image

Նուիրեալներ. Նայիրիի պատմութիւնը, որ մերժեց գերի իյնալ...

Նուիրեալներ. Նայիրիի պատմութիւնը, որ մերժեց գերի իյնալ...

 

Գորիսի համայնքապետարանի դիմատետրեան էջին մէջ գրառում  կատարուած է արցախեան պատերազմին զոհուած 19-ամեայ Նայիրի Ղուկասեանի մասին:

«19-ամեայ Նայիրի Ղուկասեանն էլ սրբադասուեց… նրա մասունքն էլ հինգ ամիս անց վերադարձաւ, այսօր հանգրուանեց հայրենի քաղաքի պանթէոնում:
Մէկ օրուայ մէջ քաղաքն իր գիրկն առաւ երեք անմահացած հերոսի մասունք:

Լրիւ պատանի, բայց ինձ ցնցեց Նայիրիի ուշագրաւ վարքը՝ զոհուելուց առաջ:

Նայիրին վիրաւոր էր, 250-300 հոգանոց ջոկատը Ֆիզուլիի տարածքում յայտնուել էր ծուղակում եւ ռմբակոծուել թշնամու կողմից:

Երբ թշնամու ջոկատն արդէն գերեվարում էր ողջ մնացած 40-50 հոգի մեր զինուորներին, Նայիրին, ով թեթեւ վիրաւոր էր, կարող էր դեռ փրկուել, հրաժարուեց գերի ընկնելուց, հասցրեց հեռախօսը փոխանցել գերութեան մեկնող ընկերոջն ու ասել.

-Եթէ ողջ վերադառնաս, կը տաս մօրս, ասա՝ ներիր, մամ, ես չկարողացայ վերադառնալ...

Նայիրին մինուճար էր, որբութեամբ մեծացած.....

Թշնամու զինուորները տեղում գնդակահարեցին Նայիրիին, միւս վիրաւորներին, ապա՝ գերեվարուածների աչքի առաջ 200 զոհերի վրայ պենզին լցրեցին, այրեցին:
Մնացորդները փաթաթեցին տոպրակի մէջ, հողի մէջ թաքցրին:

Ամիսներ շարունակ հարազատները Նայիրիին փնտռում էին ողջ մնացած գերիների մէջ, սպասում նրա վերադարձին.... գերութեան տարուած ընկերները հնարաւորութիւն չունէին պատմելու նահատակուած ջոկատի մասին....

Օրեր առաջ նրանցից մէկը, ում հեռախօս էր տուել Նայիրին, վերադարձաւ. պատմեց....Նայիրիին ու միւսներին սկսեցին փնտռել զոհերի մէջ.....ու՝ գտան...
...

Այսօր յուղարկաւորելիս, մարդիկ նկատեցին մի մեծ արկղ, զարմացան, որ դա էլ պէտք է դրուէր Նայիրիի կողքին:

Պարզուեց՝ սեպտեմբերի 26-ին մայրն էր պատրաստել այն՝ ուղարկելու ծառայող որդուն. քաղցրաւէնիք էր, շոկոլադի սալիկներ, չոր մրգեր:

27-ին զանգահարել էր որդուն, հարցրել, թէ ի՞նչ հասցէով ուղարկի. Նայիրին մօրն ասել էր՝ պատերազմ է սկսել, մամ, չուղարկես, չգիտեմ՝ մեզ ուր կը տանեն….

Մայրը խնամքով պահել էր արկղը, որ նրա 20-ամեակին՝ յունուարին ուղարկէր…

Ուղարկեց:

Ինչպէ՞ս ասես՝ ննջիր խաղաղութեամբ. հողը տնքում ու եռում է վրէժի ծարաւից….

Յաւերժ փառք, հերոս...»: