image
Հրատապ լուրեր:

Նոր հրատարակություն. Լույս է տեսել «Պատմական Տայք. Պատմություն, մշակույթ, դավանանք» հատորը

Նոր հրատարակություն. Լույս է տեսել  «Պատմական Տայք. Պատմություն, մշակույթ, դավանանք» հատորը

Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել 2016 թ. հունիսի 22-24-ը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցած «Պատմական Տայք. Պատմություն, մշակույթ, դավանանք» խորագրով միջազգային գիտաժողովի զեկուցումների ժողովածուն:  

Ժողովածուում ընդգրկված են Մեծ Հայքի Տայք նահանգին նվիրված առաջին միջազգային գիտաժողովի նյութերը, որոնք լուսաբանում են երկրամասի պատմության, դավանանքի, արվեստի ու մշակույթի մի շարք կարևոր հարցեր: Ուսումնասիրությունները ներկայացնում են պատմական Տայքը հնագույն շրջանից մինչև նոր ժամանակները: Գիտական հոդվածներում բազմակողմանի անդրադարձեր կան նահանգի ճարտարապետական, որմնանկարչական և քանդակագործական հուշարձաններին, ձեռագրագիտական նյութին:

Հոդվածների ժողովածուի պատասխանատու խմբագիրներն են արվեստագ․ թեկնածու, դոցենտ Զարուհի Հակոբյանը, արվեստագ․ դոկտոր, դոցենտ Նազենի Ղարիբյանը և արվեստաբան Արփինե Ասրյանը։ Ժողովածուում տեղ գտած ռուսերեն հոդվածների խմբագիրն է Հասմիկ Շաթիրյանը, անգլերեն հոդվածներինը՝ Աննա Հաջի-Հակոբյանը։