image

ՕԵԿ-ի նախագահ Արթուր Պաղատասարեան հրաժարական տուաւ. Կուսակցութիւնը ունի նոր առաջնորդ՝ Յովհաննէս Յովհաննիսեանը

ՕԵԿ-ի  նախագահ Արթուր Պաղատասարեան  հրաժարական տուաւ. Կուսակցութիւնը  ունի նոր առաջնորդ՝ Յովհաննէս Յովհաննիսեանը

ՕԵԿ ղեկավար Արթուր Պաղտասարեանը կուսակցութեան համագումարի ընթացքին յայտարարած է աշխոյժ քաղաքականութենէն հեռանալու մասին. կուսակցութեան նոր նախագահ ընտրուած է Յովհաննէս Յովհաննիսեանը: Այս մասին ըսուած է կուսակցութեան տարածած յայտարարութեան մէջ:

«Այսօր տեղի ունեցաւ ՕԵԿ արտահերթ համագումարը, որին մասնակցում էին ՕԵԿ տարածքային կառոյցների ղեկավարաները՝ հանրապետութեան բոլոր մարզերից ու մայրաքաղաքից:

Բացելով նիստը Արթուր Պաղտասարեանը շնորհակալութիւն յայտնեց կուսակցութեան օգտին քուէարկած աւելի քան 12 հազար քաղաքացիներին, համախոհներին, գաղափարակիցներին, կառոյցների ղեկավարներին եւ վերստին շնորհաւորեց խորհրդարան անցած բոլոր ուժերին:

Ելոյթ ունեցողները ընդգծեցին, որ «Օրինաց երկիր» կուսակցութիւնը վերջին 20 տարիների ընթացքում հանդիսանում է ՀՀ առաւել աշխոյժ քաղաքական ուժերից մէկը, որը 18 տարի շարունակ ներկայացուած լինելով ՀՀ Ազգային Ժողովում ՕԵԿ-ը պայքարել է մեր քաղաքացիների սոցիալական պաշտպանութեան եւ բարեկեցութեան, ինչպէս նաեւ արդարութեան եւ օրինականութեան ամրապնդման համար՝ հեղինակելով աւելի քան 250 օրէնքներ, բազմաթիւ ժողովրդանպաստ ծրագրեր  եւ նախաձեռնութիւններ, որոնք նպաստել են հարիւր հազարաւոր մեր քաղաքացիների խնդիրների լուծմանը:

ՕԵԿ համագումարը ի գիտութիւն  ընդունեց Արթուր Պաղտասարեանի՝ կուսակցութեան նախագահի լիազօրութիւնների դադարեցման մասին յայտարարութիւնը:

«Սիրելի ժողովուրդ, յարգելի  պատուիրակներ,

Ես ցանկանում եմ յայտարարել, որ հեռանում եմ աշխոյժ քաղաքականութիւնից՝ վայր դնելով նաեւ ՕԵԿ նախագահի լիազօրութիւնները եւ իմ յետագայ կուսակցական գործունէութիւնը: ՕԵԿ հիմնադրումից 20 տարի անց ես ուզում եմ շնորհակալութիւն յայտնել իմ բոլոր հայրենակիցներին, ինձ քննադատող ու մերժող, սիրող ու գնահատող մարդկանց, կրկին յայցել բոլորի ներողամտութիւնը իմ քաղաքական գործունէութեան ընթացքում ունեցած սխալների ու թերութիւնների համար, շնորհակալութիւն յայտնել իմ կատարած աշխատանքը գնահատողներին ու արժէորողներին: Ցանկանում եմ երախտիքի խօսք յղել բոլոր լրագրողներին եւ զանգուածային լրատուութեան միջոցներին իմ գործունէութիւնը լուսաբանելու համար, առանձնայատուկ շնորհակալութիւն յայտնել իմ գաղափարակից ընկերներին եւ թիմակիցներին ու մեր ողջ ժողովրդին:  

Զբաղուելով հանրային գործունէութեամբ կը փորձեմ իմ հրապարակային առաջարկութիւններով նպաստել երկրում կուտակուած եւ օրեցօր բազմացող խնդիրների լուծմանը: Աշխոյժ քաղաքականութիւն կը վերդառնամ ժողովրդի ցանկութեամբ, երբ զգամ դրա կարիքն ու անհրաժեշտութիւնը: Աստուած պահապան մեր ժողովրդին»,- նշած է Արթուր Պաղտասարեանը:

Համագումարը ՕԵԿ նախագահի պաշտօնին առաջադրած եւ միաձայն քուէարկութեամբ ընտրած է Յովհաննէս Յովհաննիսեանը: ՕԵԿ փոխնախագահներ ընտրուած են  Կարինէ Սարգսեանը, Վահէ Թորոսեանը եւ  Սիմոն Յակոբեանը: