image
Հրատապ լուրեր:

Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է

Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է

Օրերս Եգիպտոսի Մշակույթի նախարար նշանակված դոկտոր Ինաս Աբդել Դայեմը Եգիպտոսի հայտնի ֆլեյտահարուհիներից  է: Նա Եգիպտոսում հայտնի է նաեւ  ժամանակին «Իսլամ եղբայրներ» խմբավորման դեմ մղած բուռն պայքարով, որից հետո խմբավորման համակիր նախկին Մշակույթի նախարարը Ինաս Աբդել Դայեմին հեռացրել էր Կահիրեի օպերայից: 

Արաբական լրատվամիջոցները, փոխանցելով լուրը, հաղորդում են նաեւ, որ Ինաս Աբդել Դայեմը Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարն է: Ավարտել է Կահիրեի կոնսերվատորիան, որից հետո նույն հաստատությունում ֆլեյտայի դասախոս է աշխատել: Մեկնելով Փարիզ՝ Աբդել Դայեմը շարունակել է ուսումն ու ստացել դոկտորական աստիճան: Մասնակցել է համերգների, շահել մրցանակներ:  Եգիպտոսի նորանշանակ մշակույթի նախարարը ղեկավարել է նաեւ Կահիրեի Սիմֆոնիկ նվագախումբը, հիմնել կույրերի երաժշտախումբ, մի շարք պաշտոններ է զբաղեցրել արաբական երաժշտական աշխարհում:

Հնագույն մշակույթ ունեցող երկրի մշակութի նախարարի պաշտոնը ստանձնելով՝ նա հայտարարել է, որ իր առաջին մտահոգությունը Կահիրեի գրքի միջազգային 49-րդ փառատոնը լավագույնս անցկացնելն է:

Եգիպտոսի կառավարությունում տեղի ունեցած վերջին փոփոխությունների ժամանակ առաջին անգամ կին  նախարար է նշանակվել նաեւ երկրի զբոսաշրջության ոլորտում: