image

«Հիշողության պուրակ»-ում եւս մեկ եղեւնի ավելացավ. «Փյունիկ» հիմնադրամի հերթական ձեռնարկը. լուսանկար

«Հիշողության պուրակ»-ում եւս մեկ եղեւնի ավելացավ. «Փյունիկ»  հիմնադրամի հերթական ձեռնարկը. լուսանկար

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի «Հիշողության պուրակ»-ում եղեւնի տնկվեց, որի նախաձեռնողը Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ»  հիմնադրամն է: Տնկված եղեւնու կողքին տեղադրվեց ցուցատախտակ, առ այն, որ հիշատակի ծառը Եղեռնի զոհերի հիշատակին տնկվել է «Փյունիկ» հիմնադրամի համանախագահներ Գաբրիել Չեմբերջյանի եւ Լեւոն Սարգսյանի կողմից: Ծառատնկման արարողությանը ներկա էին նախարարներ, հյուրեր սփյուռքից, մշակութային, կրթական կառույցների ղեկավարներ:

«Արեւելք»-ի հետ զրույցում Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» հիմնադրամի համանախագահ Գաբրիել Չեմբերջյանը նշեց, որ սա հիմնադրամի միակ նախաձեռնությունը չէ, որ առնչվում է Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հիմնադրամը բազում ծրագրեր է իրականացնել, որոնցից մեկն էլ մասնակցությունն է Ցեղասպանության զոհերի թանգարան-ինստիտուտի վերանորոգմանը:   «Ուրախ ենք, որ հայտնի գործիչների տնկած ծառերի կողքին լինելու է նաեւ մեր հիմնադրամի տնկած եղեւնին»,-ասաց Գաբրիել Չեմբերջյանը, հավաստիացնելով, որ հիմնադրամը շարունակելու է կրթական, մշակութային, ազգային եւ զարգացման այլ ծրագրերին ցուցաբերվող  իր աջակցությունը:

Արարողությանը ներկա ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով հայաստանյան դպրոցներում հայոց ցեղասպանության դասավանդման թեմային, ասաց, որ հայոց ցեղասպանության թեման այնպես թե այնպես դասավանդվում է դպրոցներում, հարցը վերաբերվում է ուսումնա-օժանդակ նյութերին, որը պարտավոր ենք ունենալ:  

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ մեկ անգամ եւս հիշեցրեց ապրիլի 24-ի ամենամեծ միջոցառման՝ Համահայկական Սիմֆոնիկ նվագախմբի համերգի մասին, որը համախմբել է հայ երաժիշտներ՝ աշխարհի տարբեր երկրներից: Օպերայի եւ Բալետի Ակադեմիական թատրոնում տեղի ունենալիք համերգը հեռարձակվելու է նաեւ հեռուստատեսությամբ: Ինչպես նշեց Արմեն Ամիրյանը, աշխարհի 20 երկրներից ծագումով հայ 46 երաժիշտներ, որոնք միացել են նաեւ մեր երաժիշտները,  հավաքվելու են Հայաստանում եւ միասնական համերգ են ունենալու, որը ղեկավարելու է հինգ հայ դիրիժոր: