image
Հրատապ լուրեր:

Ավետիսյան դպրոցը կյանք ճանապարհեց ևս մեկ սերունդ

Ավետիսյան դպրոցը կյանք ճանապարհեց ևս մեկ սերունդ

Մայիսի 28-ին Ավետիսյան դպրոցը տոնական ու զարդարուն էր հյուրընկալորեն ծածանվող հսկայական եռագույնով, մայիսյան վարդերի շքեղությամբ:

Մթնոլորտը տոգորված էր օրվա խորհրդի շնչով. չէ՞ որ կրթօջախը հրաժեշտ էր տալիս 2020-2021 ուստարվա իր շրջանավարտներին: Հրաժեշտի արարողությանը մասնակցեցին ավագ դպրոցի աշակերտներ, ծնողներ, հյուրեր մայրաքաղաքի կրթական հաստատություններից:

Պատվավոր հյուրերի թվում էին ԱՀԱԸ և Ավետիսյան դպրոցի համակարգող մարմնի ներկայացուցիչները, ինչպես նաև 2019-2020 ուստարվա շրջանավարտները, որոնց ավարտական զանգի հանդիսությունը անցյալ տարի չեղարկվել էր համավարակի պատճառով:

Հնչում է տոնական, հանդիսավոր երաժշտությունը: Ներս են բերվում ՀՀ պետական և Ավետիսյան դպրոցի դրոշները: Հայ Ավետարանական եկեղեցու հովիվ, վերապատվելի Մկրտիչ Մելքոնյանի աղոթքից հետո ողջույնի ուղերձ է հղում դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը: Այնուհետև շրջանավարտներին իր հայրական խոսքն է ասում ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը:

Շրջանավարտներին բարեմաղթանքի և ողջերթի ուղերձով է դիմում ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը: Օրվա բանախոսը՝ Կալիֆորնիայի համալսարանի դասախոս, դոկտոր Հասմիկ Բարանը իր շնորհավորական ելույթում կարևորում է ներկա դարաշրջանի մարտահրավերների պայմաններում ճիշտ ընտրության և աստվածահաճո ապրելակերպի անհրաժեշտությունը:

Շրջանավարտների անունից շնորհակալական խոսք են ասում Լուսյա Գյուրջյանը և Կարո Պետրոսյանը: Այնուհետև բեմ են հրավիրվում ուստարվա 34 շրջանավարտները, որոնք վերապատվելի Զավեն Խանջյանի ձեռքից ստանում են իրենց հասունության վկայականները՝ միջնակարգ դպրոցն ավարտելու հավաստագրերը: Ավետիսյան դպրոցի ավարտական հանդեսը, ավանդույթի համաձայն, ավարտվում է դպրոցի կանաչազարդ բակում, որտեղից շրջանավարտները երկինք են թռցնում իրենց երազանքների գույնզգույն օդապարիկները: Բարի՜ ճանապարհ, սիրելի՛ շրջանավարտներ: Ձեր ստեղծագործ ճախրանքին մաղթում ենք անամպ երկինք և խաղաղ հորիզոններ: