image

Մոռացության են մատնվել ցեղասպանության ենթարկված հայ մտավորական աղջիկները. մատենագետ

Մոռացության են մատնվել ցեղասպանության ենթարկված հայ մտավորական աղջիկները. մատենագետ

Օրերս Հայ Մատենագրության Թվանշանային գրադարանը ներկայացրեց իր նոր կայքէջը, որում նախորդ բաժիններին ավելացվել է  ևս մեկը՝ «Նահատակ հայ հեղինակներ» խորագրով:  Նորացված կայքէջի շնորհանդեսին գրադարանի գիտական տնօրեն Մերուժան Կարապետյանն ասաց, որ ներկայացվող հեղինակների մեծ մասն անծանոթ է հայ հանրությանը, և առհասարակ, ցեղասպանության ենթարկված հայ մտավորականության մասին խոսելուց, ըստ Մերուժան Կարապետյանի, թվարկվում է միայն մոտ տասի հասնող անուն, այնինչ սպանված հայ մտավորականների թիվը 3000-ից անցնում է: Նա նշեց, որ սպանված մտավորականության՝ դպրոցի տնօրենների, գրողների, լեզվաբանների, պատմաբանների, սահմանադրագետների, լրագրողների ազգագրագետների, ուսուցիչների և այլ մասնագետների  մեջ մեծ թիվ են կազմում  հայ մտավորական աղջիկները, որոնց հայ իրականությունը հանիրավի մոռացության է մատնել: «Մինչդեռ   հայ մտավորական աղջիկները հենց  առաջին ցուցակի մեջ էին, նրանց  անունները ներառված էին  ապրիլի 24-ից մայիսի 1-ի ցուցակներում: Այսօր նրանք չեն հիշվում:  Նույնիսկ հայկական հանրագիտարաններում «Մարի Բեյլերյան» հոդվածը չեք գտնի, չնայած Օքսֆորդում հատուկ թեզ է պաշտպանված ու  անգլերեն մենագրություն կա նրա մասին:

Զաբել Եսայանն ազատվեց շնորհիվ փախուստի, բայց Մարին, որը մի քանի անգամ մահվան սպառնալիքի առջև էր կանգնել (առաջին անգամ Համիդի օրոք), փախավ Եգիպտոս, թերթ էր տպում` «Ազատ բեմը» և այլն:  Հետո վերադարձավ, դասավանդում էր Իզմիրում, Պոլսում, Թոխատ գնաց,   բացեց աղջկանց վարժարան, տնօրենն էր, ամուսնու հետ այնտեղ էր, ու այդ վարժարանից որևէ մեկի ազատվելու մասին մենք տեղեկատվություն  չունենք,  այդ վարժարանը ցուցակներում էր»,-նշեց Մերուժան Կարապետյանը, ավելացնելով, որ Հայ Մատենագրության Թվանշանային գրադարանը փորձ է արել կազմել նաև Պոլսի հայ մտավորականության տեղահանության   նախնական քարտեզը, հաջողվել է քարտեզագրել տասը կառքի երթուղի.

«Վեց հարյուր հոգի Պոլսից տեղահանվեցին, նախնական մի քարտեզ պատրաստեցինք: Ամեն կառքում տեղեկատվություն ունեինք չորսից  հինգ հայ մտավորական տեղավորելու մասին: Կառապանը նախապես ցուցակներ  ուներ, թե որտեղից ում պիտի վերցնի, ցավոք առաջին  տասից բացի մնացած երթուղիների հասցեները հայտնի չեն, հավանաբար կան արխիվներում, պատմաբանների գործն է, հուսամ կանեն նրանք»,-ասաց Հայ Մատենագրության Թվանշանային գրադարանի տնօրենը: 

Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հայ Մատենագրության Թվանշանային գրադարանը  թվայնացրել է  Եղեռնին զոհ գնացած մոտ  40 հեղինակների հարյուրավոր գործեր, որոնցից մոտ  60 հատորն արդեն բաց ու մատչելի են www.digilib.am   հայկական ամենամեծ թվային գրադարանի հասցեում: