Օրեր առաջ կյանքից հեռացած լիբանանահայ նշանավոր երգիչ Ադիս Հարմանդյանի հարազատներն առաջարկել են երգչի մահվան կապակցությամբ ծաղկեպսակի փոխարեն նվիրատվություն կատարել Լիբանանի «Թռչնոց բույն» հաստատությանը: «Թռչնոց բույնը» 1922 թվականին Լիբանանի Ջիբեյլ (Բիբլոս) քաղաքում դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի կողմից հիմնված որբանոց-վարժարան է, որտեղ ցեղասպանությունից հետո հանգրվանել են Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ որբերը. հաստատությունն այսօր էլ ծառայում է կարիքավոր երեխաների խնամքին ու կրթությանը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանավորության տակ գտնվող «Թռչնոց բույն» որբանոցի ամենահին շենքերից մեկում 2015 թվականի հուլիսի 18-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում, բացվել է Հայոց ցեղասպանության որբերի թանգարանը, որը նույնպես կրում է «Թռչնոց բույն» անվանումը։ Թանգարանի երեք բաժիններում ներկայացված են Հայոց ցեղասպանությանը, որբերի կյանքին և հայ ժողովրդի վերածննդին վերաբերող նկարներ, տեղեկություններ և իրեր: