image

Եթե Սիրիայի հյուսիսի հայերը չեն ուզում Հայաստան գալ, ուրեմն դա մեր ձախողությունն է. Սևակ Արծրունի

Եթե Սիրիայի հյուսիսի հայերը չեն ուզում Հայաստան գալ, ուրեմն դա  մեր  ձախողությունն է. Սևակ Արծրունի

Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական գործողությունները կրկին թեժ իրավիճակ են ստեղծել տարածաշրջանում: Հայաստանը, այլ երկրների շարքում դատապարտելով թուրքական ներխուժումը, կոչ է արել միջազգային հանրությանը՝ միջոցներ ձեռնարկել ռազմական գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։ Սակայն տեղի ունեցածը շատ ավելին է, քան՝ կոչերն ու դատապարտումները, մանավանդ՝ Թուրքիան  շարունակում է իր գործողությունները, և նշված շրջաններում ուղղակիորեն վտանգված է նաև այնտեղ ապրող հայության ճակատագիրը: Այս թեմաների շուրջ «Արևելքը» զրուցել է գործարար Սևակ Արծրունու հետ.


-Պարոն Արծրունի, ինչպե՞ս եք գնահատում Սիրիայի հյուսիս-արևմուտքի քրդաբնակ շրջանների վրա թուրքական հարձակումը:

 

-Պատահածը սպասելի էր. Սիրիայի ճակատագիրը երկար ժամանակ է, ինչ որոշվում է միջազգային մեծ պետությունների կողմից, պայքար է գնում երկու տեսակետների՝ գլոբալիստական և  ազգայնական գաղափարախոսությունների միջև:  Այստեղ կարծես թե իրականացվում է ազգայնական ուժերի նախագիծը, այսինքն համաձայնություն կա Թրամփի, Պուտինի, Ասադի և Էրդողանի միջև՝ թուրքական գործոնը գլոբալիստների ձեռքից «խլելու» և հյուսիսային Սիրիայի քրդական  շրջանների ժողովրդագրական պատկերը փոխելու: Ես կարծում եմ, այսինքն՝ վստահ եմ, որ  այնտեղ առաջիկա տասնամյակում ժողովրդագրական թիվը կփոխվի և  այդ շրջաններում մեծամասնություն կկազմեն սյուննիները՝ ոչ քուրդ սյուննիները:  Թերևս ոմանք կարող են համաձայն չլինեն  այս հեռանկարի հետ, բայց բոլորն էլ  չեն կարող հաշվի չնստել այն իրողության հետ, որ սիրիական խնդիրը դեռ  շարունակություն է  ունենալու,  այնտեղ դեռևս  նոր բախումներ, նոր աշխարհաքաղաքական ընդհարումներ, նոր ուժերի դասավորումներ են լինելու, և այդ տարածաշրջանը դեռ երկար ժամանակ խաղաղ բնակչության համար ոչ բնակելի կամ դժվար բնակելի տարածաշրջան է համարվելու:  Ուրեմն, եկենք  հենվենք այս փաստի և ոչ՝  աշխարհագրական վերլուծության վրա:


-Հայության համար  այսօր զգայուն թեմա է այդ շրջաններում բնակվող հայերի ճակատագիրը: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում հայության հետագա ճակատագիրն այդտեղ, մանավանդ՝ Ղամիշլիի և մերձակա հատվածներում,  ի՞նչ ապագա է սպասվում հայկական Ղամիշլիին:


-Մեզ համար, այո, առաջնահերթ է հասկանալ, թե ի՞նչ է լինելու այդ շրջաններում ապրող հայության ճակատագիրը: Առհասարակ, ոչ միայն՝ Ղամիշլիի, այլև՝ սիրիահայության ճակատագիրը, Լիբանանի հայության, Մերձավոր Արևելքի բոլոր երկրների հայերի ճակատագիրը, ներառյալ՝  Պարսից ծոցի երկրներում ապրող մեր հայրենակիցների ճակատագրերը:

Տխուր է, որ Հայաստանը կրկին, այս անգամ էլ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, չունի այդ երկրների բնակիչներին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ ծրագրեր: Իսկ մենք տեսել ենք, թե անցյալում ինչպես  զգալի թվով սիրիահայեր և լիբանանահայեր եկան Հայաստան, և մեծ մասը մեկնեց, քանի որ իրենց համար այստեղ չկան համապատասխան ծրագրեր…

Հիմա հյուսիսային Սիրիայի հայությանը անդրադառնալով ասեմ, որ այդտեղի հայությունը, ինչպես գիտեք, գյուղատնտեսությանը մոտ գտնվող և  շատ աշխատասեր ժողովուրդ է, ստեղծագործ, նույնքան ստեղծագործ, որքան՝ հալեպահայությունը, բայց է՛լ ավելի, այն իմաստով, որ այդտեղի հայերն ավելի շատ հողին, տնտեսությանը, գյուղատնտեսությանը կառչած մարդիկ են:  Այսինքն, նրանց վերաբնակեցումը Հայաստանում կարող էր արդեն  նախապատրաստված լինել նախկինում,  և եթե Հայաստանում լինեին իրատեսական ծրագրեր, գյուղատնտեսությանը  առնչվող կայուն ծրագրեր, ապա  այսօր այդ հայությանն այստեղ տեղափոխելը շատ հեշտ կլիներ:

Այսօր բնակչությունը  կենտրոնացած է Երևանում և դա  խնդիր է. այստեղ եկած հալեպահայությունը չհամաձայնվեց բնակվելու Երևանից դուրս, որովհետև քաղաքաբնակ է, քաղաքային միջավայրից է եկել…  Իսկ Սիրիայի նշված շրջանների հայությունը գյուղաբնակ է, և նրանց  կարելի է մեծ հաջողությամբ առաջարկել ինչ-որ զարգացման ծրագիր՝ կայուն գյուղատնտեսության հեռանկարով: Ես պարզապես այս առիթն օգտագործելով կոչ եմ ուղղում մեր հայրենի իշխանություններին՝ այս դեպքերից  դասեր քաղել. առաջին հերթին, որ այս ամեն ինչ պետք է լինի կանխամտածված, նախատեսված:   Մերձավոր Արևելքի հայկական համայնքները, արդեն տասնամյակ է՝ վտանգված են, և նրանք, ուզեն թե չուզեն, վաղ թե ուշ, տարհանվելու են այդ տարածքներից:  Եվ այնքան ժամանակ, ինչքան մենք պատրաստ և կարող չլինենք նրանց ընդունելուն, նրանց կորցնելու ենք նախ որպես հայրենակիցներ, և նաև կորցնելու ենք նրանց կապիտալը, որպես հայաշխարհի կարևոր կապիտալ, այս դեպքում  ոչ թե միայն ֆինանսական, այլ ավելին՝ գիտելիքների և փորձառության կապիտալ, որ նույնպես շատ կարևոր է:  Մենք գիտենք, որ հալեպահայությունն իր հետ Հայաստան է  բերել ռեստորանային մշակույթի տարբեր փորձառություն, իր ներդրումն է ունեցել այդ ասպարեզում և նաև նրանց այդ ներդրումից հետո է,  որ Հայաստանում այլ ընթացք  է ստացել ռեստորանային ոլորտը, որ զբոսաշրջության կարևորագույն օղակներից մեկն է, և սիրիահայերի այդ ներմուծումներից  Հայաստանը շատ  է շահել:  Հալեպահայությունը  Հայաստանում նաև փոքր արդյունաբերության բնագավառում է իր ազդեցությունն ունեցել և դեռ ունենալու է… Իսկ հյուսիսային Սիրիայի ժողովրդի դեպքում կարելի է այլ ակնկալիքներ ունենալ, բայց ոչ՝ տարերայնորեն  գործելով և ոչ այդ հարցերը թողնելով մարդկանց վզին, այլ՝ պետական ծրագրերի միջոցով, պետական համակարգի և մեծ բիզնեսի համատեղ  ու համակարգված գործունեությամբ: Այնպես որ շատ բան կարելի է անել այդ շրջանների հայերին Հայաստան բերելու, նրանց հայրենադարձությունը կազմակերպելու առումով, անընդունելի է նրանց թողնել իրենց ճակատագրին, տարերային քայլեր անել… Հստակ ծրագրեր պետք է կազմվեն, որ այդ մարդիկ գան և միանգամից Հայաստանում հաստատվելու,  աշխատանք ունենալու և զարգանալու,  երկիրն էլ իրենց հետ զարգացնելու բոլոր հնարավորություններն ունենան:  Ես չգիտեմ՝ եթե այս կոչը մեր իշխանություններին կհասնի՞ և նրանք ինչ որ բան կնախաձեռնե՞ն…   Եթե այս անգամ արդեն ուշ է, ապա այս անգամ-ը պետք է լինի համահայկական դաս՝ հետո-ի համար, և մենք պետք է պատրաստ լինենք աշխարհի տասը միլիոն հայությանը մեզ մոտ ընդունելու և իրեն ներուժը մեզ մոտ կազմակերպելու համար: Սա իմ տեսակետն է, և  պետք  չէ սպասել, որ ամեն անգամ մի բան պատահի, մենք ամեն անգամ նույն հարցը տանք՝ բա ի՞նչ են անելու այս մարդիկ, այս սփյուռքահայքերը, որոնք անտեր են:  Եվ իրականում այսօր մեր հայությունը հայտնվում է շատ վատ մի դրության մեջ, որովհետև դիմացը թուրքերն են, մյուս կողմն էլ՝ դավաճանված, լքված քրդերը,  և ինչքան էլ այսօր հայ-քրդական հարաբերություններից, բարեկամությունից ենք խոսում, բայց ամեն դեպքում, քրդերը հայությանը նայելու են որպես դավաճանած կողմ կամ պոտենցիալ դավաճան, ազգայնական քրդերն էլ փորձելու են հայկական ուենցվածքին տեր դառնալ: Այնպես, որ դժվար և բարդ իրավիճակ է, որը առավելևս բարդանում է այն պատճառով, որ մենք մեկ անգամ ևս բացարձակապես պատրաստված չենք, մենք նման դեպքերի համար մեզ համար լուծումներ չենք պատրաստել:


-Տեսակետներ կան, որ այդ շրջանների հայերը չեն ուզում գալ Հայաստան և նույնիսկ չեն ուզում հեռանալ իրենց բնակավայրերից: Այդ մասին ի՞նչ կասեք:


-Նախ իրենց ուզելով չէ, իրենք արդեն տարհանվում են այդ վայրերից:  Ըստ որոշ տեղեկությունների, արդեն շատ հայ ընտանիքներ Հալեպ են տեղափոխվել, իսկ Հալեպից ժամանակի ընթացքում եթե չկարողանան  իրենց հայրենի բնակավայրերը վերադառնալ, ապա արտագաղթելու են կամ դեպի Բեյրութ ու Հայաստան, կամ էլ արտասահման են գնալու:  Իսկ նրանց զանգվածային  Հայաստան բերելու նպատակ  ու ծրագիր եթե լինի, մեծ հաճույքով կգան Հայաստան:  Բայց փորձը ցույց է տվել, որ նախկինում մեծ խմբերով եկած սիրիահայերը շատ են չարչարվել, մի մասը վերաարտագաղթել է, իսկ մնացողներն էլ երկար պայքարից հետո են միայն կարողացել տան կամ աշխատանքի տեր դառնալ, այն էլ՝ ոչ պետական ծրագրերի շնորհիվ:

Այս շրջանների հայերը, անշուշտ, չեն ուզենա գալ, և դա է մեր ամենամեծ ձախողությունը, նաև՝ հայրենի  բոլոր իշխանությունների և մեր բիզնես սեկտորի բոլոր գործիչների, որ ձեռնածալ նստել և սպասում ենք, որ այսպիսի պահերին սկսենք կարծիք հայտնել և մեր երևակայությանը ուժ տանք, թե ի՛նչ պետք է արված լիներ, որ այդ մարդիկ գային. ամենապարկեշտները այսպիսի  ռեակցիաներ են ունենում, իսկ անպարկեշտներն ասում են՝ իրենք չեն ուզում Հայաստան գալ… Ո՛չ, այդպես չէ, յուրաքանչյուր հայ, եթե ավելի լավ ապրելու հնարավորություն ունենա, մեծ հաճույքով կապրի իր սեփական հայրենիքում, փոխանակ ապրի օտարի օրենքի և լծի տակ՝ իրեն զգալով երկրորդ կարգի քաղաքացի: