image
Հրատապ լուրեր:

Այժմ գնդակը Հայաստանի իշխանությունների և հայ գործարարների դաշտում է. Սևակ Արծրունի

Այժմ գնդակը Հայաստանի իշխանությունների և հայ գործարարների դաշտում է. Սևակ Արծրունի

Վերջին շրջանում Մերձավոր Արևելքում սրված իրավիճակը և թուրքական գործոնի ակտիվացումը մտահոգությունների առիթ են դառնում տարածաշրջանում  առկա  հայկական համայնքների առումով:  Ի՞նչ հնարավոր անդրադարձներ կունենան այդ խմորումները հայության վրա.   «Արեւելքի» հարցերին պատասխանում է գործարար, հասարակական գործիչ Սևակ Արծրունին.

 

-Պարոն  Արծրունի, վերջերս մի շարք վերլուծաբաններ նկատել են,  թե Թուրքիան իր ամբողջ ուժով ձգտում է ներկայություն ունենալ Լիբանանում:  Եթե ճիշտ են այս վերլուծումները,  և եթե իսկապես Լիբանանում իրականություն դառնան թուրքական ծրագրերը, Ձեր կարծիքով, վտանգ սպառնալո՞ւ է լիբանանահայությանը, և արդյո՞ք հայրենադարձության մասին Ձեր հայտարարությունը հիմնված էր այս ամենի վրա։

Էրդողանը մինչև 2023 թվականը կա՛մ կընկնի, կա՛մ կփոխի տարածաշրջանի պատմությունը՝ շրջելով Աթաթուրքի էջը, կիրականացնի Օսմանյան Թուրքիայի էրդողանյան տեսլականը: Այս նպատակով նախապես Օսմանյան կայսրության մաս հանդիսացող բոլոր երկրների նկատմամբ Էրդողանի վարչակարգի կողմից իրականացվում է ապակայունացման գործողություններ՝ Կովկասից մինչև հյուսիսային Աֆրիկա:

Անշուշտ ապակայունացման աստիճանը Լևանտում և հատկապես Լևանտի  լիբանանասիրիական տարածաշրջանում, ինչպես նաև Իրաքում և Լիբիայում, համաղետային է: Վերջին շաբաթներին, ըստ որոշ տեղեկությունների, թուրքական ծառայությունները զինում են ինչպես Սիրիայի, այնպես էլ Լիբանանի սուննի աշիրեթներին՝ նրանց մղելով շիաների դեմ սրբազան պատերազմի:

Տարածաշրջանում ձևավորվում են նախկինում անհավատալի թվացող զինակցություններ՝ Իրանի, Ռուսաստանի և արևմտյան որոշ տերությունների մասնակցությամբ, ընդդեմ թուրք սուննիական նախագծերի:

Ատլանտիստական կենտրոնները՝ Վաշինգտոնը, Լոնդոնն ու Թել Ավիվը գործում են խարդավանքներով՝ թուրքական զենքը Ռուսաստանի և Իրանի դեմ օգտագործելու հին ու չհնացող ակնկալիքով:

Նման աղետալի և հետզհետե վատացող պայմաններում, Հայաստանից դուրս՝ այդ տարածքներում բնակվող հայության վիճակն ահազանգային է, այնտեղ գործող հայկական կառույցներն ու հաստատությունները անզոր են դիմակայել նման համաղետային և բարդագույն ալիքի:  Այս իրավիճակում միակ կարող ուժը բնականաբար հայրենի պետությունն է, որը պարտավոր է ստանձնել իր պատմական դերը և Հայաստան տեղափոխել բոլոր նրանց, ովքեր նման ցանկություն կունենան:

Համայնքները պահելու հայկական ավանդական եկեղեցու և կուսակցությունների նկրտումը հասկանալի է, սակայն, իմ կարծիքով, անիրատեսական է: Մարդիկ արդենիսկ զանգվածային կերպով հեռանում են, և այս ընթացքը կարագանա յուրաքանչյուր նոր ճգնաժամի հետ: Այսինքն գնդակը Հայաստանի իշխանությունների և հայ գործարարների դաշտում է, մենք ուզենք թե չուզենք, դիմակայում ենք հերթական աղետը, մնում է լինենք իրատես, նախաձեռնող և այս աղետն օգտագործենք հայրենի տնտեսության կայացման և հայության հզորացման տեսլականի օգտին...

Այս իրողությունը քաջ գիտակցելով՝  Անկարան ապակայունացնում է նաև իրավիճակը Հայաստանի հյուսիս- արևելյան սահմանին: Սակայն հայկական զենքի կտրուկ հարվածն անկանխատեսելի էր Անկարայի համար:

Այնուամենայնիվ, Անկարայի համար անորոշությունները շատ են, անկանխատեսելի է նաև շիիթական գործոնը, Իսրայելի անվստահելի ու ծայրաստիճան պատեհապաշտ քաղաքականությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում օր օրի խորացող անորոշությունը:

 

-Վերջին շաբաթներին նկատում ենք նաև, որ  մեծ մասշտաբի լարվածություն կա հունա-թուրքական ճակատում: Պատճառն ու առիթը Թուրքիայի «նավթային ախորժակներն» են:  Ի՞նչի կարող է հանգեցնել  այդ լարվածությունը:

Թուրքիայի համար նավթի և գազի շահագործման պահանջը միայն տնտեսական նշանակություն չունի: Լոզանից հետո Թուրքիան զրկվել է էներգիա սպասարկող երկիր լինելու իրավունքից: Անշուշտ, կայսրություն ձևավորելու համար նրան անհրաժեշտ են օր օրի բացահայտվող միջերկրականյան գազի պաշարները և դրանցից ակնկալվող եկամուտները: Սակայն Էրդողանի կողմից թուրք-հունական կնճռի հրահրումը միայն տնտեսական նպատակ չի հետապնդում:

Լարելով հարաբերությունները Հունաստանի հետ, մտնելով Սիրիա, Լիբանան, Իրաք և Լիբիա, բաժին պահանջելով միջերկրականյան նավթահորերից և գազի պաշարներից, Սաուդյան Արաբիայից, համաիսլամական Խալիֆաթի դրոշը վերցնելով, երկրում կրոնապետություն հիմնելով, վերաիսլամացնելով Սուրբ Սոֆիան և հունական ու ասորական սրբատեղիներն ու  այսպիսի տասնյակ այլ ցուցադրական ու հիմքային գործողություններով Էրդողանն իրականում դրժում է Թուրքիայի Հանրապետության՝ Լոզանում ստանձնած պարտավորությունները և ազգային, հոգեբանական անցում կատարում դեպի Օսմանյան պետություն:

Բնականաբար նման գործընթացը կարող է հրդեհել ամբողջ տարածաշրջանը: Իմ կարծիքով, սակայն, առաջիկա ամիսներին և տարիներին ավանդական էներգիաների աղբյուրների վերահսկողության նկատմամբ աշխարհաքաղաքական լարվածությունը կթուլանա, և չի բացառվում որ երկրորդական տերություններ, ինչպիսիք են Թուրքիան և Հունաստանը կկարողանան էներգիա սպասարկող երկրների ակումբ մտնելու իրավունք ձեռք բերել:

Սակայն կայսերական Թուրքիայի երազը, համոզված եմ, կփլվի ժամանակակից Թուրքիայի գլխին, իսկ դրա հետևանքները, իմ համոզմամբ, կարող են համաղետային լինել ամբողջ տարածաշրջանի համար:

 

-Այս դեպքում ի՞նչ պետք է լինի մեր՝ հայության անելիքը, հատկապես Հայաստանում:

Պահը լուրջ է և պատասխանատու: Այս իրավիճակում մենք կարող ենք արձանագրել հսկա հաջողություններ,  եթե լինենք սթափ, պրագմատիկ, հեռատես, նպատակասլաց, աշխատասեր և ամենակարևորը՝ մեզանում բացառենք միֆեր սպասարկողների առկայությունը:

Օրինակ, վերջերս լրատվամիջոցներում կարդացի Տիգրան Խզմալյանին վերաբերվող նյութեր: Նման անձնավորությունները կարող են անլուրջ թվալ ինձ ու շատերի համար, բայց  եկեք ընդունենք, որ իրականում այդ մարդիկ վտանգավոր են: Նմանները սնուցում են մեզանում տարածվող անհիմն առասպելներ:

Թուրքիան առաջնորդում է քաղաքակրթական լուրջ նախագիծ, որը, արկածախսդրություն լինելով հանդերձ, երկրորդական պատճառներով ընդունվում է աշխարհի շատ կենտրոններում: Նման մոլորակային, քաղաքակրթական, քաղաքատնտեսական ալիքի դիմաց Հայաստանն ունի մեկ իրական և գլխավոր դաշնակից, որն է՝ Ռուսաստանը:

Խզմալյանի և նրա նմանների հակառուսական կրքոտ ֆանտազիան հույզերի աշխարհում ձևավորված երևույթ է, այն բացարձակ ոչ մի կապ չունի իրատեսականության, քաղաքականության, ռազմաքաղաքականության, տնտեսագիտության կամ մեկ այլ   շոշափելի ոլորտի հետ: Այս տեսակետը տարածող մարդիկ չեն խորշում նույնիսկ քարոզել, թե մեր բոլոր ձախողությունների ու հիասթափությունների պատճառը ոչ թե մենք, այլ հենց Ռուսաստանն է:

Մինչ այդ, իրականում հարցը պարզ է ու տարրական: Ի՞նչ բնույթի հարաբերություններ ունի Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ:

Դաոիստները կյանքի ամենատարրական ճշմարտությունները բացահայտող գեղեցիկ խոսքեր ունեն, որոնցից մեկն ասում է. «Ձուկը չի գիտակցում, որ ապրում է ջրում, սակայն եթե նրան հանես ջրից, այն կսատկի»:

Մենք, համոզված եմ, միջին ձկանից ավելի գիտակցություն ու տրամաբանություն ունենք և կարող ենք ինքնուրույն գիտակցել մի շարք պատմական, տնտեսա-քաղաքական, ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական իրողություններ, որոնք վերաբերվում են մեր պատմությանը, ներկային ու ապագային: Հայ-ռուսական զենքի ու տնտեսական համագործակցության դեմ ցանկացած ոտնձգություն հարվածում է մեր կայացման, հզորացման, տնտեսական զարգացման հեռանկարներին:

Երբ Խզմալյանը բարձրաձայնում է իր հակակրանքը պաղեստինցիների հանդեպ, նա նկատի չունի Էրդողանի առերևույթ պաղեստինասիրությունը, այլ` Իսրայելի գերակայության իրավունքը՝ մյուս ազգերի նկատմամբ: Նման հայտարարություն, այն  պայմաններում, երբ հայությունը հարյուրամյակներ շարունակ ապրում է սուննի և շիա արաբների տիրույթում, առնվազն անպատասխանատվություն է և հակասում է մեր ազգային անվտանգության սկզբունքներին:

Խզմալյանը, իր ընկերներն ու նմանակները չեն կարող չգիտակցել, որ լինելով ռուսաստանյան տնտեսական և ռազմական ճամբարում, մենք մեր մարտունակությամբ ու աշխարհաքաղաքական դիրքով մնում ենք գործոն:

Իսկ նրանց կողմից շահարկող Մոսկվայի պայմանագիրը, երիտթուրքա-բոլշևիկյան համագործակցությունը ոչ թե ռուս ժողովրդի, այլ միջազգայնական սովետական նախագիծ էր, որի դարանակալ հիմնադիրների միակ նպատակն էր փլուզվող Օսմանյան կայսրությունը բաժանել իրենց միջև՝ առանց բաժին հանելու Ռուսաստանին և նրա դաշնակից հայերին: Այստեղից էլ՝ Հայոց ցեղասպանությունը և մեր հազարամյա քաղաքակրթական կապիտալի բնաջնջումն ու փոխանցումը (Խզմալյանի սիրած կենտրոնների ձեռքով, արհեստականորեն ստեղծված) թուրք քաղքենիությանը:

Վերոնշյալները անքննարկելի իրողություններ են, նույնիսկ եթե դրանք որոշ պարոնների և տիկինների ականջին հաճելի չեն հնչում:

 

-Չնայած համաճարակին, տնտեսական ճգնաժամին, սահմանի պայթունավտանգ իրավիճակին, տարածաշրջանային բռնկումներին, Դուք շարունակում եք օր օրի  ծավալվող Ձեր բիզնես գործունեությունը և  միշտ լավատես եք: Ո՞րն է Ձեր լավատեսության գաղտնիքը:

Մենք հզոր ենք մեր չքնաղ հայրենիքով, անսպառ պատմությամբ, ազգային քաղաքակրթական եզակի ներուժով և հնարավորություններով: Մեր ազգը զինված է առ կրթությունն ու մշակույթն ունեցած ենթագիտակցական սիրով, տնտեսական աներևակայելի նախաձեռնողականությամբ, մեկդարյա հաղթականության (ամենահաղթության) բարդույթով, մարտունակությամբ և փիլիսոփայության աստիճանի հասնող հումորով:

Մենք կարող ենք հարյուր հազարներով հավաքվել ու չնայած լարվածությանը, ոչ  մի ապակի չջարդել,  ոչ մի քիթ չարյունել:

Իմ լավատեսության և ներշնչանքի աղբյուրը մեր ժողովուրդն է՝ իր անբացատրելի տաղանդով՝ Արտավազդ Փելեշյանով, Արթուր Մեսչյանով, Տիգրան Համասյանով, Սերգեյ Խաչատրյանով․․․ և  նմաններին մեզ պարգևող հայի անսպառ արգանդով: