image

«Հայոց եկեղեցու պատմություն» դասանյութը չեղյալ համարելը անընդունելի է եւ տանելու է ներքին լ

«Հայոց եկեղեցու պատմություն»  դասանյութը    չեղյալ  համարելը  անընդունելի է եւ տանելու է ներքին լ

-Սրբազան Հայր, ինչպե՞ս եք  գնահատում   Հայաստանի  դպրոցական առարկաների ցանկից «Հայոց եկեղեցու  պատմություն»-ը հանելու նախարարության որոշումը:  

 

-Կնճռոտ հարց է,  և տակավին բուռն քննարկումների տեղիք է տալու, սակայն առաջին իսկ մտահոգությունս այն է, որ հարցը հանրային քննարկման կդրվի՝  առանց եկեղեցի-պետություն հարաբերությունները համակարգող համապատասխան հանձնախմբի հետ էական քննարկումների և փոխահամաձայնության։

Մյուս մտահոգությունն այն է, որ  հարցը,  ուղղակի դրվելով  ընդհանուր հանրային քննարկման, արդեն իսկ իր մեջ ներքին լարվածություն ստեղծելու վտանգ է պարունակում և  առիթ է տալու տեղի ու անտեղի շահարկումների` ոլորտից անտեղյակ հասարակությանը ևս ներգրավելով իր մեջ։ Ուստի, վստահ ենք, որ ներկա ներքաղաքական պայքարում ոչ ճիշտ մոտեցմամբ սկսված այս քննարկումը սխալ որոշումների է  հանգեցնելու:

Անշուշտ, «Հայոց եկեղեցու  պատմություն» առարկայի շուրջ նման զարգացումներն ու մոտեցումները երևան են հանելու ամենալուրջ մտահոգությունը` վերապահ մոտեցումը՝ Հայ Եկեղեցու և նրա գործունեության հանդեպ, այս դեպքում՝ կրթական-դաստիարակչական գործի տեսանկյունից։

 

-Որպես  սփյուռքում   հոգևոր  ծառայության կոչված  առաջնորդ, Ձեր կարծիքով, այս քայլը վնաս հասցնելո՞ւ է հայ դպրոցականի կրթությանը: 

 

-Դժբախտաբար հայրենիքում մեր հայրենակիցները ամբողջական պատկերացում չունեն սփյուռքի, հատկապես՝ ավանդական սփյուռքի ձևավորման, հայ մնալու և այդ ուղղությամբ տարված և տարվող պայքարի ու զոհողությունների մասին։

Ես Հայաստանում եմ ծնվել և մեծացել, սակայն երբ սփյուռքի հնագույն և ավանդական համայնքներից մեկում՝ Եգիպտոսում ծառայելու կոչվեցի, այստեղ մի նոր  իրականության  ականատեսը, իսկ հետո էլ՝ մասնակիցը դարձա: Նկատի ունեմ այն, որ օտարության մեջ հաստատված և բացառապես տարբեր մտածողության, մշակույթի, կրոնի ազդեցության տակ գտնվելով հանդերձ` հայապահպանման գիտակցված հատուկ մասնավոր մոտեցում է ցուցաբերվում, կրթվում և դաստիարակվում են զուտ հայեցի մտածողությամբ, ազգային պատկանելիության գիտակցությամբ, հայախոս, մշակութային ինքնությունը կրող և պահող սերունդներ։

Այս բոլորը հարյուրամյակներով  կազմակերպում և իրականացնում է եկեղեցին։ Եկեղեցու շուրջ են համախմբվում բոլորը:  Շատ վարժարաններ կան, որ եկեղեցուն են պատկանում, ազգային միություններն ու ակումբները հիմնական նյութական և բարոյական աջակցությունը եկեղեցուց են  ստանան,  ավելին` կառավարական փաստաթղթերում հայ համայնքը գրանցված է որպես Հայ Առաքելական Եկեղեցու համայնք։

Ինչո՞ւ եմ թվարկում և  շեշտում այս բոլորը. որովհետև նախկինում ունեցած  իր փառավոր, իսկ ներկայումս նոսրացած վիճակում Եգիպտոսում մեր եկեղեցին եղել  և մինչ օրս մնում է հայությունը միավորող, կապող, կրթող ու դաստիարակող օղակը։ Այն քրիստոնեական հավատի քարոզչությունը միախառնել է ազգային գաղափարախոսության հետ` իր շուրջ համախմբելով բոլորին,  հիմնել է վարժարաններ, որտեղ դասավանդվում են հայոց լեզու, հայոց պատմություն, երգ-երաժշտություն, հայոց եկեղեցու և կրոնի պատմություն և այս բոլորը՝  Եգիպտոսի Կրթության և Գիտության նախարարության հատուկ  արտոնությամբ։

Այս դրությունը, որ գոյություն ունի,  զուտ տեղական ինքնակառավարման մարմինների  բարյացակամ վերաբերմունքի արդյունք չէ, այլ օտարության մեջ հայտնված հայ մարդու էությունը հնարավորին չափ ազգային գաղափարախոսության և արժեհամակարգի վրա հիմնելու և խարխսված պահելու հաստատական համոզում է սա, որ այս ուղղությամբ տարված համառ ու բազմակողմանի աշխատանքի արդյունքն է:

Այս առումով հաճախ քննադատական խոսքեր էլ ենք  լսում, որ մեր եկեղեցին ավելի շատ ազգայինն է քարոզում, քան՝ քրիստոնեությունը։ Սակայն,  նրանց համար թերևս դժվար է  հասկանալ, որ քրիստոնեությունը մենք դարերով  վերարտադրում ենք ազգային մեր ինքնության միջոցով և ձևերով։ Այդ է պատճառը, որ այն մնայուն ներկայություն ունի մեր ընդհանուր գիտակցության, մտածողության, մշակույթի, ճարտարապետության, երաժշտության, լեզվի պահպանության մեջ։

Հետևաբար, Հայոց Եկեղեցին  հանդիսանում է մեր ազգի միասնության, գոյապայքարի և ինքնուրույնության պահպանող և երաշխավոր կարևորագոյն հաստատությունը։

Այո, ներկա կրթական համակարգը  բարելավելու աշխատանքները ողջունելի են, նպատակն էլ միանշանակ ընկալելի է՝ խելացի, գիտակից, կրթված և զարգացած սերունդ ունենալը։ Սակայն այս ամենի մեջ ավելի կարևոր է նաև ազնիվ, բարի, բարոյական սկզբունքներ ունեցող, ազգասեր և հայրենասեր հայ կերտելը։

Այս առումով բացառիկ դերակատարություն է ունեցել և ունի մեր եկեղեցին, իսկ վերջին 15 տարվա  ընթացքում էլ  այդ դերակատարությունն իրականացվում է նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման միջոցով։

Հետևաբար դուրս մղելով այն դպրոցական ծրագրից, հայ երեխան պիտի զրկվի իր ազգային արժեհամակարգի ամենակարևոր մեկ բաղադրիչից, իսկ ժամանակի ընթացքում նաև՝ անտարբեր պիտի գտնվի նրա և նրա կողմից դարերով ստեղծած արժեքների հանդեպ, ինչը  ազդեցություն է ունենալու նաև ազգային այլ արժեքների վրա` լեզու, պատմություն, հայրենիք, ընտանիք և այլն։

Այսպիսի սերունդ ունեցող ազգը երկար չի կարող դիմակայել կյանքի ներկա պայմաններին, երբ շրջապատված է թշնամիներով և  գտնվում է հարձակման մշտական սպառնալիքների տակ։

 

-Նման մոտեցման մեջ եկեղեցու դերը նվազեցնելու միտումներ տեսնո՞ւմ եք:

 

-Փաստ է, որ այս վերջին շրջանում Հայոց Հայրապետի և Հայ Եկեղեցու դեմ կազմակերպված և քողարկված ուղղորդվող շարժումների հանդեպ բացառիկ անտարբերություն է ցուցաբերվում։ Այսօր էլ, շատերը առիթը չեն փախցնում անպատշաճ հայտարարություններ կատարելու, անհարկի որակումներ տալու, երբեմն էլ՝ սպառնալիքներով խոսելու։

Այս բոլորը կարելի է ինչ-որ կերպ մեկնաբանել և վերագրել անհատական մոտեցումների, սակայն իրականությունն այն է, որ այս բոլորը անհատական դաշտից, մասնավոր դիտավորությամբ դուրս է բերվում  հանրային դաշտ ու  սկսվում է Հայ Եկեղեցին վարկաբեկելու մի գործընթաց, որից, անշուշտ, անմասն չեն մնում նման առիթի սպասող ներքին և արտաքին հակաեկեղեցական ուժերը։

Այս ամենով հանդերձ չեմ ուզում վատատես լինել. վստահում  եմ հայրենի մեր իշխանությունների և իշխանավորների իմաստնությանը` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն առնչվող հարցերը քննարկելիս, եկեղեցուն վերաբերվել ոչ իբրև պարզ կառույցի  կամ մի քանի տարվա գրանցում ունեցող կրոնական կազմակերպության, այլ գիր ու գրականություն, մշակոյթ, պատմություն ազգային և բարոյական արժեհամակարգ ստեղծած, ազգային ինքնություն ձևավորած և հարյուրամյակներով մղված պայքարով այն պահած ու ապագա սերունդներին փոխանցելու լծված աստվածահիմն հաստատության։

Հետևաբար, նման հաստատությունը ճիշտ չէ ենթարկել տարիների կտրվածքով փոփոխվող կառավարությունների և ղեկավարների մոտեցումներին, հատկապես, երբ օրենքով ամրագրված է եկեղեցի-պետություն հարաբերությունների հիմնական սկզբունքը, կա համագործակցության փորձառություն և կատարված մեծ աշխատանք ։

 

-Սփյուռքում,   ձեր դիտարկմամբ, ինչպե՞ս գնահատվեց  հայրենի  կրթական մարմինների  այս  մոտեցումը։

 

-Անշուշտ, սփյուռքը գործնական մակարդակով տեսել ու  տեսնում է եկեղեցու դերն և մասնակցությունը՝ կրթության և ընդհանրապես ազգային արժեքների պահպանության և փոխանցման առումով, և դժվար է պատկերացնում նման մոտեցմամբ հարցերին լուծումներ տալու գործելաձևը՝ նույնիսկ հաշվի առնելով  սփյուռքյան բազմակարծությունը։