image

Բեյրութի ամերիկյան համալսարանի հետ համատեղ՝ բուժքույրերի վերապատրաստման ծրագիր

Բեյրութի ամերիկյան համալսարանի հետ համատեղ՝  բուժքույրերի վերապատրաստման ծրագիր

Պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը, «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ, հյուրընկալել  էին մի խումբ բուժքույրերի, որոնք Հայաստան էին ժամանել Բեյրութի ամերիկյան համալսարանի Կլինիկական և մասնագիտական զարգացման կենտրոնի նախաձեռնած Մանկական քաղցկեղի ոլորտի բուժքույրերի վերապատրաստման ծրագրի շրջանակներում, տեղեկանում ենք «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամից: 
Վերապատրաստման ծրագիրն իրականացվում էր Մանկական Ուռուցքաբանության Արևելյան և Միջերկրածովյան խմբի հետ համատեղ և Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի աջակցությամբ՝ սույն թվականի ապրիլին Սբ․ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի, Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի և «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի միջև կնքված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում։
Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ութ բուժքույրերի վերապատրաստումն ընթացավ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը: Ծրագրի նպատակն էր բարելավել գիտելիքների և հմտությունների մակարդակը Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բուժքույրերի շրջանում՝ վերապատրաստելով նրանց ապացուցողական բժշկության սկզբունքների համաձայն։