image

Խարբերդի «Էմաուս» որբանոցի պահապանը՝ Կարեն Մարիա Պետերսեն

Խարբերդի  «Էմաուս» որբանոցի պահապանը՝ Կարեն Մարիա Պետերսեն

 

Հայոց ցեղասպանությանն ականատես եղան մեծ թվով միսիոներներ, որոնք իրենց կյանքը նվիրեցին հայ կանանց և երեխաների փրկության գործին: Նրանց թվում էին նաև սկանդինավյան միսիոներական առաքելության մի շարք նվիրյալներ: Խոսքը մասնավորապես դանիական ավետարանական կազմակերպության` «Կանանց առաքելության աշխատողներ»-ի` ԿԱԱ-ի (Kvindelige Missions Arbejdere, KMA) մասին է, որը հիմնադրվել էր 1900 թ. Կոպենհագենում: Կազմակերպության կարգախոսն ամբողջապես բնութագրում է նրա գործունեության նպատակը` «Կանանց համար աշխատող կանայք»: «Կանանց առաքելության աշխատողներ»-ի ստեղծման ոգեշնչման հիմնական աղբյուրը 1894 թ. հիմնադրված շվեդական ԿԱԱ-ն էր, ինչպես նաև դանիական վերածննդի ժամանակակից շարժումները` Ներքին առաքելությունը և այսպես կոչված Միջազգային բողոքականը, որի նպատակն էր աշխարհ բերել Ավետարանը և լուսավորությունը: Կազմակերպության ձևավորման համար կարևոր ազդակ հանդիսացավ նաև 1890-ականների առաջին կեսին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած աբդուլհամիդյան կոտորածները: 

 

Սկզբնական շրջանում դանիական առաքելությունը կենտրոնացած էր կոտորածներից տուժած հայության օրհասական վիճակի մասին տեղեկատվության տարածմամբ, ինչպես նաև Բիթլիսում, Վանում, Մուշում, Խարբերդում, Կոստանդնուպոլսում` ամերիկյան և գերմանական հոգածության ներքո գտնվող հայ որբերի խնամքով: Սակայն, շուտով նրանք հասկացան, որ կարիք ունեն սեփական որբանոցի և տեղում գործող միսիոներների: Այսպիսով, 1902-1903 թթ. Խարբերդի նահանգի Մեզրե գյուղում հիմնվեց «Էմաուս» դանիական որբանոցը:

«Կանանց առաքելության աշխատողներ»-ի կողմից Խարբերդում միսիոներական առաքելության ուղարկված մի շարք միսիոներուհիներից մեկը Կարեն Մարիա Պետերսենն էր, որ 1909 թ. նշանակվեց «Էմաուս» որբանոցի տնօրեն:

 

 

Կարեն Մարիա Պետերսենը

 

 

Պետերսենը ծնվել է 1881 թ. Դանիայի Նյուկոբինգ քաղաքում, միջին խավի ընտանիքում: Թեև նրա մասին մեզ շատ քիչ բան է հայտնի, այնուամենայնիվ, գիտենք, որ Մարիան իր կյանքի երիտասարդ տարիները նվիրել է հայ կանանց և երեխաների փրկությանը: Իսկ պատերազմի վերջին շրջանում նա որդեգրել է մի փոքրիկ հայ աղջկա, որին անվանել է Հույս: 

Ինչպես մի շարք միսիոներներ, Պետերսենը ևս ականատես եղավ 1915 թ. Հայոց ցեղասպանությանը, արձանագրեց կարևոր վկայություններ վայրագությունների մասին և փրկեց շատ կյանքեր: Կանխազգալով «Էմաուս»-ին սպառնացող մոտալուտ վտանգը` Մարիան հոգացել էր նաև իր խնամքի ներքո գտնվող երեխաների և կանանց ամենաանհրաժեշտ կարիքները` սնունդ և հագուստ:

Նա մեկն էր շատերից, որ ամեն գնով կարողացավ թույլտվություն ստանալ «ուղեկցել» իր հարազատ հայ ժողովրդին աքսորի ճանապարհին և դարձավ նրանց գողգոթայի ականատեսը: Իր օրագրերում Պետերսենը նկարագրում է իր հոգեվիճակը` նշելով, որ տևական ժամանակ նույնիսկ կորցրել էր ապրելու ցանկությունը. «… Շատերը, հատկապես աղքատ թաղամասերում, չէին ուզում հավատալ, որ այդ ամենը լուրջ է: Նրանք չեն ուզում գնալ, լացում են և աղաչում` «թողե´ք մեզ այստեղ մահանալ», բայց նրանք այլևս տուն չունեն և ստիպված գնում են մյուսների հետևից… «Մենք վերցրել ենք մեր խաչը և գնում ենք Հիսուսի հետևից»… «Մենք գնում ենք մահվանն ընդառաջ` աղոթե´ք մեզ համար»… Նրանց այս խոսքերից մեր սրտերը կարծես պայթում էին այն մտքից, որ տեսնում ենք այս ողջ դժբախտությունը, բայց չենք կարողանում որևէ բան անել…»:

Ականատես լինելով հայերի տեղահանություններին` Պետերսենը կարողացել է հավաքագրել մի շարք վկայություններ 1915 թ. վերապրողներից, սակայն նրա օրագրերն ամբողջապես չեն պահպանվել, միայն մի քանի հրապարակումների տեսքով, որոնք տեղ են գտել դանիական ԿԱԱ-ի արխիվներում:

1920 թ. հրատարակություններից մեկում Պետերսենն անդրադարձել էր օսմանյան իշխանությունների կողմից Մեզրեում տեղադրված պաստառին, որը լիարժեք բացահայտում էր հայահալած քաղաքականություն.  «Յուրաքանչյուր ոք` կլինի մահմեդական կամ քրիստոնյա, ով իր տանը կթաքցնի հայի, կկախվի իր իսկ տան դռնից, իսկ տունը կայրվի և կվերածվի մոխրակույտի»:

Մեկ այլ` 1932 թ. հրատարակությունում Մարիան մանրամասն և պատկերավոր ներկայացնում է Խարբերդի հայության ճակատագիրը, նրանց տեղահանությունն ու կոտորածը, հայ ժողովրդի մշակույթի և կրոնի ոչնչացում.  «Հոկտեմբեր 1915 թ.: Զբոսանք տեղահանության ընթացքում… Մենք շեղվեցինք գլխավոր ճանապարհից, երջանիկ էինք արևի լույսից և ուժեղ թարմ օդից: Սակայն, շուտով մեր ուրախությունը խաթարվեց կմախքների, թարմ փորված գերեզմանների և դաշտերում ցրված ոսկորների դաժան տեսարանով… Գյուղերում ոչնչացնում են բոլոր եկեղեցիները: Դժվար է տապալել դարավոր պատերը, բայց դրանք պետք է փլուզվեն: Քրիստոնեության բոլոր նշանները պետք է անհետանան…»:

Մարիա Պետերսենը ոչ միայն իր հիշողություններում է նկարագրել հարազատ Խարբերդը, այլ անմահացրել է այն նաև նկարներով: Դրանցից ամենախոսունը 1917 թ. նկարված «Մեզիրե» («Mezire») կտավն է, որում պատկերված է Մազրեի համայնապատկերը: Կտավում երևում են Խարբերդի ոսկյա հարթավայրերը, Ծովք (Գյոլջուկ, այժմ` Հազար) լիճը, դանիական, գերմանական որբանոցները, Եղեգի գյուղը, հայտնի Ֆաբրիկատորյան եղբայրների ֆաբրիկայի շենքը: Կարելի է ասել, կտավում Պետերսենն արտացոլել է Խարբերդի հայկական միջավայրը, որն այդքան հարազատ էր դարձել նրան:

 

 

Կարեն Մարիա Պետերսենի նկարած «Մեզիրե» («Mezire») կտավը 
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հավաքածու, նվիրատու՝ Հրայր-Մկրտիչ Սրապյան

 



«Կանաց առաքելության աշխատողներ»-ի գրեթե բոլոր նվիրյալները պատրաստակամ էին վերադառնալ և իրենց գործունեությունը շարունակել պատերազմից հետո, սակայն Մուստաֆա Քեմալի ղեկավարած ազգայնական շարժման վերելքը խոչընդոտեց նրանց նպատակներին: Այդպիսով, Կարեն Մարիա Պետերսենը  ԿԱԱ-ի շրջանակներում իր առաքելությունը շարունակեց Սիրիայում և Լիբանանում` նվիրվելով հայ գաղթականների խնամատարության գործին: 





Ինեսա Ստեփանյան

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կրտսեր գիտաշխատող

 


 

 

 

Մարիա Յակոբսենը և Կարեն Մարիա Պետերսենը, Գյոլջուկ լիճ, 1910 թ. 

 

«Էմաուս» դանիական որբանոցի սաները 

 


«Էմաուս» դանիական որբանոց 

 

 

 

«Կանանց առաքելության աշխատողներ» կազմակերպության (ԿԱԱ) առաջին կոմիտեն, Նորվեգիա, XX դարի սկիզբ