image

1915-ի ողբերգական օրերին Օրդուից Խաչիկ Գավանոսյանի նամակը կնոջը՝ Օնորի Չնկրյան-Գավանոսյանին

1915-ի ողբերգական օրերին Օրդուից Խաչիկ Գավանոսյանի նամակը կնոջը՝ Օնորի Չնկրյան-Գավանոսյանին

2015 թ. ապրիլին, Հայոց ցեղասպանության թանգարանի մշտական ցուցադրության կազմակերպման աշխատանքների ընթացքում թանգարանը ստացավ եզակի հուշային մասունք՝ 1915 թ. բռնագաղթի ժամանակ ընտանիքին ուղարկված բնօրինակ նամակ: 

Կանադահայ Սոսի Չնկրյանը նամակը գտել էր հորաքրոջ աղջկա՝ Մարի Գավանոսյանի ընտանեկան արխիվում: Նամակի հեղինակը՝ ծնունդով Օրդուից Խաչիկ Գավանոսյանն էր: Նամակն ուղղված էր իր կողակցին, սիրելի կնոջը՝ Օնորի Չնկրյան-Գավանոսյանին (1894 -1951 թթ.): 

Խաչիկ Գավանոսյանը, քաջ գիտակցելով իր և իր բախտակից ընկերների մոտալուտ վախճանը, հաջողացրել էր կնոջն ուղարկել անսահման սիրով ու թախիծով պարուրված հրաժեշտի նամակ: Չորս էջանոց ու ծայրից ծայր գրված նամակը հասել էր հասցեատիրոջը, բայց նա այլևս չտեսավ ամուսնուն: Կնոջ՝ Օնորիի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, Խաչիկ Գավանոսյանը մյուս օրդեցիների հետ միասին սպանվել էր թուրքերի կողմից 1915 թ. հուլիսի 15-ին Մեսուտիե (Մեսուտիէ) գյուղի մոտակա անտառում: 

Ամուսնու ողբերգական մահից հետո տիկին Օնորին 1916 թ. հունվարին լույս աշխարհ էր բերել իրենց դստերը՝ Մարի Գավանոսյանին: Տիկին Օնորին այլևս չի ամուսնացել, մինչև 1922 թ. ապրել է Օրդուում, այնուհետև տեղափոխվել է Կահիրե, մահացել է 1951 թ.՝ 57 տարեկան հասակում: 

 

 

 

 Օնորի Գավանոսյանը դստեր՝ Մարիի հետ, Օրդու, 1922-23 թթ.

 

 

 

 Մարի Գավանոսյան, Օրդու 


 


Նախակրթական դասարանի լուսանկար, Մարի Գավանոսյանը նստած գետնին՝ աջից երկրորդը, 1928 թ. 


 


Խաչիկ Գավանոսյանի որդու՝ Հակոբի մկրտության վկայականը, 1914 թ.
Երեխան մահացել է վաղ հասակում՝ 1915 թ. հունիսին, հղի մոր կաթի թունավորումից
Խաչիկ Գավանոսյանը տեղեկություն չի ունեցել ոչ որդու մահվան, ոչ էլ դստեր ծնունդի մասին
 

 

Խաչիկ Գավանոսյանը ծնվել է 1887 թ. Օրդուում, խորությամբ ուսանել է երկրաչափություն, սիրել է ոտանավորներ գրել ու ասմունքել: 1915 թ. 

Օրդուի հայ տղամարդկանց բռնի տեղահանված առաջին խմբի մեջ է եղել նաև Խաչիկ Գավանոսյանը: Երկու ամիս անց կինը տեղեկացել է ամուսնու սպանության մասին: 

 

«Անմոռանալի Օնորին 

Սև սուգ է պատեր շուրջս, գանկիս մէջ գաղափարներու շարքը խանգարուած է, աչքերուս մէջ արցունքի աղբիւրները ցամքած, սիրտս յուզմունքներու և ցաւերու ովկէան մը դարձած է, կուլայ հոգիս և պիտի լայ մինչև վերջին շունչը.-

Մայրիկս, իմ անբաղտ մայրիկս մեռաւ, մեռաւ բայց ինչպէս… ահ մայրասպան մեղաց, Աստուած անէծք թող կարդար իմ գլխուս, ես եղայ պատճառ, խեղճ մայրիկս, որչափ տառապեցար, մեծցուցիր որբտ, պատառ մը հալալ հաց ուտելու և հիմա տառապանքով, կարօտը սրտիտ, արցունքը աչքերուտ մէջ ծովամոյն եղար…ահ պիտի խելագարուիմ, ինչ զուլում է պատեր աշխարհ…անհուն է ցաւս, անչափելի է անոր խորութիւնը։ 

Վշտիս այս անհունութեան մէջ, միայն քեզ ունիմ մխիթարիչ. միայն քու սէրտ էր որ յոյս կուտար, քաջութիւն կուտար ինծի ապրելու…։ 

Կարծեմ 4 հատ նամակ պիտի ըլլայ քեզ գրածս, բայց դուն մէկ հատին իսկ չի պատասխանեցիր. արդեօք դո՞ւն ալ երես դարձուցիր ինձմէ հոգիս. եթէ դուն ալ ատեցիր զիս ուրեմն ինծի կը մնայ միայն ձեռքերս ծալլած ծոցիս մէջ, թափառական, աստանդական, լալով, ողբալով հետևիլ խեղճ աքսորականներուն և վերջ տալ կեանքին. ատեցիր զիս հոգիս հէ՞, ատեցիր զիս. լաւ աղէկ կընես, բայց ես կը սիրեմ և պիտի սիրեմ քեզ, պիտի պաշտեմ քեզ մինչև վերջին շունչս. նայէ աչքերուս մէջ, ով իմ հոգիիս հատորը տես ինչպէս սիրոյ ճառագայթներ կը ցոլան անկէ. ինչո՞ւ կը լռես. ինչո՞ւ աչքերդ խոնարհեցուցեր ես. անգամ մը երեսս ալ չես ուզեր նայիլ…։ 

Ցաւս մեծ է ճար չկայ 
Ճար կայ, ճարակ չկայ 
Էս ինչ զուլում աշխարհ է 
Սրտակից ընկեր չիկայ։ 

Կը զառանցեմ, չեմ հաւատար, դուն չեն լքեր զիս, դուն կը սիրես զիս և պիտի սիրես զիս յաւիտեան. թերևս ցաւիտ սաստկութենէն գրիչ շարժել չի կարողացար թերևս հիւանդ էիր, մխիթարուէ հոգիս, մխիթարուէ, որովհետև քեզի համար է որ միայն ապրիլ կը փափաքիմ, քեզմէ զատ աշխարհի վրայ ոևէ յոյս չէ մնացած երգէ ու յիշէ զիս երբեմն.- 

Սիրեցի եարս տարան 
Եարա տուին ու տարան 
Էս ինչ զուլում աշխարհ է 
Սիրտս պոկեցին ու տարան 
Սարերի վրով գնաց 
Իմ եարը խռով գնաց 
Ոչ լոր էր նա ոչ կագաւ 
Ձեռիցն թռաւ գնաց, գնա՜ց… 

Յիշէ զիս, խղճայ իմ վրայ, խղճայ որովհետև անբաղտ ծնայ, որբ ապրեցայ և թշուառ պիտի մեռնիմ, խղճա՛յ, որովհետև հազիւ ոտնակոխած կեանքի բուրաստանին մէջ, հազիւ ձեռքերս կարկառած ծաղիկներ քաղելու և վայելելու անոնց բուրումները. մեծ զուլումը եկաւ խորտակել ամբողջ երջանիկ երազներս և անապատ դարձուց այդ բուրաստանը։ »…« քեզ, ինծի համար երջանկութիւն չիկայ. տժբաղտ էի քեզ ալ տժբաղտացուցի. ներէ՛ ինձ, եթէ մեր ամուսնական շրջանին քեզ վիրաւորելու, քեզ վշտացնելու տխուր դիրքի մը մէջ գտնուած եմ, չե՞ս գիտեր որ սէրը անբիծ է և երկու սիրող սրտերու մէջ քենախնդրութիւն մուտք չի կրնար գործել։

Թերևս վերջին նամակս է որ կը գրեմ քեզ, վերջին կըսեմ որովհետև յետ այսու թերևս առիթը պիտի չունենամ գրիչ շարժելու, կեանքս կամ մահս գրուած հեռագիրներէն պիտի հասկնաք, եթէ ուշացաւ հեռագիրս մինչև 15 օր, նոյն ատեն ենթադրեցէք որ մեռած եմ. այն ատեն լաց վրաս, լաց վրաս, որովհետև այս օտար վայրերու մէջ, այս ղարիպ թափառականը ով գիտէ որ ձորի, որ սարին մէջ իր հոգին պիտի աւանդէ, այն ատեն սաապէս դարձող և վրաս աչք մը նետող մը իսկ պիտի չգտնուի։ 

Պահէ սրտիդ վրայ այս նամակս իբրև յիշատակ, իբրև իմ ուրուականս և երգէ 

Ախ սիրոյ ձի տու ինձ ասա 
Որ տեղ թողեր իմ եարը 
Որ ձորի մէջ որ քարի տակ 
Անտեր թողեր իմ եարը։ 

Նամակս վերջացուցած հազիւ մրաբել սկսած էի, խորին երազիս մէջ տեսայ որ ձեռքս լլապտեր մը բռնած եմ, լապտերը բրթեցաւ կոթէն ինկաւ մարեցաւ, լոյսը յոյս է և իմ յոյսս տու ես. արդեօք գլխուտ փորձանք մը պատահեցաւ. եթէ ճշմարտապէս կը սիրես զիս առողջութեանդ հոգ տար, եթէ մեռած ես, ես ալ պէտք է մեռնիմ։ 

Շատ կուզեմ գրել, շատ ու շատ սիրտս բանալ ամբողջապէս առջևտ բայց սա անկարելի կըլլայ, միթէ կարտայայտուի անհունութիւնս։ 

Վաղը կը մեկնինք, մնաք բարով։ 

Մէսուտիէ,

 

14 Յուլիս 1915»

 

 

  

Օրդու (Տրապիզոնի նահանգ) քաղաքը հիմնվել է 19-րդ դարի առաջին քառորդին: Օրդուն՝ պատմական անունը Գոթիորա, 19-րդ դարի կեսերին 130 տուն հայ ուներ: Աբել Արքեպիսկոպոս Մխիթարյանցի հայտնած տեղեկությունների համաձայն. «Հայոց տուները, որ գեղեցիկ դիրքով ամէնքն ալ Պոզ թէփէի լանջին վրայ են, 130ի չափ են, հանդերձ գիւղացւոց գաղթականներով, որոնցմէ ոմանք եկած են Թամզարայէն եւ Կիրասոնէն, իսկ գիւղացիքն Խամչոնցիներէն են, որոնք Ճանիկու բոլոր կողմերը ցրուած են»:

Արդեն Հայոց ցեղասպանության նախօրեին Օրդուում բնակվել է 5000 հայ: 1915 թ. հունիսի կեսերին Օրդուում սկսվեց բռնի տեղահանությունն ու սպանդը: 500 հոգանոց թուրքական զորախումբը որպես քաղաքապահներ տեղավորվեցին Հայոց ազգային դպրոցի մեջ, նույն գիշերը շրջապատեցին հայաբնակ թաղերը ու առավոտյան տուն առ տուն անցնելով հավաքագրեցին տղամարդկանց, բանտարկեցին: Հենց այս՝ առաջին բանտարկվածների մեջ էր նաև Խաչիկ Գավանոսյանը:

Բոլոր տեղահանվածները, որոնց իբրև թե տեղափոխում էին Մոսուլ, ճանապարհին սպանվեցին, քչերին հաջողվեց ողջ մնալ: Կոտորածների օրերին եղան և´ ինքնասպանության դիմողներ, և´ խելագարվողներ, և´ դիմադրողներ: 

Հայոց ցեղասպանությունը վերապրած տրապիզոնցի Վարդգես Մավյանն իր հուշերում գրում է. «Նույն չարաբաստիկ պատկերն ունեին Տրիպոլին, Կիրասոնը, Ունյան և Օրտուն, որոնց մեջ հայության անունն անգամ կորել էր, ավերվել էին այդ քաղաքների հայոց դպրոցներն ու եկեղեցիները, հազարավոր գրքեր ցիր ու ցան թափված էին այդ կործանված հիմնարկների բակերում, գեղեցիկ աղջիկներին ու հարսներին առևանգել էին ու տարել իրենց հարեմները»: Օրդուում մնացին հարևան հույների, վրացիների, երբեմն նաև թուրքերի տներում ապաստանած որբ երեխաներ, որոնց մեծ մասը հետագայում դարձան մուրացկաններ, անտուններ: «Ես ականատես եղա հայերի ողբերին, արցունքներին, նզովքներին և բազմաթիվ անձնասպանությունների, սարսափից առաջացած մահեր, ողջակիզումներ, զոհերի գնդակահարություններ, տներում և շրջաններում թափված հարյուրավոր դիակներ… Երիտասարդ կանանց բռնի իսլամացնում էին, երեխաներին հափշտակում իրենց հարազատներից և Սև ծովում ու Դեգիրմեն գետում ջրախեղդ անում… Սրանք են Տրապիզոնից մնացած իմ վերջին անջնջելի հիշողությունները, որոնք դեպքերից անգամ մեկ ամիս անց տանջում են հոգիս և ինձ գրեթե խելագարության գիրկը նետում», - 1915 թ. օգոստոսին հայտնում է Տրապիզոնի Իտալիայի հյուպատոս Ջակոմո Գորինի:

1918 թ. Տրապիզոնի ամերիկացի միսիոներների և Կ.Պոլսի խնամակալության տրամադրած նյութական օգնությամբ Օրդուի հայերից մեկի տանը կազմակերպվեց որբանոց: Այստեղ առաջին հերթին տեղավորվեցին որբերը, այրի կանայք: 1919 թ. Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեն արդեն Օրդուի դպրոցում հիմնեց որբանոց: Ստեղծվեց նաև որբահավաք մարմին: Շատ հայ կանանց ու երեխաների հնարավոր եղավ վերադարձնել հայկական վերակենդանացող համայնքին, սակայն շատ-շատերն էլ մնացին թուրքերի մոտ. հնարավոր չէր ապացուցել նրանց ինքնությունը:

1915 թ. ցեղասպանությունից փրկված Օրդուի հայ բնակչության պատառիկները 1918 թ.–ից սկսած ցրվեցին աշխարհով մեկ՝ Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄն, Եգիպտոս և այլն: 



Արևիկ Ավետիսյան
ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ