image

Նուիրեալներ. Հայոց բանակի հերոսներէն՝ Սարգիս Ղազարեանի պատմութիւնը

Նուիրեալներ. Հայոց բանակի հերոսներէն՝ Սարգիս Ղազարեանի պատմութիւնը

Armdaily.am կայքէն  կը կարդանք`

Մատաղիսի մէջ հերոսացած Սարգիս Մովսէսի Ղազարեան քանի մը օրէն պիտի ըլլար 19 տարեկան։

«Ծնուել է 2001 թուականի դեկտեմբերի 3-ին Ճամբարակ քաղաքում, զինուորականի ընտանիքում։ Դեռ մանկուց գիտակցել է զինուորական կեանքի լրջութիւնը, քանի որ հայրը զինուորական էր եւ Սարգսին նոյնպէս այդ ոգով էր դաստիարակել։ Դպրոցական տարիներին աչքի է ընկել իրա հաւասարակշռուած պահուածքով եւ խելացիութեամբ։ Մանկուց երազում էր բժշկի մասնագիտութեան մասին, եւ ոչ մի ջանք չէր խնայում նպատակին հասնելու համար։ Սարգիսը ընդունուեց ԵՊԲՀ՝ անվճար։ Յետոյ որոշեց, որ հայրենիքի պարտքը պէտք է կատարի, անցնի ծառայութեան Զինուած Ուժերում, անցաւ ծառայութեան՝ ծառայութիւնից յետոյ ուսումը շարունակելու նպատակով։ Տեսակով չափազանց բարի էր, հաւասարակշռուած, բայց միեւնոյն ժամանակ կտրուկ, իսկական հայ տղային վայել։ Դեռ մանկուց սիրում էր որսորդութիւնը, մարզանքը, սակայն վերջին տարիներին այդքան էլ չէր կարողանում զբաղուել իր նախասիրութեամբ, քանի որ պարապում էր քիմիա եւ կենսաբանութիւն։ Ընկերներին դիմում էր «ջիկեար»-ով։ Սիրած արտայայտութիւնն էր. «Ի՞նչ կայ, այ իմ հնգեր»։

«Ընտանիքի ու ընկերների պարծանքն էր»,- կը պատմէ ընտանիքի հարազատներէն մէկը։

Ծառայակից ընկերները նոյնպէս կը յայտնեն, որ չափազանց մեծ նուիրումով մօտեցած է իր անձնազոհ գործին, օգնած է կարիքաւոր զինուորին, ուժ ու դուխ տուած է, որպէսզի ընկճուածութիւն չըլլայ։ Սարգիս Ղազարեան մինչեւ վերջին վայրկեան չէ լքած մարտական դիրքը, ծառայակիցներուն ըսած է. «Տղե՛րք, դուք փախէք, փրկուէք, ես կը մնամ, կը պահեմ...»։

Սարգիսի մեծ մայրը ապագայ բժիշկ թոռնիկին հետ մեծ յոյսեր կապած էր։ Ան միշտ կ'ըսէր. «Իմ տղեն պիտի բժիշկ դառնայ՝ գայ ինձ բուժի»։

Հերոսի քոյրը կը նշէ. «Յոյսով սպասում էի գտնուելուն։ 1 ամիս յոյսս չէր մարում... հիմա գտել եմ. գիտեմ որտեղ է... Ախր դու մանկուց էիր հերոս զինուոր, իր հօր (քեռիիս) նման ուժեղ»։

Սարգիսի մտերիմ ընկերը պատմած է պատերազմի ընթացքին վերջինիս հետ ունեցած զրոյցները. «Պատերազմի օրերն էին, մի շաբաթից աւել լուր չունէի ու զանգեց Սագօս, ուրախ, հպարտ ասեց՝ Հայկօ ПК-ն գիտես, ասեցի հա, դէ պատկերացրա ախպերդ ինչ ա արել էդ զէնքով, դիրքում ինչքան զէնք կայ ամէնից կրակել եմ: Ասեցի Սագս ինչ ա եղել: Ասեց երկու օր ա սպասում եմ թանկ գայ՝ խփեմ, չի գալիս անտէրը, բայց խփելու եմ՝ ասել եմ: Նենց էի ուրախացել, բոլորին պատմել եմ ուրախութիւնից:

Վերջին անգամ, որ խօսացինք, ընկերներիցս մէկը զոհուել էր, խնդրեցի, որ զգոյշ մնայ, ասեց հա ախպերս հաստատ, ամէնը ճշգրիտ ա ու զոհուեց, որ զինակից ընկերներին փրկի…»։

Սարգիսը 3 դեկտեմբերին պիտի ըլլար 19 տարեկան։ Ընտանիքի անդամները որոշած էին կարկանդակով երթալ Սարգիսին մօտ։