image
Հրատապ լուրեր:

«Սփյուռքը մեզ հետ կապ չունի». Սահակ Բ պատրիարք

«Սփյուռքը մեզ հետ կապ չունի». Սահակ Բ պատրիարք

Պոլսո նորընտիր պատրիարք Սահակ  Բ-ն անսպասելի հայտարարություններ է արել թուրքական «Աքշամ»  օրաթերթին: Թերթին տված հարցազրույցում պատրիարքը, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև հայկական սփյուռքի մասին, նշելով, որ սփյուռքահայությունն ու պոլսահայությունն իրար հետ կապ չունեն, և որ հայկական սփյուռքը, նրա խոսքերով, 100 տարի հետ  է մնացել: Պատրիարքն այս հարցի մասին իր հարցազրույցում մասնավորապես ասել է.

 

«Հայկական սփյուռքը մեզ հետ կապ չունի: 1915-ի և հաջորդող հիշողությունը սերնդե սերունդ են փոխանցել։ Նրանք էլ տեսել են, որ այս խնդիրն առնվազն միություն է առաջացնում և ստեղծել են ժխտական հավաքական գիտակցություն։ Ողբերգության վրա հիմնված հավաքական գիտակցություն է ստեղծվել։ Չեն ուզում դա կորցնել:  Իսկ մենք այդ դեպքերից հետո  մնացինք այս հողերի վրա։ Մենք ընտրեցինք ապրել մյուս ներկայացուցիչների հետ:  Սփյուռքը 100 տարի հետ  է մնացել:  Մեր բնակչությունը 50-60 հազար է։ Բնակչության նվազումն ունի երկու պատճառ, որոնցից մեկը մեզնից կախված պատճառ է: Դա մահերի և ծնունդների համեմատությունների տարբերությունն է։ 1.2 տոկոս ծնելիություն ունենք և 2.6 տոկոս մահ։ Չենք բազմանում:  Կան մարդիկ, որոնք հույս են դրել արտասահմանի վրա, առիթը չեն կորցնում՝ մեկնելու: Մեր   համալսարանական երիտասարդները խառն ամուսնություններ են կատարում: Սա էլ է  պակասելու պատճառ: Մարդիկ ձգտում են դեպի ընդհանրացած մշակույթը։ Ես Բայրամփաշայում եմ  մեծացել և թաղի միակ հայ ընտանիքը մենք էինք։ Ապրում էինք առանց կրոնական հարցի:  Այսինքն ժողովուրդներն իրար հետ հարց չունեն։ Մենք մեծացել ենք՝  օրը հինգ անգամ նամազ լսելով»։

 

Թուրքիայի նախագահի գլխավոր խոսափողներից մեկը համարվող «Աքշամ» թերթին տված  հարցազրույցում Պոլսո պատրիարքը նաև ասել է.


«Թուրքիայի բոլոր փոքրամասնությունները համամիտ են, որ մենք մեր ամենահանգիստ շրջանն ապրել ենք ԱՔ կուսակցության իշխանության տարիներին։ Մասնավորապես 2008-ին Վաքըֆների օրենքում կատարված փոփոխությունը շատ կարևոր էր մեզ համար։ Մենք այստեղ  մնացել ենք 2 հազար հույն, 50 հազար հայ, 10 հազար հրեա և 8 հազար ասորի։ Մենք երկրի ընդհանուր բնակչության մեկ հազարերորդն ենք կազմում, սակայն փոքր լինելը չի նշանակում անարժեք լինել։ Փոքրամասնությունների խնդիրը Օսմանյան շրջանից ի վեր Թուրքիայի ներքին գործերին միջամտելու համար օգտագործված թեմա է դարձել։ Մենք չենք ուզում, որ այս հարցի պատճառով Թուրքիան համաշխարհային քաղաքականության մեջ վնաս կրի։ Մենք այս երկրի քաղաքացիներն ենք, այս երկրի դեմ ուղղված որևէ խոսք մեզ էլ է  վիրավորում։ Գոհ ենք պետության հետաքրքրությունից։ Մեր հանրապետության նախագահը հանգիստ հասանելի է մեզ համար։ Նախարարներ են հաճախ գալիս մեզ այցելության, մեր կուսակալը մշտապես հետաքրքրություն է ցուցաբերում մեր հանդեպ»:  


Թարգմանությունը՝  Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի