image

Ալիեւը փորձում է ստուգել միջազգային հանրության արձագանքը. Ադրբեջանագետ

Ալիեւը փորձում է ստուգել միջազգային հանրության արձագանքը. Ադրբեջանագետ

«Արեւելքի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան.

 

-Ի՞նչ եք կարծում Տավուշի դեպքերն ինչ-որ տեղ Ալիեւի օգտին եղա՞ն, այն իմաստով, որ նա անաղմուկ կերպով կարողացավ պաշտոնանկ անել Մամեդյարովին ու նաեւ ինչ-որ տեղ բացառել նոր ընդդիմության ձեւավորումը։

Մամեդյարովի հրաժարականն այդքան էլ պայմանավորված չէր Տավուշի դեպքերով, ուղղակի առիթ էր, որ արագացրեց այն պրոցեսը, որն արդեն ամիսներ շարունակ մենք դիտարկում էին եւ  ազդակները զգում էինք, որ Արտաքին գործերի նախարարին, այնուամենայնիվ, ազատելու են պաշտոնից: Դրա ազդակներն էին թե՛ ադրբեջանական մեջլիսում իրեն ուղղված  բավականին հստակ քննադատությունը, որ բանակցային գործընթացում Մամեդյարովը չափազանց մեղմ է եւ հանդուրժողական, եւ որ ավելի կոշտ դիրքերից պետք է բանակցի: Թե՛ այն, որ դրանից հետո մենք տեսանք, որ ամբողջ աշխարհին ցուցադրեցին իր տղայի ունեցվածքն ԱՄՆ-ում, այդ թվում նաեւ՝ բնակարաններն ու բազմամիլիոնանոց ունեցվածքը:

Տեսանք նաեւ թե ինչպես ԱԱԾ-ն մտավ Արտաքին գործերի նախարարություն՝  ստուգումների, եւ ձերբակալվեցին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ՝  կոռուպցիայի գործերով:

Այսինքն այս գործընթացը նախապատրաստվում էր վաղուց եւ Տավուշի դեպքերն ուղղակի լավ առիթ էին Ալիեւի համար, այսպես երկու նապաստակ խփելու համար,  եւ բանակցային գործընթացում իրավիճակի դանդաղ զարգացումը բարդելու այլոց,  այդ թվում՝ Մամեդյարովի վրա: Եվ Ալիեւն էլ  այդ մասին նույնպես օրեր առաջ խոսել էր, թե ինքը դժգոհ է Մինսկի խմբի գործունեության  անպտուղ լինելուց եւ գերադասում է հարցը տանել դեպի ռազմական ճանապարհ, ինչի արտացոլանքն էր նաեւ այն, ինչ տեսանք Տավուշում:

 

 

-Այս  ընթացքը  հաշվի առնելով՝  ավելի լայնածավալ ռազմական գործողություններ սպասելի՞ են։

Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների ավելի լայնամասշտաբ  դառնալուն, ապա Ալիեւը նախ պետք է վստահ լինի, որ կարող է հասնել ինչ-որ հաջողությունների: Ես  կարծում եմ, որ այս փուլում ինքն ավելի շատ փորձում է ստուգել միջազգային հանրության  արձագանքը, որը բավականին ամորֆ էր եւ չեզոք: Քովիդի համաճարակի պայմաններում միջազգային հանրությունը հիմա առանձնապես ուշադրությունը չի սեւեռում այս ուղղությամբ, եւ Ալիեւի համար դա էլ է նաեւ  ազդակ: Բայց ես կարծում եմ, որ վրեժխնդրության  իր մոլուցքով, ինքը շարունակելու է փորձեր անել, նաեւ սադրանքների գնալ առաջնագծում, իսկ կհասնի՞ արդյոք իրավիճակը լայնածավալ պատերազմի, այս պահի դրությամբ չեմ կարող նման բան կանխատեսել:

 

 

-Արդյո՞ք Անկարան այս անգամ դուրս կգա Հայաստանին  դատապարտող հայտարարություններից ու միջամուխ կլինի ռազմական  գործողությունների,  հատկապես՝ Նախիջեւանի  հատվածում:

Անկարան միշտ սատարել  է Ադրբեջանին, ոչ միայն խոսքով, այլ նաեւ՝ ռազմական ոլորտում, ե՛ւ ռազմական տեխնիկայով, ե՛ւ զորավարժություններով, ե՛ւ նաեւ Ադրբեջանի հատուկ ջոկատայինները, որոնցից Տավուշում ոչնչացվեցին,  ուսում են ստանում եւ ստաժ անցնում Թուրքիայում: Այսինքն Թուրքիան Ադրբեջանին հնարավորինս այդ հարցով, նաեւ պրակտիկորեն է աջակցում:  Ինչ  վերաբերում է նախիջեւանյան ուղղությանը,  ես, իհարկե, ռազմական փորձագետ չեմ, բայց տրամաբանությունը  հուշում է, որ այդ ուղղությունն ավելի շատ նրա համար է, որ հայկական կողմն իր ուժերը բաշխի երեք ուղղությամբ՝ Արցախի, Նախիջեւանի եւ Տավուշի միջեւ, որպեսզի ավելի հյուծվի:

Այսինքն պատերազմական գործողությունների պետք է սպասել, այո՛, նաե՛ւ նախիջեւանյան ուղղությամբ: Դրա համար պետք է  պատրաստ լինել,  որովհետեւ մենք իրենց զորավարժությունների տրամաբանությունից այդ ենք տեսնում, որ   որ իրենք  պատրաստվում են մեզ  ճնշել բոլոր ուղղություններով, թվում նաեւ՝ Թուրքիայի  աջակցությամբ: