image
Հրատապ լուրեր:

Արկադի Տեր-Թադևոսյանը հանդիպել է հայ գեներալների և ռազմական փորձագետների հետ

Արկադի Տեր-Թադևոսյանը հանդիպել է հայ գեներալների և ռազմական փորձագետների հետ

«Արևելքի» տեղեկություններով, երեկ և այսօր  տեղի է ունեցել գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հանդիպումը՝ մի շարք պաշտոնաթող գեներալների և ռազմական փորձագետների հետ, որոնք Հայաստան են ժամանել Արկադի Տեր-Թադևոսյանի կոչով: Հանդիպումների ժամանակ քննարկվել է Արցախի և Հայաստանի սահմանամերձ շրջանների իրավիճակը, որոշվել է  ստեղծել աշխատանքային մարմին, որը կհամակարգի հետագա աշխատանքները: Այլ մանրամասներ համակարգող մարմնից չհաղորդեցին, նշելով, որ հարկ եղած ժամանակ հանդես կգան հայտարարությամբ: 


Ինչպես հայտնի է, ապրիլի 10-ին գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը հանդես էր եկել կոչով, որում ասված է. 


«Հարգելի աշխարհասփյուռ հայության գեներալներ եւ ռազմական փորձագետներ,

Այսօր հայության առջեւ ծառացել են կենաց-մահու խնդիրներ: Պանթուրքիզմը փորձեց եւ շարունակելու է փորձել ծնկի բերել հայ ժողովրդին, որովհետեւ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն են այդ գաղափարախոսության կյանքի կոչման հիմնական խոչընդոտներից մեկը: Իրենց յուրահատուկ վայրագությամբ եւ նենգությամբ, օգտագործելով բոլոր տեսակի զինյալներին եւ զինատեսակները, իսլամական պետության զինյալներից սկսած մինչեւ սմերչներ, հարձակվեցին սահմանին կանգնած հայ զինվորի վրա: Չնայած գործադրած բոլոր ջանքերին՝ հայ զինվորը դիմագրավեց եւ հաղթեց, զոհվեց, բայց չընկրկեց: Շատերը իրենց կյանքը նվիրաբերեցին հայոց աշխարհը կանգուն պահելու սուրբ գործին:

Եվ հիմա, կորստի, ափսոսանքի ու ոգեւորության օրերին մենք պետք է լինենք արժանի հայ զինվորին: Մենք իրավունք չունենք նրա գործած սխրանքը իզուր կորցնելու: Եվ որպեսզի լուծվեն հայ ժողովրդի առաջ ծառացած խնդիրները, թշնամին այլեւս երբեք չհանդգնի հարձակվել մեզ վրա, առավել եւս ոտք դնել մեր սուրբ հողին, մենք պետք է լինենք միասնական:

Կոչ եմ անում աշխարհասփյուռ հայ գեներալների եւ ռազմական փորձագետներին՝ հավաքվել Երեւանում՝ հայության առաջ ծառացած խնդիրների լուծումները եւ համահայկական բանակի ուղիները գտնելու նպատակով:

Մեր միասնությամբ լինենք արժանի մեր զինվորների թափած արյանը»: