image

Հայրապետական Սուրբ Պատարագ Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցում

Հայրապետական Սուրբ Պատարագ Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցում

Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Ամենայն Հայոց Կաթողիկոսն Իտալիայի հայոց հովվության հոգևոր դասի և վարչական խորհրդի հրավերով մեկնել է Իտալիա` հանդիսապետելու Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցու կառուցման 60-ամյակին նվիրված արարողությունները:  

Հայրապետական Սուրբ Պատարագին ներկա էին հայ համայնքի անդամներ,  Միլանում և Իտալիայում գործող հայկական ազգային հաստատությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիկ. Վիկտորիա Բաղդասարյանը, Միլանում ՀՀ պատվո հյուպատոս տիար Պիետրո Քուչուկյանը, ինչպես նաև Միլանի էկումենիկ խորհրդի անդամներ:

Սրբազան արարողության ընթացքում Նորին Սրբությունն Իտալիայի հայությանը փոխանցեց հայրապետական իր օրհնությունը, շնորհավորանքներն ու բարեմաղթանքները` ուրախություն հայտնելով հիշարժան այս առիթով վերստին հանդիպման և միասնական հոգեպարար աղոթքի հնարավորության համար:

«Քրիստոնեական մեր կյանքում, սիրելիներ, մեծ խանդավառություն է եկեղեցու կառուցման հիշատակումը, քանզի եկեղեցու սուրբ ավազանից ծնվածներիս համար չկա նվիրական այլ վայր, քան եկեղեցին: Տիրոջ սուրբ տաճարում երկնառաք բարիքներով լիանում են հավատացյալների հոգիները, լցվում մխիթարությամբ, առատանում Սուրբ Հոգու շնորհներով: Եկեղեցու կամարների ներքո մեր հոգիներում սերմանվում են հույսն ու սերը, զորանում հավատքը և լույս տալիս մեր մտքի և հոգու տեսողությանը, որպեսզի եկեղեցիացած՝ մեր քայլերը հաստատուն պահենք Տիրոջ շավիղներում և արժանի դառնանք Քրիստոսի պարգևած փրկության շնորհին՝ երկնային արքայության երանությանը:

Այս մեծագույն իղձով, որը նպատակն է քրիստոնեական կյանքի, մեր ժողովրդի զավակները որտեղ և ապրեցին՝ կառուցեցին իրենց եկեղեցիները, որ ապրեն աստվածային սրբության ու օրհնության մեջ և անխախտ հավատարմությամբ՝ առաքելահաստատ մեր Եկեղեցուն ու աստվածակառույց Սուրբ Էջմիածնին: Հավատքի և եկեղեցասիրության այս վկայությունը վառ կերպով բերում եք նաև դուք, սիրելիներ, Իտալիայում ապրող հայորդիներդ: Ձեր բարեպաշտությունը, հավատարմությունը քրիստոնեական մեր ինքնությանն ու արժեքներին, հիմքն են այս օրհնյալ երկրում ձեր հանդեպ հարգանքի ու վստահության և ձեր հաջողությունների, որովհետև Աստված բարիք է պարգևում խոնարհ սրտով և մաքուր հոգով Իր շնորհները ընդունողներին:

Իտալիայում ապրող հայերիդ միջոցով ամրանում են քրիստոնյա մեր երկու ժողովուրդների եղբայրական կապերը, և այսօր նաև՝ բազմակողմանի դարձող համագործակցությունը Իտալիայի և Հայաստանի միջև», - նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամում:

Վեհափառ Հայրապետը նաև խոսեց յուրաքանչյուր հայորդու կողմից Հայրենիքի հանդեպ պարտքի մասին: «Մեր ժողովուրդն այսօր Հայաստանում վերափոխումների նոր հույսերով է լցված և հավատում է հայրենի երկրի զարգացման նոր ընթացքներին ու բարի ապագային, որը պիտի կերտենք առ մեր Տերն ապավինությամբ, միասնաբար ու միմյանց աջակցելով: Մեր նվիրումով ու ընդհանուր ջանքերով մեր հայրենիքը պիտի դարձնենք ազգային կյանքի և ազգային իղձերի ամուր պատվարը: Հայրենիքը մեր ժողովրդի կենսագրությունն է, պատմությունը, մեր սրբություններն ու արժեքներն են, քրիստոնեական նկարագիրը:Այս ճանաչողությունն ու հավատքի ոգին է, որ պիտի փոխանցենք մեր զավակներին: Նրանց համար նույնպես հասկանալի պիտի լինի, թե ինչո՛ւ իրենց նախնիները մեծ փորձությունների մեջ անգամ, աշխարհե-աշխարհ սփռվելով անգամ, չեն դադարել դպրոց ու եկեղեցի կառուցել, չեն ուրացել հավատքն ու հայրենին:

Քրիստոսով ենք ճանաչում թե ի՛նչ է սերը, հավատարմությունը, նվիրվածությունը, զոհողությունը, թե ի՛նչ է իրական ազատությունն ու արդարությունը, որ դիմադարձում են չարիքներին: Մեր զավակներին պիտի կրթենք առ Քրիստոս սիրով, որպեսզի կարող լինեն դիմադարձել մեր ժամանակների փորձություններին, մոլար գայթակղություններին և բարի հավատքով կարողանան ստեղծել իրենց կյանքի երջանկությունը, որպեսզի ապրեն ու գործեն եկեղեցասիրությամբ, ազգային կյանքի, Հայաստան ու Արցախ հայրենի մեր երկրի հանդեպ պատասխանատվությամբ», - ընդգծեց Գարեգին Բ Կաթողիկոսը:

Վեհափառ Հայրապետն աղոթքով հիշեց Սրբոց քառասնից մանկանց եկեղեցու հիմնադիրներ Հովհաննես և Սարգիս Դիարբեքիրյաններին: Տոնի առիթով Նորին Սրբությունը շնորհավորեց և իր գնահատանքը բերեց համայնքի բարերար հայորդիներին, նվիրյալ վարչականներին, տասնամյակների ընթացքում պաշտոնավարած Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակներին և  եկեղեցու հոգևոր բարեջան հովիվներին` հաստատելով, որ նրանց բարի հավատքով ու գործերով, միասնական հանձնառությամբ է շեն ու պայծառ Սրբոց քառասնից մանկանց եկեղեցին և արդյունավոր՝ համայնքի հոգևոր-եկեղեցական կյանքը:

Հայոց Հայրապետը նաև իր գնահատանքն ու օրհնությունը բերեց համայնքի բոլոր անդամներին` հորդորելով, որ իրենց զավակներին ուսուցանեն լինել աշակերտներ Սուրբ Ավետարանի, աշակերտներ մեր Տիրոջ առաքյալների ու մեր սուրբ հայրերի, որոնք վկայեցին հավատարմությունը Քրիստոսին և իրենց կյանքը նվիրեցին վասն հավատո և վասն հայրենյաց:

Պատգամի ավարտին Նորին Սրբությունը հայցեց, որ Տերը ամենուր հայ ժողովրդին պահպանի արի հավատքով, շեն պահի հայոց եկեղեցիները ու պայծառ՝ քրիստոնեական ոգին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթք բարձրացրեց առ Երկնավոր Հայրը, որպեսզի Իր օրհնության ներքո մեր ժողովրդին պահի անփորձ ու անվտանգ, մեկ ու միասնական՝ իր Սուրբ Եկեղեցիով, իր Սուրբ Էջմիածնով և նվիրական իր հայրենիքով:

Միլանի եկեղեցու կառուցման 60-ամյակի առիթով Հայրապետը տաճարին ընծայեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների սրբապատկեր:

Հավարտ Սուրբ Պատարագի տեղի ունեցավ Աջհամբույրի արարողություն, որի ընթացքում պատարագին մասնակից բոլոր հավատացյալները հնարավորություն ունեցան ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը:

Նույն օրը երեկոյան ի պատիվ Վեհափառ Հայրապետի և նրա շքախմբի Միլանի Հայ տանը տեղի ունեցավ ընդունելություն, որին հրավիրված էր մասնակցելու ողջ համայնքը: Ընթերցվեց Իտալիա այցի կապակցությամբ Նորին Սրբությանն ուղղված Միլանի նահանգի՝ Լոմբարդիայի շրջանային խորհրդի նախագահի ողջույնի խոսքը: Ընդունելության ընթացքում ներկաներին վերստին իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: