որ զգացողութիւն ունեմ որ կիսատ բան եմ թողել Լիբանանում, յոյսով եմ ուշ չի լինի յաջորդ այցելութիւնը: Տակաւին ծրագրեր չունեմ Մերձաւոր Արեւելքի միւս հայկական օճախները այցելելու, եթէ Մերձաւոր արեւելք կարող ենք ընկալել Պոլիսը, վերջին երեք տարիներին Պոլիս եմ այցելում գոնէ տարին մէկ անգամ եւ այս տարի նոյնպէս պէտք է այցելեմ, նպատակ ունեմ մեծ պապիս գերեզմանը գտնելու, տեղանքը մօտաւոր գիտեմ:

 



- Արեւելքի մասին տարբեր  վերլուծումներ կը լսուին.  յաճախ կ'ըսուի, որ քրիստոնեաներու եւ փոքրամասնութիւններու ապագան վտանգուած է այդ երկիրներուն  մէջ, դուք  այդպիսի  բան շօշափեցի՞ք:


Ընդհանրապէս Մերձաւոր Արեւելքում  անշուշտ նկատում ենք քրիստոնեաների թվի  նուազումը, բայց կարծում եմ Լիբանանում նման իրավիճակը կապուած է տնտեսական գործօնով, եւ  ոչ թէ քաղաքական դրդապատճառներով, սա որպէս դրսի մարդ եմ ասում որը ներսի բարքերն  ու կանոնները  դեռ լաւ չի ուսումնասիրել:

 


 

*Նիւթին կից հրապարակուած լուսանկարները կը պատկանին Արմինէ Կարապետեանի  ոսպնեակին եւ տրամադրուած են  յատուկ «Արեւելք»ին։