image

«2015-ը լավ տարի չեղավ ադքան, բայց, փառք Աստծո, սոված չմնացինք». Լոռիում ապրող սիրիահայ

«2015-ը լավ տարի չեղավ  ադքան, բայց, փառք Աստծո, սոված չմնացինք». Լոռիում ապրող սիրիահայ

Վերջին տարիներին  Հայաստան տեղափոխված սիրիահայ ընտանիքների տասնյակից ավելին  հաստատվել  է Լոռու մարզում: 

«Հայկական Կարմիր  Խաչ» ընկերությունը  2015-ից մեկնարկել ու մինչև   2017-ի փետրվար ամիսը  Երևանում,  Լոռու, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի ու  Կոտայքի  մարզերում  շարունակելու է իրականացնել  «Սիրիահայերի ինտեգրման խթանում»   ծրագիրը,  որի շուրջ  համախմբվել  են մի  շարք կառույցներ, հիմնադրամներ, ՀԿ-ներ  և  տեղական ինքնակառավարման  մարմիններ:

Հարցին` ինչ սկզբունքով  է  սոցիալական  աջակցություն  ցուցաբերվում  տեղի  սիրիահայ ընտանիքներին, «Առաքելություն  Հայաստան» ԲՀԿ-ի  համայնքային կենտրոնի  տնօրեն  Սուսան Մարտիրոսյանը պարզաբանում  է. 

«Օգնությունը  տրամադրվում  է ելնելով  տվյալ  ընտանիքի կարիքներից: Միայն  Լոռիում  աշխատում  ենք  15  ընտանիքի  հետ:  Սկզբնական շրջանում  լուծվում է ամենօրյա  ծախսի ու կոմունալ ծառայությունների հարցը:  Եթե օրինակ, տան երեխաները  ավելի  շատ  են, քան` աշխատունակ  մարդիկ,   բնակարանի   վարձավճարը  տրվում է 15 ամսով»:

Լոռիում հաստատված սիրիահայեր ընտանիքներից   1-ն Ալավերդիում է,  2-ական ընտանիք`  Սպիտակ և Ստեփանավան, 6-ը` Վանաձոր  քաղաքներում: Լոռու մարզպետարանի  առողջապահության և  սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի  Ջաղինյանի խոսքերով`  տվյալներն ամեն րոպե ենթակա  են  փոփոխման, քանի  որ սիրիահայերը քաղաքից  քաղաք  են տեղափոխվում` աշխատանքի հարց լուծելու համար:

 «Չկան  բիզնես հիմնած  ընտանիքներ:  Ֆինանսապես  ավելի  ապահովված ընտանիքները իրենց փոքրիկ  բիզնեսները  կառուցում  են մայրաքաղաքում: Մյուսները`  տեղում,  հիմնականում  օրավարձով են աշխատում: Կան  բժիշկ  ամուսիններ,  ովքեր  աշխատում  են Ստեփանավանում, բայց  ընտանիքի մյուս   մասը   Երևանում է», -«Արեւելքին» հայտնեց   Վ. Ջաղինյանը:

Մեր զրուցակիցները հայտնում են, որ Հայաստանում հաստատված սիրիահայերի զբաղվածության  հարցը   խնդրահարույց է մնում  այնքանով, ինչքանով  մյուս  քաղաքացիների պարագայում է: 

67-ամյա սիրիահայ Սահակ Ագիլյանը  սկզբում զբաղմունք ուներ,  բայց  կաթված  ստանալուց հետո այլևս չկարողացավ շարունակել:  Բնակարանի վարձակալության  հարցը նախկինում  «Առաքելություն Հայաստանն» էր   հոգում,  հունիսից  ի վեր`  դա  էլ  չկա:



«1 տարի ու մոտ 4-5 ամիս  տվին-տվին, անկե վերջ ասացին`դե  դու առել ես արդեն: Հետո, բողոքեցի, որ ես չեմ աշխատում, շատ վատ վիճակի մեջ եմ,   բայց մինչև հիմա պատասխան չստացա»:  

 Պատմում է, որ  2011-ին է Հայաստան եկել,  գրանցվել է Սպիտակ քաղաքում:  Որոշ ժամանակ հետո ստիպված է եղել   տեղափոխվել  Վանաձոր, որպեսզի  95- ամյա  մոր  ու քրոջ հետ նույն քաղաքում լինեն` չնայած  ինքը միայնակ է ապրում:  Այժմ,  սոցիալական  աջակցության տեսքով, միայն  թոշակ ու նպաստ է ստանում:

 


Լագլագեան ընտանիքն էլ շուրջ 1 տարի է` ինչ Հայաստանում է: 20-ամյա Գևորգ Լագլագեանը մեզ հետ զրույցում անկեղծանում է.

«Բնակարանի  ու մորս դեղերը ձեռք բերելու  հարցում  օգնում  են: Արհեստավոր եմ, օրվա հացս կհանեմ: 2015-ը մեզի համար  այնքան ալ լավ տարի չեղավ, բայց Փառք Աստծո, սոված չմնացինք:  Լավ կողմն այն է, որ  հայրենիքի հետ էինք, կային շատ ծանոթ մարդիկ`իրար հետ էինք: 2016-ին առաջ Աստված, Հայաստանին մի քիչ խելք, շնորհք, մեզի  ալ`  փող»:

 

 

 

                                                                   Մարջան   Չոբանյան