image
Հրատապ լուրեր:

Գյուտն ինքնին շատ կարևոր է, քանի որ արվել է ռազմական պայմաններում. հնագետը՝ Արցախում գտնված դամբարանադաշտի մասին

Գյուտն ինքնին շատ կարևոր է, քանի որ արվել է ռազմական պայմաններում. հնագետը՝ Արցախում գտնված դամբարանադաշտի մասին

Ինչպես հայտարարվել է՝ մայիսի 5-ին Արցախի արևելյան շրջանում ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորները, ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերել են անտիկ շրջանի դամբարանադաշտ, որում գտնվել է ամբողջական գտածո` եռատերև սափոր ու գավաթ, ափսեի 4 բեկոր:

 


Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար, պատմագիտության դոկտոր, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը,  գնահատելով գտածոների հնագիտական արժեքը, «Արևելքին» ասաց. «Առաջին հայացքից, ինչ որ երևում է ներկայացված լուսանկարներում, գտածոները  սալարկղային դամբարաններ են, երեքնուկաձև շուրթով սափորի խեցու որակից դատելով՝ ավելի հավանական է մ.թ. առաջին դարերով թվագրությունը: Նման դամբարանները վերգետնյա նշաններ չեն ունենում և որպես կանոն հայտնաբերվում են հողային աշխատանքների ժամանակ: Արցախում նման թաղումները բավականին տարածված են հելլենիստական և հատկապես ուշ անտիկ ժամանակներում և կարասային թաղումների հետ թաղման հիմնական ձևն են հանդիսանում: Եթե չլինեին հայտնաբերման առանձնահատուկ պայմանները, այն ընդհանուր մշակութային համապատակերի ամենաբնորոշ և քաջ հայտնի դրսևորումներից է: Բայց գյուտն ինքնին շատ կարևոր է, քանի  որ արվում է ռազմական պայմաններում, և հենց զինվորականներն են ուշադիր մշակութային ժառանգության հանդեպ»: