image

Յո՞ երթաս, Հայ Կաթողիկե եկեղեցի.Ահարոն Հարությունյան

Յո՞ երթաս, Հայ Կաթողիկե եկեղեցի.Ահարոն Հարությունյան

Օրեր առաջ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ կաթողիկե եկեղեցու պաշտոնական կայքէջում (http://armenianchurchco.com/) հանդիպեցի մի նյութի` պատրաստված Տ. Հովսեփ քահանա Գալստյանի կողմից Գյումրիի Սև Բերդի՝ Ֆրանցիսկոս Պապի Գյումրի այցելությանը նվիրված թանգարանի համար:

Առաջին հայացքից «Հայ Կաթողիկէ Եկեղեցին՝ Հայաստանում. համառոտ պատմական անդրադարձ»-ը սոսկ շարադրանք է Հայ կաթողիկե եկեղեցու պատմության մասին, սակայն երբ հանգամանորեն քննում ես ակնարկի բովանդակությունը, հասկանում ես, թե որտեղ է ականը:

Հայ առաքելական եկեղեցու հանգամանքը հմտորեն գործածելու և հայոց պատմությունը, սեփական շահերից ելնելով, վարպետորեն մկրատելու Հովսեփ քահանայի ունակությունը ինձ զարմացրեց: Նա այս ակնարկում աղավաղում է պատմությունը` ներկայացնելով Ընդհանրական Եկեղեցու միության իր պատկերացումը` «Հռոմի Սուրբ Աթոռի հետ դավանական, պաշտամունքային-ծիսական և վարչական համագործացկությամբ ու միությամբ՝ ընդունելով ավագությունը Հռոմի Սրբազան Քահանայապետի», հմտորեն շփոթելով «Քրիստոսի Ընդհանրական Եկեղեցի» հասկացությունը «Կաթողիկե եկեղեցի»-ի հետ:

Եվ այս նույն ընկալումով, ըստ իրեն, «հայ ժողովրդի մի հատված հավատարիմ մնաց նաև 451թ. Քաղկեդոնի Սբ. Տիեզերաժողովի և Հռոմի Սբ. Լևոն Պապի աստվածաբանական բանաձևումներին, որոնք, սակայն, տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չընդունվեցին ժամանակի մի խումբ հայ հոգևորականների կողմից և առիթ դարձան տարաձայնությունների»:

Այսքանը դեռ բավարար չէ, կաթոլիկ քահանան նույն համոզումով շարունակում է պատմությունը խեղաթյուրել` անամոթաբար վերագրումներ անելով մեր ժողովրդի նվիրական եկեղեցական գործիչներին, թե «Հռոմի Սուրբ Աթոռի հետ միության կամ Մեկ Ընդհանրական Եկեղեցու միության կողմնակիցների մեջ կային ականավոր սրբեր, աստվածաբաններ, ովքեր ջանում էին հայ ժողովրդի մեջ արմատավորել Եկեղեցու ընդհանրականության, միության սկզբունքը. օրինակ՝ … Սբ. Գրիգոր Նարեկացին …, Սբ. Ներսես Տայեցին, Սբ. Հովհան Օձնեցին, Սբ. Ներսես Շնորհալին, Սբ. Ներսես Լամբրոնացին, Սբ. Մխիթար Գոշը և այլոք: Նրանց անգնահատելի ավանդը հայ կաթողիկէության ամրապնդման և գոյատևման համար դեռևս խոր և անկողմնակալ վերլուծությունների կարիք ունի»:

Այսօր Հռոմը թոթափել է միջնադարյան իր պատկերացումները և բացվել աշխարհի առջև` փնտրելով երկխոսության ուղիներ, մինչդեռ Հովսեփ քահանան շարունակում է մնալ խոր միջնադարում: Այս իմաստով Ֆրանցիսկոս պապի գործունեությունը և ժամանակի ակնկալություններին համահունչ նրա մարդասեր կերպարը կարծես հակասության մեջ է հայտնվում Հայ Կաթողիկե Եկեղեցու այսօրինակ կեցվածքի հետ:

Եթե ժամանակին` վաղ միջնադարից սկսված, անդադար փորձեր էին արվում Կաթոլիկ եկեղեցու ընդհանրականությունը փաստելու և նրա իշխանության ներքո մնացյալ Եկեղեցիների բերելու, ապա այսօրվա բազմաբևեռ, բազմամշակույթ աշխարհի, միջեկեղեցական հարաբերությունների զարգացման պայմաններում, երբ քրիստոնեական սիրո և համագործակցության միասնականությունն է քարոզվում, այս մտածողությունն ու գործելաոճն անընկալելի և անընդունելի է:

Ի՞նչ է սա, Հայ կաթողիկե եկեղեցու անտեղի նախանձախնդրություն հաչս Վատիկանի, թե հայոց աշխարհում սեփական տեղը գտնելու ու այն պատմականորեն հիմնավորելու ձգտում:

Սակայն որո՞նք են այդ հին և նոր ռազմավարության դրդապատճառները: Սա ինձ` որպես ոչ միայն Հայ եկեղեցու զավակի, այլև իբրև հասարակ հայ մարդու խորապես մտահոգում է:

 

Ահարոն Հարությունյան

Երևան

21.11.2017