image
Հրատապ լուրեր:

Թիկունքում ավելի շատ է խուճապը, առաջնագծում խուճապ չկա. Վահագն Չախալյան

Թիկունքում ավելի շատ է խուճապը, առաջնագծում խուճապ չկա. Վահագն Չախալյան

Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության կամավորական խումբը պատերազմի առաջին օրվանից միավորվել է  «Սև Հովազներ» ջոկատին և  մեկնել առաջնագիծ:

«Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանն «Արեւելքի» հետ զրույցում նշեց, որ կամավորականներն այսօր էլ առաջնագծում են, եղել են թե՛ հարավում, թե՛ հյուսիսում, մասնակցում են մարտերի: Ցավոք, ինչպես ասաց, անհավասար մարտերից մեկի ժամանակ,  անօդաչու  սարքի հարվածից վիրավորվել, հետո  զոհվել է հրամանատար Ռուստամ Գասպարյանը, զոհվել են նաև նրա որդի Ռաֆո Գասպարյանը և ջոկատի անդամ «Դոկտոր»ը՝ Արթուր Ավետիսյանը, սակայն ջոկատի մյուս անդամները շարունակում են պայքարը՝ թշնամու դեմ: «Նրանք իսկական նվիրյալներ էին: Մենք ցավով հրաժեշտ տվինք նրանց: Մեր հրամանատարը՝ Ռուստամ Գասպարյանը, հայրենասեր, իր ողջ կյանքը հայրենիքին նվիրված մարտիկ էր, որ զոհվեց վասն հայրենյաց»,- ասաց նա:

 

Գնահատելով մարտերը, Վահագն Չախալյանն ասաց, թե  թշնամու առավելությունն այս պահին անօդաչուներն ու օդանավերն են.  «Երկինքը փակելուց հետո ընդամենը երկու-երեք օրվա խնդիր է նրանց հաղթելը, նրանց ջարդը տալը»,-ասաց Վահագն Չախալյանը, ավելացնելով, թե չպետք է մոռանալ, որ թշնամու նպատակը շատ ավելի հեռահար է, այդ պատճառով  իրենց նախաձեռնությունը, այլ կառույցների շարքում շարունակում է կամավորականների հավաքագրումը, նոր ուժեր են ուղարկվում Սյունիք և կոչ արեց կամավորականների՝ զինվորագրվել և մեկնել հայրենիքը պաշտպանելու: 

«Տրամադրությունները մարտական են, միանշանակ հաղթելու ենք, որևէ մեկը թող չկասկածի մեր հաղթանակին»,-ասաց Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավարը, նշելով, որ այսօր պահն է միավորվելու և միասնական պայքարով կերտելու Հայոց ամենամեծ հաղթանակը:

«Կոչ եմ հանում համախմբման, քաղաքական տարաձայնությունները մի կողմ դնելու, հիմա դրա ժամանակը չէ, հիմա պետք է ամեն մեկն իր հնարավորությունների չափով, ով ինչով կարող է, ամեն ինչ անի՝ հանուն ռազմաճակատի, հանուն առաջնագծի: Իսկ մնացած խնդիրների մասին կխոսենք հաղթանակից հետո»,-ասաց Վահագն Չախալյանը:

Նա անհիմն է նկատում որոշ խուճապային տրամադրություններ, պարտվողական կոչերը և այլն:

«Թիկունքում ավելի շատ է խուճապը, առաջնագծում այդպիսի տրամադրություններ չկան, կոչ եմ անում վերջ տալ այդ տրամադրություններին,  խուճապ և պարտվողական մթնոլորտ ստեղծողները մի պահ  թող կանգ առնեն, հանգստանան, դրա ժամանակը չէ, թշնամու ջրաղացին ջուր լցնողները հետո պատասխան են տալու»,-մեզ հետ զրույցում նշեց  հասարակական նախաձեռնության առաջնորդը՝ խորհուրդ տալով բոլոր ուժերը կենտրոնացնել հայրենիքը պաշտպանելու և հաղթանակի վրա:

Նրան հարցրինք նաև առաջնագծում գտնվողների կարիքների մասին:

«Մյուսների պահով չեմ կարող ասել, բայց կոնկրետ մեր ունեցած կարիքն այս պահին հեռադիտակները, գիշերային տեսադիտակներն ու կապի միջոցներն են: Մեր հայրենակիցները, եթե ինչ-որ բանով ուզում են օգնել, թող նման միջոցներ հավաքեն և ուղարկեն»,-նշեց մեր զրուցակիցը: