image

ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ամերիկացի ժողովրդին կոչ էր անում՝ օգնել հայերին

ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ամերիկացի ժողովրդին կոչ էր անում՝ օգնել հայերին

Քեռի Սեմը, Մայր Հայաստանը եւ երկու որբերը 

 

 

Լուսանկարում «Հայ-սիրիական ամերիկյան նպաստամատույց»-ի կոմիտեի դրամահավաք նախաձեռնությունն է ամերիկյան Սիեթլ քաղաքում` հօգուտ սովյալ հայերի: Ամերիկան խորհրդանշող Քեռի Սեմին, Մայր Հայաստանը և երկու հայ որբերին ներկայացնող հերոսները, շրջելով քաղաքի փողոցներում, ամերիկացիներին կոչ էին անում մասնակցելու հանգանակություններին: Մեքենայի վրա փակցված է պաստառ՝ «Սովյալ Հայաստան. օգնե՛ք կարիքավոր երեխաներին... Քեռի Սեմն օգնության ձեռք է մեկնում այսօր: Սիեթլը կատարում է իր պարտքը» գրությամբ (1917 թ.):

 


 

ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի նախաձեռնությամբ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում ստեղծված Հայ-սիրիական նպաստամատույցի ամերիկյան կոմիտեն ԱՄՆ տարբեր քաղաքներում հաճախ կազմակերպում էր շրջիկ ցուցադրություններ, որոնց նպատակն էր ամերիկյան հասարակությանը տեղեկացնել հայ ժողովրդի անլուր տառապանքների մասին և կոչ անել մասնակցելու նրանց օգնելու համար կազմակերպվող հանգանակություններին: Իր գոյության 15 տարվա ընթացքում (1915-1930 թթ.) Նպաստամատույցը հանգանակությունների և դրամահավաք աշխատանքների միջոցով մոտ 117.000.000 ԱՄՆ դոլարի օգնություն ցուցաբերեց Մերձավոր Արևելքի գաղթականներին (այդ թվում՝ նաև հայ)՝ նրանց ապահովելով կացարանով և սննդով:

«Հաշվի առնելով հրատապ օգնության անհրաժեշտությունը` Միացյալ Նահանգների ժողովրդին կրկին կոչ եմ անում շարունակելու հանգանակությունները, որքան իրենք են անհրաժեշտ համարում` իրենց խղճի և առատաձեռնությանը համապատասխան, այս տառապյալ ժողովուրդներին օգնելու համար»:

ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի` ամերիկացի ժողովրդին ուղղված կոչից
հոկտեմբերի 29, 1917 թ.


Լուսանկարի աղբյուրը՝ Armenia. The World Spells Tragedy, New York, 1917.
«100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒՅԹՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» գրքից