image

Աննա Ալեքսանյան. Արևմտահայ կնոջ տառապանքները ցեղասպանության տարիներին, վերապրում

Աննա Ալեքսանյան. Արևմտահայ կնոջ տառապանքները ցեղասպանության տարիներին, վերապրում

1918 թվականին, երբ դաշնակիցներն արդեն գրավեցին Կոստանդնուպոլիսը և կնքվեց Մուդրոսի զինադադարը, հայերը կարողացան վերադառնալ համակենտրոնացման ճամբարներից: Հայտնի արևմտահայ մտավորական Թեոդիկը, որ վերապրել էր ցեղասպանությունը, «Հայ խաչակիրները» վերնագրով հոդված տպեց հայկական մամուլում: Հոդվածի հեղինակը խաչակիր էր անվանում այն կանանց, որոնք կարողացան վերապրել Հայոց ցեղասպանությունը:

Պատերազմը դեռ նոր էր ավարտվել, սակայն արդեն պարզ էր, որ հայ ժողովրդի մեծ մասը ոչնչացվել է, և փրկվածները հիմնականում կանայք և որբեր էին, որոնց մեծ մասը գտնվում էր մահմեդականների տներում: Այսինքն, նրանց մեծ մասը պիտի հայտնաբերվեր և վերադարձվեր հայ հասարակություն: Սա խոսում է այն մասին, որ ցեղասպանությունը ոչ միայն ֆիզիկական ոչնչացումն է, ինչպես նշված է ցեղասպանության բանաձևի մեջ, այլ նաև ինքնության ոչնչացում, և Հայոց ցեղասպանության պարագայում սա հիմնականում օգտագործվել է կանանց և աղջիկների հանդեպ:

1914 թվականին, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը և գործի դրվեց Հայոց ցեղասպանության՝ նախապես ծրագրված պլանը, հայ տղամարդիկ զորակոչվեցին բանակ, որտեղ նրանք ոչնչացվեցին, այնուհետև հայ կանայք, երեխաները և ծերերը հատուկ պետական հրամանի համաձայն տեղահանվեցին և աքսորվեցին իրենց բնակավայրերից հեռավոր արաբական անապատներ: Տեղահանության մասին օրենքում ասվում է, որ նպատակն այս մարդկանց պատերազմական ակտիվ տարածքներից ավելի ապահով վայրեր տեղափոխելն էր, բայց արդյունքները քննելիս պարզ է դառնում, որ այն հատուկ ծրագրված էր ոչնչացման համար:

Հայ ընտանիքների ունեցվածքին տիրանալու համար թուրք տղամարդիկ ամուսնանում էին հայ աղջիկների հետ, և հետագայում հայերին նույնիսկ դատարանի միջոցով չէր հաջողվում հետ վերադարձել իրենց ունեցվածքը. գույքի բռնազավթումն իրականացվում էր օրինական՝ ամուսնության ճանապարհով:
Ծերերի և երեխաների հետ տեղահանված կանայք և աղջիկները հազարավոր կիլոմետրեր քայլելու ընթացքում ենթարկվում էին տարատեսակ բռնությունների, և ոճրագործների կողմից ամեն օր կրկնվող բռնությունը սեռական բռնությունն էր: Շատ կանայք ինքնասպան եղան այս տեսակի բռնություններից հետո, իսկ ոմանք հասկացան, որ իրենց հետ կատարվողը ծրագրված է, իրենք մեղք չունեն, և իրենց վրեժը կլինի վերապրելը: Այս կանայք քաջալերեցին մյուսներին միմյանց օգնելու և անապատներ հասնելու, որտեղ նրանց ուրիշ կյանք էր սպասում:

Ցեղասպանագետ Աննա Ալեքսանյանը Բուն TV-իի եթերում պատմում է ցեղասպանության տարիներին արևմտահայ կնոջ տառապանքների մասին.