image

Թուրքիայում սպանվել են սիրիացի կին գործիչն ու նրա դուստրը

Թուրքիայում սպանվել են սիրիացի կին գործիչն ու նրա դուստրը

Արաբական մամուլը գրում է, որ սիրիացի հրապարակախոս, քաղաքագիտության դոկտոր Ուրուբա Բարաքաթը քառասուն տարի է՝ գրում էր հանցագործների մասին եւ բացահայտում նրանց արարքները, իսկ այսօր նրա անունն է հայտնվել թերթերի առաջին էջերում: Թուրքիայի ոստիկանությունը փնտրում է հանցագործներին, որոնք Ստամբուլում սպանել են սիրիացի կին գրողին եւ նրա դստերը: Ոստիկանությունը դեռեւս մանրամասներ չի ներկայացրել օրեր առաջ Թուրքիայում սպանված սիրիացի ընդդիմադիր գրող,   60-ամյա Ուրուբա Բարաքաթի եւ նրա 22-ամյա դստեր սպանության վերաբերյալ: Մոր եւ դստեր մարմինները գտել են Պոլսո Սկյուտար թաղամասում գտնվող նրանց բնակարանում, իսկ հանցագործները, հետքերը թաքցնելու համար, զոհերի վրա մեծ քանակությամբ լվացքի փոշի են լցրել:  

Ուրուբա Բարաքաթի  քոյրը՝ Շազա Բարաքաթը,  ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անարդարության եւ բռնակալության բազուկը սպանեց քրոջս՝ դոկտոր Ուրուբա Բարաքաթին եւ նրա աղջկան՝ Հալային, Պոլսո իրենց տանը դանակահարելով: Նրանք պայքարում էին անարդարության դեմ»... 

Մամուլը հիշեցնում է, որ Ուրուբա Բարաքաթը  Սիրիայի ազգային ընդդիմադիր խորհրդի անդամ էր, իսկ նրա դուստրը՝ Սիրիայից դուրս գործող արաբական ընդդիմադիր գործակալության աշխատակից: