image

HSBC բանկն արձագանքել է Հայաստանում ապրող սիրիահայերի բողոքին

HSBC բանկն արձագանքել է Հայաստանում ապրող սիրիահայերի բողոքին

Արձագանքելով օրեր առաջ «Արեւելքում»  լույս տեսած   բաց նամակին,  որով Հայաստանում ապրող մի խումբ սիրիահայեր դժգոհել էին HSBC բանկի երեւանյան մասնաճյուղերից մեկում սիրիահայերին սպասարկում չիրականացնելու առթիվ, HSBC բանկը նախանձախնդրություն է ցուցաբերել եւ հանդիպման հրավիրել նամակը գրած սիրիահայ Հրայր Ագիլյանին եւ Սոսի Չալմյանին:  Ինչպես «Արեւելքին» տեղեկացրեց Հրայր Ագիլյանը, իր գրած նամակում արտահայտված էր Երեւանում բնակվող սիրիահայ Սոսի Չալմյանի դժգոհությունը. հենց վերջինս էլ բախվել էր խնդրին, երբ ցանկացել էր HSBC բանկի միջոցով կատարել իր ուսանող երեխայի համալսարանական վճարը: Բանկում պատճառաբանել էին, որ հայաստանյան անձնագրում նշված ծննդավայրը՝ Սիրիա, արգելք է, որպեսզի նրանք բանկում գործարք կատարեն...

Սիրիահայերին ընդունել են  HSBC բանկի մանրածախ ծառայությունների բաժնի տնօրեն  Միհրան Մուրադյանը եւ հաղորդակցության մասնագետ Դիանա Կազիյանը:  Ըստ Հրայր Ագիլյանի, հանդիպումն անցել է ջերմ եւ բարեկամական մթնոլորտում, բանկի աշխատակիցները սիրալիր կերպով բացատրել են, որ միջազգային բանկերը հաճախ են ենթարկվում  միջազգային խոշոր կազմակերպությունների որդեգրած օրենքներին, բայց այս դեպքում HSBC-ն արդեն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում, որպեսզի բանկի՝ միջազգային օրենքներին ենթարկվելը խոչընդոտ չհանդիսանա Հայաստանում ապրող  այն սփյուռքահայերի համար, որոնք ցանկանում են օգտվել այս բանկից: Բանկի աշխատակիցը նշել է, որ Հայաստանի հանրապետության անձնագիրն արդեն բավական է, որ բանկը սպասարկի այն կրողին, եւ Սոսի Չալմյանի հետ պատահածը թյուրիմացություն է եղել բանկի երեւանյան մասնաճյուղերից մեկում  կամ  էլ միջազգային օրենքները անհրաժեշտ կերպով չբացատրելու կամքի բացակայություն: 

 HSBC բանկից միաժամանակ պատրաստակամություն են հայտնել լսելու որեւէ հարց, որին առնչվում են Հայաստանում ապրող կամ Հայաստան վերադառնալ պատրաստվող սփյուռքահայերը՝ անհրաժեշտ լուծումներ գտնելու եւ նրանց սպասարկելու համար:


 

Սիրիահայեր Սոսի Չալմյանն ու Հրայր Ագիլյանը (կենտրոնում)՝ HSBC բանկի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ