image
Հրատապ լուրեր:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխությունը

Դեկտեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և և ՀՀ Կրթության ու գիտության նախարար տիար Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ, տեղի ունեցավ «Հայոց պատմություն», «Հայոց Եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների ուսուցիչների և դասվարների` «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի 2017 թ. մրցանակաբաշխությունը:

«Լավագույն ուսուցիչ» մրցույթն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ և ՀՀ Կրթության ու գիտության նախարարության ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համատեղ ջանքերով: 2003 թվականից իրականացվող ամենամյա մրցանակաբաշխության բարերարն է Սիլվա Տեր-Ստեփանյանը (ԱՄՆ):

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, այնուհետև ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: Սրբազանն ընդգծեց, որ «Լավագույն ուսուցիչ» մրցույթը գալիս է համալրելու տարվա կարևոր ձեռքբերումների շարքը և միտված է կրթական համակարգի քաջալերանքին: «Եկեղեցին միշտ ստանձնել է կրթական համակարգի առաջամարտիկը լինելու առաքելությունը, և մեր օրերում ևս Հայոց Հայրապետի առաջնորդությամբ և իմաստությամբ այն ստանձնել է ուսուցիչների մեծարանքը: Այնտեղ, որտեղ լույս կա, այդ լույսը պետք է դրվի բարձր տեղում, որպեսզի լուսավորի շատ մանուկների մտքեր և դաստիարակող դառնա կարևոր ազգային ու քրիստոնեական արժեքների մեջ», - ասաց Վարդան Սրբազանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԿԳ նախարար տիար Լևոն Մկրտչյանը` նշելով, որ ուսուցչի աշխատանքն ունի տևական արժևորման կարիք և Մայր Աթոռի հետ համատեղ իրականացվող միջոցառումն այդ գնահատանքն է: «Այս մրցույթը Սուրբ Էջմիածնի բազմաբնույթ ներկայությունն է կրթության համակարգում, որն օգնում է բոլորիս՝ ձևավորելու գիտակից և քաղաքակրթական մեր տեսակին բնորոշ սերունդ: Հաճախ կրթությունը դիտարկվում է սոսկ իբրև գիտելիք, սակայն իրականության մեջ կրթված մարդ լինելու համար գիտելիքն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է: Կրթված մարդն այն տեսակն է, որն ունի այժմեական գիտելիքներ, որոնք օգտագործում է բարձր նպատակների համար: Դա մեր ժողովրդի, մեր տեսակի շարունակական զարգացումն է աշխարհի խառնամբոխում և խռովահույզ այս ժամանակներում»,- ասաց Լևոն Մկրտչյանը՝ շնորհակալություն հայտնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ կրթության համակարգում արժեքային կարևոր դերակատարման համար: Նախարարը շնորհակալություն հայտնեց նաև մանկավարժական հանրույթին՝ ամենօրյա անխոնջ աշխատանքի համար, որով ապահովվում է երկրի կայունությունը և քայլ առ քայլ զարգացումը:

Հանդիսության առիթով խոսք ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ տիկին Ռուզաննա Մուրադյանը` Եկեղեցի-պետություն համագործակցության կարևոր վկայություն նկատելով այս մրցանակաբաշխությունը և անդրադառնալով Եկեղեցու կարևոր դերակատարությանը մատաղ սերնդի արժեքային համակարգի ձևավորման գործում:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ ԿԳ նախարարը հաղթող ուսուցիչներին հանձնեցին մրցույթի մասնակցության վկայականներ, հոգևոր գրականություն ու դրամական պարգևներ:

Առաջին մրցանակը շնորհվեց «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Գայանե Խանամիրյանին (Գեղարքունիք, Գավառի հ. 3 հիմնական դպրոց), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Արմենուհի Խաչատրյանին (Շիրակ, Արթիկի հ. 6 հիմնական դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Գոհար Հայրունուն (Երևան, Ալ. Շիրվանզադեի անվան հ. 21 հիմնական դպրոց), դասվար Թամարա Միրզոյանին (Երևան, Լ.Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոց), «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Անահիտ Կարապետյանին (Շիրակ, Ջրափիի միջնակարգ դպրոց) և «Ֆիզիկա» առարկայի ուսուցիչ Աշոտ Արտոյանին (Շիրակ, Գյումրու «Ֆոտոն» վարժարան):

Երկրորդ մրցանակի արժանացան «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Սուսաննա Սաղաթելյանը (Արագածոտն, Օշականի միջնակարգ դպրոց), «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Թամարա Կարապետյանը (Շիրակ, Գյումրու հ. 6 հիմնական դպրոց), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Նաիրա Պետրոսյանը (Արարատ, Այնթափի հ.  2 միջնակարգ դպրոց), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Նազիկ Գիշյանը (Լոռի, Վանաձորի հ. 19 հիմնական դպրոց), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Վարդուհի Ղազարյանը (Շիրակ, Գյումրու հ. 6 հիմն. դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Աստղիկ Սահակյանը (Տավուշ, Իջևանի վարժարան), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Սուսաննա Հակոբյանը (Երևան, հ. 105 ավագ դպրոց), դասվար Էլլա Մարտիրոսյանը (Կոտայք, Հրազդանի հ. 9 հիմնական դպրոց), «Ֆիզիկա» առարկայի ուսուցչուհի Գայանե Մարտիրոսյանը (Շիրակ, Գյումրու հ. 37 ավագ դպրոց), «Ֆիզիկա» առարկայի ուսուցչուհի Սուսաննա Տոնոյանը (Արմավիր, Վաղարշապատի հ. 6 հիմնական դպրոց):

Երրորդ մրցանակի արժանացան «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Լիանա Մատինյանը (Լոռի,  Վանաձորի հ. 10 ավագ դպրոց), «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Դիլաքյանը (Կոտայք, Լեռնանիստի միջնակարգ դպրոց), «Հայոց պատմություն» առարկայի ուսուցիչ Արկադի Ակոպովը (Շիրակ, Մայիսյանի միջնակարգ դպրոց), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Կարինե Սարգսյանը (Արագածոտն, Մաստարայի միջն. դպրոց), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Նվարդ Հովսեփյանը (Երևան, Ալ. Պուշկինի անվան հ. 8 հիմնական դպրոց),  «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Աստղիկ Բոստանչյանը (Գեղարքունիք, Գավառի հ. 5 հիմնական դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Լիանա Իկիլիկյանը (Շիրակ, Ազատանի միջնակարգ դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Հերիքնազ Կարապետյանը (Երևան,  հ. 118 ավագ դպրոց), դասվար Նոնա Պողոսյանը (Կոտայք, Աբովյանի հ. 10 հիմն. դպրոց), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչ Տիգրան Սարգսյանը (Երևան, «Տաթև» դպրոց), դասվար Ալվարդ Ղազարյանը (Երևան, «Վարդանանք» կրթահամալիր), «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Լուիզա Վարդանյանը (Սյունիք, Գորիսի հ. 4 ավագ դպրոց):

Վկայականներ և նվերներ հանձնվեցին նաև մրցույթին մասնակցած մնացյալ 70 ուսուցիչներին:

Մրցանակաբաշխությունից հետո խոսք ասաց առաջին մրցանակի արժանացած ուսուցչուհիներից տիկին Գոհար Հայրունին: Վերջինս շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին, ԿԳ նախարարին և բոլոր կազմակերպիչներին` ուրախությամբ արձանագրելով, որ մրցույթի միջոցով կարևորվում է ուսուցչի դերը հանրային կյանքում:

Հանդիսության շրջանակներում գեղարվեստական կատարումներով հանդես եկան Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գյումրիի Հայորդյաց տան երգչախումբն ու «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տան նվագախմբերն ու պարախումբը:

Ցերեկույթի վերջում մասնակիցներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ողջունելով բարի ավանդույթ դարձած հանդիսության առիթով Մայր Աթոռում մեկտեղված կրթության մշակներին` Վեհափառ Հայրապետը մասնավորապես նշեց. «…Մրցանակաբաշխությունը կոչված է վերարժևորելու մեր մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը նվիրված ուսուցիչների աշխատանքը, նաև՝ գնահատելու և քաջալերելու մեր ուսուցիչներին իրենց պատասխանատու և նվիրական առաքելության մեջ:

Աստվածաշնչյան Ժողովողն ասում է. «Մարդու իմաստությունը լոյս է տալիս նրա երեսին» (Ժող.  Ը 1): Սուրբգրային խոսքի շնորհընկալներն այսօր դուք եք, սիրելի ուսուցիչներ, որ հարստացած գիտելիքներով և հոգու իմաստությամբ, լույս եք տալիս ձեր սաներին, ձեր կողմից կրթվող ու դաստիարակվող սերունդներին, որպեսզի նրանք ևս լուսավորվեն, ճանաչեն կյանքի իմաստը, առաջնորդվեն հոգևոր արժեքներով և կարողանան հաղթահարել իրենց առջև բարձրացող խնդիրներն ու փորձությունները: Արագորեն զարգացող և փոփոխվող այսօրվա աշխարհում ուսումն ու կրթությունը, նկարագրի, անհատականության ձևավորումը առաջնահերթ են ազգի և պետության համար: Արդ, դուք՝ խոնարհ ու պարզ սպասավորներդ գիտության ու կրթության, ձեր մտային ու հոգևոր իմաստության լույսով ի զորու եք առողջ և զորավոր սերունդ պատրաստել, ովքեր պիտի շենացնեն մեր հայրենի երկիրն ու ազգային կյանքը, պիտի պահպանեն մեր սահմանները և պիտի պաշտպանեն մեր ժողովրդի իրավունքները: Մենք համոզված ենք, որ այս գիտակցությունը, այս տեսլականը ամեն օր ձեր աշխատանքում ներշնչում է ձեզ՝ հավելելով կորով ու նվիրում:

Մենք գոհունակությամբ ենք անդրադառնում, որ Կրթության և գիտության նախարարությունը ջանում է արդիական դարձնել կրթությունը մեր երկրում, նաև՝ արժանի կերպով գնահատել մանկավարժների աշխատանքը: Ուրախ ենք, որ ամրանում է մեր Եկեղեցու և նախարարության համագործակցությունը՝ ի նպաստ մեր զավակների հոգևոր ճանաչողության, նրանց հոգում հավատքի սերմանման, որպեսզի ընթանան ճշմարիտ ուղիով, լինեն արժանավոր զավակները մեր երկրի ու ժողովրդի: Լինել երջանիկ ազգ՝ ծաղկուն պետությամբ և ազգային կյանքով. սա պիտի լինի նաև մեր կրթության նպատակը»:

Նորին Սրբությունը հայրապետական իր գնահատանքը բերեց ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը և նախարար Լևոն Մկրտչյանին` Եկեղեցու նախաձեռնություններին աջակցելու համար, ինչպես նաև մրցանակաբաշխության կազմակերպիչ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան եպիսկոպոսին և ՔԴԿ աշխատակիցներին:

Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը հղեց մրցանակաբաշխության բարերարին` մաղթելով, որ Ամենաբարին Աստված օրհնի մեծազնիվ բարերարին և վարձահատույց լինի իրագործած եկեղեցանվեր և ազգանվեր գործերի համար:

Գարեգին Բ Կաթողիկոսը նաև Աստծո ամենախնամ հովանին և առաջնորդությունը հայցեց մանկավարժներին և կրթության բնագավառի պատասխանատուներին` բարձրորեն գնահատելով նրանց նախանձախնդիր ջանքերը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթք բարձրացրեց առ Աստված, որ լուսավոր պահի միտքն ու հոգին երեխաների և կրթության սպասավորներին պարգևի նոր կորով ու եռանդ, արդյունավոր ջանքեր՝ ի նպաստ ազգային մեր բոլոր կրթօջախների օրավուր բարգավաճման և պայծառացման:

Հանդիսությունը փակվեց հայրապետական «Պահպանիչ» աղոթքով: