image

Իսրայելն Իրանի «հարցերը լուծելու համար» միջոցների մեջ ոչ մի բացառություն չի դնում. Սևակ Արծրունի

Իսրայելն Իրանի  «հարցերը լուծելու համար» միջոցների մեջ ոչ մի բացառություն չի դնում. Սևակ Արծրունի

Հրապարակախոս եւ գործարար Սևակ Արծրունին, օրերս գրառում կատարելով նշել է, որ այսօր Արցախի դեմ ընթացող պատերազմի երկարաձգման միակ պատճառն Իսրայելն է, կոչ անելով աշխարհասփյուռ հայությանը՝ աշխարհի ամեն մի անկյունում բացահայտել Թուրքիայի և Ադրբեջանի հետևում գործող իսրայելցի մեղավորներին, զինողներին, նրանց արդարացնողներին...

Այս միտքը պարզաբանելու համար  Արեւելք -ը  դիմեց Սևակ Արծրունուն՝ խնդրելով առավել մանրամասն մեկնաբանել.

 

 

-Ձեր հրապարակային գրառման մեջ նշել էիք, թե այս պատերազմի երկարաձգման միակ պատճառն Իսրայելն է: Ի՞նչ հիմքեր ունի նման մեկնաբանությունը, և այդ առումով ի՞նչ քայլերի պետք է դիմի հայությունը:

 

-Պնդումներն այն մասին, թե Իսրայելն Ադրբեջանին զենք է վաճառում ընդամենը տնտեսական նպատակներով, կարծում եմ՝ բացարձակ սխալ է մի քանի պատճառներով:

Նախ կան հստակ հայտարարարություններ. իսրայելցի մասնագետների (ներառյալ Իսրայելի նախկին նախագահի) և իսրայելական լրատվամիջոցների վերջին տարիներին հրապարակած հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը համարվում է Իսրայելի ռազմավարական կարևորագույն գործընկերներից մեկը, ինքնին հիմք է մտածելու, որ Իսրայելը պաշտպանում է Ադրբեջանին:

Երկրորդ. նկատենք, որ զենքի վաճառքի գործընթացը միայն զենք վաճառելով չի վերջանում, այլ նաև ստեղծված են համատեղ ձեռնարկություններ, անօդաչու սարքեր են արտադրվում Բաքու քաղաքի մոտակայքում, որի միջոցով են հիմնականում սպանվում  մեր զինվորները: Հայտնի է, որ  գնդացրի  փամփուշտից մեր զինվորներից քչերն են զոհվում, մեծամասնությունը զոհվում է թուրքական «Բայրակթար» և իսրայելական անօդաչու թռչող սարքերից:

Երրորդ հիմնավորումն այն է, որ հստակ երևում է ԱՄՆ-ում և Եվրոպայում իսրայելական լոբբիի կողմից վերահսկվող լրատվամիջոցների և լոբբիստական կենտրոնների հետևողական աշխատանքը՝ հայամետ ռեակցիաների վերահսկման առումով: Նույնիսկ տեսել ենք, որ որոշ մտավորականներ հայամետ, արձագանքներ են ունեցել, և նրանք մեկ կամ երկու օր հետո իսրայելական լոբբիի ճնշումների ազդեցության տակ ջնջել են իրենց հրապարակային գրառումները և այլն…

 

Այս ամեն ինչը մտածել է տալիս, որ Իսրայելը տարածաշրջանում լուրջ աշխարհաքաղաքական նպատակներ է հետապնդում, իսկ այդ նպատակները հստակ են՝ դա նախևառաջ Գոբլի ծրագրով Իրանի բացարձակ մեկուսացումն է: Թե Իսրայելն իր ազգային անվտանգության համակարգում Հայաստանի նկատմամբ ինչ-որ գաղտնի (բնականաբար, բացասական) հեռանկարներ ունի՞, թե՞ ոչ, ես չեմ կարող ասել, նման ինֆորմացիա չկա, կարող եմ միայն ենթադրել… Սակայն այն, որ Իսրայելը Իրանին համարում է իր գոյությանը սպառնացող թշնամի՝ հստակ է, և Իրանի «հարցերը լուծելու համար» միջոցների մեջ ոչ մի բացառություն չի դնում, ընդհուպ մինչև Հայաստանի ժողովրդի հանդեպ ցեղասպանությունը որպես միջոց, դա արդեն կարծում եմ բոլորիս համար կասկածից դուրս է:

 

Ի՞նչ պետք է անել. ընդամենը պետք է անել հետևյալը: Իսրայելը մինչև այսօր աշխարհում իր հարցերը լուծել է տեղեկատվական միատերություն սահմանելով:

 

Այսինքն, այսօր եթե մենք կարողանանք միջազգայնորեն բարձրաձայնել այն, որ Իսրայելը սեփական խնդիրների լուծման համար այլ ազգերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացնում, ես վստահ եմ՝ իսրայելական գոնե լոբբիստական կենտրոնները կնահանջեն, և Թուրքիան չի կարողանա շարունակել այս քաղաքականությունը:

Թուրքիան ինքն աշխարհում ընդհանրապես մեկուսացված պետություն է: Այսօր օգտագործվում է միայն Իսրայելի լոբբիստական միջոցները: Մեր լոբբիստական զանգվածը պետք է թողնի Թուրքիային և Ադրբեջանին և  զբաղվի միանշանակ միայն իսրայելական կենտրոններով՝ դեսպանատների, իսրայելական լոբբիստական կենտրոնների գործողությունների բացահայտումով և դատապարտումով:

 

Սա՛ եմ ես տեսնում որպես հաջորդ հանգրվանի ամենամեծ առաջնահերթություն:

Հակառակ դեպքում այս պատերազմը շատ կերկարի ու շատ մաշող կլինի նաև մեզ համար: