Վերջին իրադարձությունների ֆոնին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հայերն իրենց պատկանող խանութներից հանում են թուրքական արտադրության ապրանքները։ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից Կարեն Վարդանյանը, որ նման կոչ էր հնչեցրել և այդ մասին պատմել էր նաև սոցցանցերում, պատասխանում է «Արեւելքի» հարցերին.
-Ո՞ւմ նախաձեռնությամբ որոշվեց թուրքական ապրանքները դուրս բերել հայկական վաճառատներից:
-Նախ ասեմ, որ արդեն տարիներ ի վեր հայկական հեռուստատեսությունը սոցիալական հոլովակ է ցուցադրում` կոչ անելով չգնել թուրքական ապրանքներ, որովհետև այս առևտրի եկամուտի մեկ մասը օգտագործվում է զենքի արտադրության մեջ, որը հետագայում փաստացի գործածվում է մեր սահմանները պաշտպանող զինվորի դեմ: Նույնիսկ սա նկատի ունենալով, կարծում եմ, որ մենք մեծ մասամբ թուրքականը մերժելու անհրաժեշտ գիտակցությունը չունենք. փաստը` 88-ից սկսված Արցախյան ազատամարտը և առավել ևս` Հայոց Եղեռնը: Երկրորդը քիչ ավելի ցավալի և տարակուսելի է, որովհետև թուրքական ապրանքներ են ներկրում ընկերություններ, որոնց տերերը Եղեռնի զոհերի ուղղակի ժառանգներն են: Այս պահին տեղի ունեցողը կարծում եմ, որ ավելի շուտ արձագանքն է ազերիների արարքների` իրենք (ցավոք առաջինը) Մոսկվայում արգելեցին իրենց պատկանող վաճառքի սրահներում հայկական ապրանքների առևտուրը: Մեր արածի նպատակի մասին արդեն սոցցանցերում տարածված իմ տեսանյութի մեջ խոսել եմ` նույնիսկ մեկ սենթ մեր դեմ ակտիվորեն կռվող թշնամուն չտալն է, որ նույնիսկ մեկ փամփուշտ մեր տված գումարով չպատրաստվի:
-Վերջին օրերին արտասահմանում ընթացող հայերի հավաքները Ադրբեջանը տարբեր ձևերով փորձեց խանգարել. Դուք որևէ վտանգ տեսնո՞ւմ եք հայության համար, և կոնկրետ ԱՄՆ-ում տեղական իշխանությունները ի՞նչպես արձագանքեցին կատարվածին:
-Ադրբեջանցիների կամ թուրքերի հակազդեցությունը վտանգավոր է. ապացույցը՝ առանձին հայերի վրա խմբով հարձակումներն ու ծեծն են: Կարծում եմ իրենք ներքին պահանջ չունեն համախմբվելու, բայց իրենց պետությունը այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատում է` ազգային ինքնության գաղափար ծնեցնելու համար: Նույնը վերաբերվում է ակտիվ լոբբինգին, այստեղ միայն կարող եմ ուրախանալ, որ հայկական կազմակերպությունները, հայ դեսպանատների հետ միասին, ակտիվորեն զբաղված են մեր խնդիրները միջազգային մակարդակով հասանելի դարձնելու գործով: Հավանաբար այս կազմակերպություններն ավելի տեղյակ են, թե ինչպիսին է ամերիկյան շրջանակների արձագանքը տեղի ունեցածին:
-Հայկական խանութների տերերի արձագանքը ապրանքները հանելու այդ կոչին, ինչպիսի՞ն էր ընդդիմացողներ չեղա՞ն, ասելով, որ սա, ի վերջո, բիզնես է:
-Ընդհանուր հարցում չեմ արել, բայց իմ իմացած հայկական խանութների տերերը հիմնականում դրական են մոտեցել թուրքական ապրանքները հանել կոչերին, գաղափարին. մեր խնդիրը հասկացնելը պետք է լինի այն հայ գործարարներին որոնք անմիջապես Թուրքիայից ապրանք են ներկրում, որ ոչ մեկ գումար կամ եկամուտ չի կարող արդարացնել քո նախնիներին սպանած, քո եղբայրների հետ կռվող և քո զավակներին ոչնչացնել կամեցող թշնամու հետ գործ ունենալը: