image
Հրատապ լուրեր:

Արամ Մանուկեանի կոչը հայ ժողովուրդին. «Թող կրկին ջերմանայ սառած սիրտը մեր հասարակութեան»

Արամ Մանուկեանի կոչը հայ ժողովուրդին. «Թող կրկին ջերմանայ սառած սիրտը մեր հասարակութեան»

Արամ Մանուկեանի կոչը հայ ժողովուրդին. 



«Ամէն oր մեր երկրի բոլոր անկիւններից տասնեակ յուսահատ դիմումներ են ստացւում ճանապարհների վրայ, պատերի տակ ու փողոցներում թափառող հազարաւոր որբերը վերահաս վտանգից փրկելու մասին:

Հիւծուած ու անճար նրանց կմախքները դեգերում են Երեւանի մայթերի վրայ, էջմիածնի դաշտերում, Գլխբուլաղի, Նոր Բայազէտի, Դիլիջանի գիւղերում:

Զուրկ ծնողներից եւ կարեկցող մերձաւորներից՝ մեր արնոտ իրականութեան այդ անմեղ զոհերը, օրերով քաղցած, ուժասպառ, յաճախ ընկնում են անշնչացած եւ մահուան գրկի մէջ գտնում այն սփոփանքը, որ ի զուր իրենց դալուկ ձեռները երկարած աղերսում էին աւելի կուշտերից եւ աւելի բախտաւորներից:

Տասնեակ հազարների է հասնում այդ մերժուածների թիւը, որոնք որբ են, մերկ, աստանդական, եւ որոնց խնամքն ու հոգատարութիւնը մեր պետական հասարակական կնճռոտ խնդիրների շարքում կարեւորագոյնը պէտք է հանդիսանայ: 

Մինչեւ այժմ պատսպարուած են 4000 որբեր Երեւանի, էջմիածնի, Աշտարակի, Դարաչիչակի, Նոր Բայազէտի եւ Դիլիջանի որբանոցներում: Կառավարութիւնը որոշել է դրանց թիւը հասցնել 10.000ի, որոնց պահպանութեան համար տարեկան առնուազն 23,000,000 ռուբլի պետական միջոցներ են պահանջւում: Իսկ դա հազիւ 1/5ն է իսկական կարիքին: 

Բնական է, սոսկ պետական աղբիւրներով եւ երկրի տնտեսական եւ ֆինանսական անձուկ վիճակի արդի պայմաններում, մեր մանուկ կառավարաթիւնից, որի առաջ բազմաթիւ հոգսերի ու կարիքների կողքին ծառացած է գաղթականական ծանր գործը, աւելին պահանջել անկարելի է, եթէ հասարակութիւնը վերջապէս դուրս չպիտի գայ իր անտարբեր հանդիսատեսի քարացած դերից:

Ժողովուրդների երջանկութիւնը պայմանաւորւում է նրանց ինքնօգնութեան բնազդով եւ ստեղծագործող աշխատունակութեամբ: Առաւել եւս այդ յատկաթիւնները պէտք է յայտնաբերէ մեր ժողովուրդը, որ ճակատագրական անագորոյն հարուածների տակ մեկուսացած ամէնքից այսօր թողնուած է իր բախտին, իր կամքին եւ իր ուժերին: 50.000ի հասնող որբերի մի ամբողջ սերունդ խնամելն ու դաստիարակելը այսօր մեզ համար ինքնօգնութեան լաւագոյն ակտերից մէկն է, որը պէտք է կատարենք մեր բովանդակ աժերը լարելով եւ մեր հոգու ամբողջ կորովը կեանքի կոչելով:

Թառամում է խոշորագոյն մասը մեր մատաղ սերնդի, մեռնում է ապագան, մեր հայրենիքի, որի համար ցեղի լաւագոյն մարդիկը պայքարեցին, տառապեցին եւ նահատակուեցին:

Մեծ է կարիքը, միջոցները՝ սուղ, ժամանակը՝ կարճ:

Կոչ եմ անում ամէնքին, որոնց կրծքի տակ դեռ չի մեռել մարդասիրութեան զգացմունքը, որոնք դեռ չեն կորցրել ցեղի բնազդը, որոնք գիտակցում են սեփական շահը իրենց զաւակների: 

Օգնութեա՛ն եկէք ձեր կառավարութեան, փրկեցէ՛ք անկումից վաղուայ յոյսը մեր հայրենիքի, խնամոտ ձեռք կարկառեցե՛ք մայթերի ու ճանապարհների վրայ մրմռացող անուժ որբերին, որոնց սովատանջ հայեացքը աղերսում է թէկուզ փշրանքը ձեր սեղանների:

Մի՛ թողնէք, ձեր իսկ զաւակների ապագայի սիրոյն, որ ձեր աչքերի առաջ այլասերման ենթարկուի այդ մեծ բազմութիւնը անօգնական մանուկների:

Որդեգրեցէ՛ք նրանց:

Ազատեցէ՛ք նրանց փողոցի թոյնից, եւ թող ամէն մի ընտանիք, որ աւելի կուշտ է ու բախտաւոր, իր սրբազան պարտքը համարի գոնէ մէկ թշուառ այդ որբերից իր յարկի տակ, իր զաւակների կողքին հաց տալու նրան, շունչ տալու նրան: 

Թող կրկին ջերմանայ սառած սիրտը մեր հասարակութեան, կրկին թող զարթնի ամէնքի խիղճը, պարտքի գիտակցութիւնը, եւ մենք փոխադարձ ջանքերով որբանոցներ հիմնելով, որբեր որդեգրելով, նրանց համար անկողին, հագուստ ու մթերք նուիրաբերելով, փրկենք խեղճ որբին, որ հաց է աղերսում, պատսպարան որոնում եւ մեր գուրգուրանքն է երազում: 

Ձմեռն է գալիս թշուառների համար իր սոսկումով:

Փրկեցէ՛ք նրանց»:

ԱՐԱՄ ՄԱՆՈԻԿԵԱՆ 
1918, Հոկտ. 7, Երեւան