image

Կորոնավիրուսի համավարակը չշրջանցեց նաև իսպանահայությանը. Դեսպան Վ. Կարմիրշալյան

Կորոնավիրուսի համավարակը  չշրջանցեց նաև իսպանահայությանը. Դեսպան Վ. Կարմիրշալյան

Իսպանիայում  Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հարցազրույց է տվել  ՕՐԵՐ  եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանին: 

 

-Երկու ամիս առաջ, երբ Եվրոպայում  ծայր առավ համավարակի արագ տարածումը,  Չինաստանից, Իրանից ու Իտալիայից հետո Իսպանիան դարձավ  վարակի ամենաարագ տարածման կիզակետերից մեը։ Ո՞րն էր պատճառը, որ Իսպանիայի կառավարությանը չհաջողվեց արագ կանխարգելել կորոնավիրուսի  տարածումը։


- Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն արձանագրվեց հունվարի 31-ին Լա Գոմերա կղզում (Կանարյան կղզիներ) գերմանացի զբոսաշրջիկների շրջանում: Դրանից հետո վարակը սկսեց արագորեն տարածվել ողջ Իսպանիայով, և փետրվարի վերջերին արդեն առաջին դեպքերը գրանցվեցին նաև Մադրիդում և Բարսելոնայում: Մարտ ամսվա առաջին օրերին կորոնավիրուսով վարակվածների թիվը Մադրիդում արդեն հասնում էր մի քանի հազարի: Մարտի 8-ին՝  Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, Մադրիդում անցկացվեց կանանց երթ, որին մասնակցում էին նաև կառավարության կին անդամներն ու կառավարության նախագահի տիկինը: Երթին հաջորդող օրերին կորոնավիրուսով վարակվածների թիվը Մադրիդում շեշտակիորեն աճեց, ինչը որոշ վերլուծաբաններ պայմանավորում էին հենց վերոնշյալ երթով: Սակայն դժվար է միանշանակ պնդել, որ Իսպանիայում կորոնավիրուսի այդպիսի տարածման պատճառը հենց դա էր:

Ինչպես գրեթե բոլոր երկրներում, սկզբնական շրջանում Իսպանիայի առողջապահական համակարգը լիովին պատրաստ չէր դիմակայելու համավարակի պատճառով առաջացած  բազմաթիվ մարտահրավերներին։ Հիվանդանոցներում չկային բավականաչափ մահճակալներ, բժշկական պարագաներ ու սարքավորումներ, համապատասխան բժշկական անձնակազմ Covid 19-ով վարակակիրներին բուժելու համար։ Կորոնավիրուսով վարակվածներին  սպասարկելու համար ստիպված եղան ժամանակավորապես հիվանդանոցի վերածել  Մադրիդի ամենախոշոր IFEMA ցուցահանդեսային համալիրը։


- Որքան  հայտնի է, Իսպանիայի տարբեր մասերում այժմ գործում  են արտակարգ դրության տարբեր կանոններ։ Որտե՞ղ է ավելի ծանր վիճակը։ Ինչպե՞ս  եք գնահատում  ներկա իրավիճակը։ Ի՞նչ  քայլեր է ձեռնարկել  կառավարությունը, որպեսզի  մեղմի վարակի տարածումը եւ ապագայի ի՞նչ կանխորոշումներ են տրվում։


-Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատարը  Մադրիդի ինքնավար համայնքն է, որին հաջորդում են Կատալունյան ու Կաստիյա և Լեոնը: Մադրիդում վարակվածների թիվն արդեն անցել է 66.000-ը, իսկ մահացածներինը՝ 8800-ը: Ամբողջ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը մայիսի 19-ի դրությամբ կազմում է 231606, մահացածներինը՝ 27709:

Մարտի 14-ից ամբողջ երկրով հայտարարվեց արտակարգ դրություն, որի հետևանքով փակվեցին բոլոր ուսումնական, առևտրային, սպորտային և այլ  հաստատությունները, արգելվեց քաղաքացիների տանից դուրս գալը՝ փողոց դուրս գալ կարելի էր բացառապես սննդամթերք կամ դեղամիջոց ձեռք բերելու նպատակով: Կառավարության նախագահի առաջարկությամբ՝ արտակարգ դրությունը Կոնգրեսի կողմից արդեն երկարաձգվել է 4 անգամ և շարունակվում է մինչ այս պահը: Չնայած դրան՝ մայիսի 4-ից ուժի մեջ է մտել արտակարգ դրության սահմանափակումների մեղմացումը, որն ընթանալու է 4 փուլերով՝ 0,1,2,3: Մայիսի 11-ից երկիրն անցավ սահմանափակումների մեղմացումների 1-ին փուլին, և միայն Մադրիդն ու Բարսելոնա էին, որ այդ հնարավորությունից զրկվեցին՝ կապված կորոնավիրուսով վարակվածների բարձր թվով: Այս փուլում բացվեցին ոչ մեծ խանութները, բացօթյա սրճարաններն ու ռեստորանները, եկեղեցիները, թանգարանները, կարևորագույն սպորտային կենտրոնները, որոնց գործունեությունը, սակայն, թույլատրվում է միայն այցելուների սահմանափակ թվով և բոլոր սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման պահանջով: Օրական մի քանի ժամ թույլատրվում է քաղաքացիների դրսում գտնվելը՝ քայլելու կամ սպորտով զբաղվելու նպատակով, ընդ որում` տարիքային տարբեր խմբերի համար սահմանվել են տարբեր ժամեր: Մայիսի 25-ից նախատեսվում է անցնել սահմանափակումների մեղմացման 2-րդ փուլին:

Հարկ է նշել, որ վերջին օրերին երկրում կորոնավիրուսով վարակվածության և մահացության թվերը զգալիորեն նվազել են: Մայիսի 19-ին մահացողների թիվը կազմել է 59, որն ամենացածրն է վերջին 2 ամիսների ընթացքում: Այդուհանդերձ, կառավարությունը քաղաքացիներին հորդորում է պահպանել առավելագույն զգուշություն և խստագույնս հետևել արտակարգ դրության պահանջներին: Ըստ որոշ կանխատեսումների՝ չի բացառվում նաև աշնանը կամ ձմռանը վարակի նոր ալիքի ի հայտ գալը:


-Իսպանահայերի շրջանում  նույնպես կային վարակվածներ։  Հայտնի է արդյո՞ք  վարակված հայերի թիվը,  ինչպիսի՞ն է նրանց առողջական վիճակը։ Համագործակցել եք արդյո՞ք համայնքային կառույցների հետ։


 - Ցավոք, կորոնավիրուսի համավարակը  չշրջանցեց նաև իսպանահայությանը, սակայն, համաձայն Իսպանիայի տարբեր քաղաքներից՝ Մադրիդից, Բարսելոնայից, Վալենսիայից, Սեվիլյայից, Ալիկանտեից,այլ մեծ ու փոքր քաղաքներից ստացված տեղեկությունների, Իսպանիայում բնակվող մոտավորապես 20 հազար հայերից մինչ օրս  Covid 19-ով վարակվել են 20-ից 25-ը։ Մեծամասնությունն արդեն ապաքինվել է, մի քանի հոգի ինքնամեկուսացված են։ Ցավոք, ունենք մեկ երիտասարդ, ով գտնվում է կոմայի մեջ։ Բարեբախտաբար, մահացության դեպքեր այս պահին չկան։

Դեսպանությունը մշտական կապի մեջ է տարբեր քաղաքներում գործող հայկական կազմակերպությունների հետ և ամենօրյա խնդիրների շուրջ նրանց հետ խորհրդակցելու հետ մեկտեղ, բնականաբար, հետևում է  նաև հայաստանցիների առողջական վիճակին։ Օգտվելով առիթից, նշեմ, որ  դեսպանության համագործակցությունը Իսպանիայում գործող համայնքային կառույցների հետ չի սահմանափակվում միայն համավարակի  դեմ ուղղված համատեղ քայլեր ձեռնարկելով։ Իսպանահայ համայնքն այս ամիսների ընթացքում ապացուցեց, որ անգամ այս ճգնաժամային իրավիճակում  ի զորու է հայրենանվեր միջոցառումներ կազմակերպել, ճիշտ է համացանցով, ճիշտ է տներից, սակայն շատ արդյունավետ։ Նշենք միայն Հայոց ցեղասպանության 105- ամյակին և մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումները, որոնք ապացուցեցին, որ միասնական կամքի առկայության դեպքում բոլոր արգելքները հաղթահարելի են։


-Ի՞նչ օգնություն է ցույց տվել Հայաստանի դեսպանությունը Իսպանիայում  բնակվող ՀՀ քաղաքացիներին։ Կա՞ն հայեր, որ ցանկանում են մեկնել  Երեւան եւ արդյո՞ք արդեն նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն։


- Համաճարակի առաջին իսկ օրերից դեսպանությունը փորձել է կապ հաստատել Իսպանիայում մշտապես կամ ժամանակավորապես  բնակվող ՀՀ քաղաքացիների հետ, առաջին հերթին՝ Erasmus+ կամ այլ կրթական ծրագրերով, ազգականներին այցելելու կամ այլ նպատակներով Իսպանիայում գտնվող մեր հայրենակիցների հետ։  Դեսպանությունում գործող 24-ժամյա թեժ գծի, այլ հեռախոսահամարների, էլեկտրոնային փոստի տվյալները տեղադրվել են դեսպանության կայքում և ֆեյսբուքյան էջում։ ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ է արվել հաշվառվել դեսպանության հյուպատոսական բաժնում և բոլոր նրանք, ովքեր դիմել են մեզ, ցուցակագրվել են ու հաշվառվել։ Այս պահի դրությամբ դեսպանությունում հաշվառված ՀՀ քաղաքացիների թիվը կազմում է 126 հոգի։ Դեսպանության աշխատակիցները պարբերաբար կապ են հաստատում այդ քաղաքացիների հետ, հետաքրքրվում  նրանց առողջական և սոցիալական վիճակով, տեղեկացնում ցանկացողներին Հայաստան վերադառնալու հնարավորությունների մասին։ Ի դեպ, այս ամբողջ ընթացքում գործում է «Բելավիա» ավիաընկերության Բարսելոնա-Մինսկ-Երևան շաբաթական ավիաչվերթը և 80-ից ավելի հայաստանցիներ դեսպանության ուղղորդմամբ և աջակցությամբ կարողացել են այդ չվերթով վերադառնալ Երևան։ Այն օրերին, երբ դեռ չվերթներ էին իրականացվում  նաև Մադրիդից, եղել են դեպքեր, երբ Իսպանիայի այլ քաղաքներից Մադրիդ ժամանած ՀՀ քաղաքացիներին դեսպանության աշխատակիցները դիմավորել են օդանավակայանում, ամբողջ օրը հյուրընկալել դեսպանությունում  և ուշ երեկոյան ճանապարհել  Հայաստան։


- Եթե ամփոփելու լինենք վերջին երկու ամիսների համավարակի դեմ իսպանական պայքարի փորձը, ի՞նչը հատկապես  կարելի էր կիրառել ծանր վիճակում հայտնված այլ երկրներում։


-Այն միջոցառումները՝  կազմակերպչական, մասնագիտական և այլն, որոնք իրականացվում են Իսպանիայում  համավարակը հաղթահարելու ուղղությամբ, առանձնապես չեն տարբերվում այլ երկրներում, այդ թվում՝  Հայաստանում իրականացվող միջոցառումներից։ Սակայն կարծում եմ, որ իշխանությունների կողմից իրականացվող քայլերն այդքան արդյունավետ չէին լինի, եթե չլիներ քաղաքացիների կազմակերպվածությունը, նրանց պատրաստակամությունը՝ խստորեն հետևել առողջապահության նախարարության բոլոր հրահանգներին, ինչի շնորհիվ  էլ կորոնավիրուսի տարածվածության տեմպերն այսօրվա դրությամբ անհամեմատ նվազել են:

 

Հակոբ Ասատրյան

ՕՐԵՐ ամսագիր