image

ՀՅԴ-ն այլևս երբեք կոալիցիայի մաս չի կազմելու. Արմեն Ռուստամյան

ՀՅԴ-ն այլևս երբեք կոալիցիայի մաս չի կազմելու. Արմեն Ռուստամյան

ՀՅԴ ընտրական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը դեկտեմբերի 9-ին իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկեց մեծ հույսով ու հավատով հանուն երկրի ապագայի, որպեսզի մեր ժողովրդի` այս ընտրություններից ունեցած մեծ ակնկալիքներն արդարանան, որ ժողովուրդը չհիասթափվի, ունենա իր երազած Հայաստանը:

«Քվեարկեցինք հանուն հայի ու հողի: Ժամանակն աննախադեպ քիչ էր, այս առումով էլ էր ընտրությունն աննախադեպ: Ասելիքը շատ էր, կարողացանք հասցնել հիմնական մեր ասելիքը հնչեցնել և գնահատականները` կապված այս ընտրությունների և նրանց նշանակության հետ»,- ասաց նա:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանն անդրադառնալով` Ռուստամյանն ասաց, որ զերծ են մնացել հայտարարությունից, հարցը թողել են առաջին հերթին իրավապահներին: Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանը սա վենդետա է համարում, նա նշեց.

«Դատարանը կորոշի: Կարծում եմ, որ այս դատաքննությունն այնքան մեծ հնչեղություն և նշանակություն ունի, որ վստահ եմ, այստեղ ամեն ինչ շատ բծախնդրորեն պետք է կատարվի, հարգելով օրենքի տառն ու ոգին: Սա առաջին ամենամեծ քննությունն է լինելու մեր դատական համակարգում: Մենք հետագայում կունենանք ավելի հստակ ասելիք և դրա մասին մեր մոտեցումները հրապարակավ կներկայացնենք»:

Հարցին` ինչն էր պատճառը, որ նախորդ անգամ իրենք հայտարարությամբ հանդես եկան, այս անգամ ոչ, Ռուստամյանը նշեց, որ այն ժամանակ, երբ տպավորություն ստեղծվեց, թե իրենք Ռոբերտ Քոչարյանին են պաշտպանում, նրան պաշտպանելու հարցը չէր, այլ մեր դատական համակարգը և արդարադատությունը պաշտպանելու հարցը: Ռուստամյանն ասաց, որ իրենք նույն տրամաբանությամբ են շարունակելու, և ովքեր մեղավոր են, պետք է պատասխան տան` անկախ դիրքից և ունեցած կարգավիճակից. իրենք սա պահպանելու են, բայց չենք ուզել, որ նախընտրական շրջանում այդ հարցին չեն անդրադարձել:

ՀՅԴ՝ խորհրդարանում հայտնվելու շանսերը գնահատելով` նա արձագանքեց հարցումներին, նշեց, որ դրանք միշտ սխալ են լինում, հատկապես ՀՅԴ հետ կապված, սակայն ի հեճուկս այդ հարցումների միշտ ՀՅԴ-ն հայտնվել է խորհրդարանում: Ռուստամյանն ասաց, որ ՀՅԴ-ն իրական կուսակցություն է, համահայկական կառույց է, նրա ապագան, գոյությունը բացարձակապես կապված չեն որևէ ընտրության հետ:

Նա ասաց, որ իրենք իրենց ծրագրերը ներկայացրել են, ապագայի նկատմամբ հստակ պատկերացումներ ունեն, ՀՅԴ-ն որ տեղում էլ լինի, հստակ շարունակելու են այդ ծրագրերն իրականացնել: ՀՅԴ վարչապետի թեկնածուն հայտնեց, որ իրենք երբեք այլևս որևէ կոալիցիայի մաս չեն կազմելու, քանի որ չեն ունենալու վճռական խոսք և չեն ցանկանում լինել քաղաքական մեծամասնության կցորդ: