image

Տեղի է ունեցել Երևան-Բեյրութ-Երևան ավիաչվերթի պաշտոնական բացումը

Տեղի է ունեցել Երևան-Բեյրութ-Երևան ավիաչվերթի պաշտոնական բացումը

Հայաստանի հանրապետության Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից տեղեկանում ենք, որ ապրիլի 10-ին տեղի է ունեցել «Արմենիա» ավիաընկերության կողմից Երևան-Բեյրութ-Երևան ավիաչվերթի պաշտոնական բացումը: Թռիչքին և բացման արարողությանը մասնակցել են ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը, ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը, Արմենիա ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը, Թալինա Թրավել ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Մալխասյանը, մասնավոր հատվածից ներկայացուցիչներ և լրագրողներ:

Հայկական պատվիրակությանը Բեյրութում դիմավորել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Անդրանիկ Գիդանյանը, Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը, Լիբանանում հայ համայնքի ղեկավար Պողոս Քուրդիանը, բարձրաստիճան պաշտոնյաներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Լիբանանի զբոսաշրջության նախարար Անդրանիկ Գիդանյանը և ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը հանդես են եկել ողջույնի խոսքով՝ երկուստեք կարևորելով չվերթը, երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, զբոսաշրջության զարգացման, երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման, միջմշակութային երկխոսության ապահովման հարցերը:

Երևան-Բեյրութ-Երևան չվերթը մինչև ընթացիկ տարվա հունիս կիրականացվի շաբաթական մեկ անգամ, հունիսից՝ երկու, իսկ հուլիսից՝ երեք անգամ։